ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՏԱՆՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՏԱՆՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ

Անահիտ Փիլոսյան, «Տարեգիր»

«Պատիժներն այնքան են խստացրել` որ գյուղը մտնում ես՝ բնակչության 60%-ը ապօրինի անտառհատման համար դատվածություն ունի: Ով մի հատ չորուկ է քաշ տվել, բերել-վառել է, դրա համար դատում են, իսկ այն մարդկանց, ովքեր մեծ վնաս են պատճառում, դրանք չեն պատժվում: Ամբողջ պատիժն ընկնում է խեղճուկրակ գյուղացու վրա: Ոչ մի գյուղացի չի գնա առողջ ծառ կտրի, որովհետեւ իրենց գիտակցության մեջ նստած է, որ էն ճյուղի վրա որ նստած ես, չպետք է կտրես»,- ասում է «Հայաստանի անտառներ» հկ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:
  
Ապօրինի եւ օրինականության քողի տակ արվող ծառահատումների մասին խոսակցություններն տարիներ շարունակ չեն դադարում: Անընդհատ մամուլի հրապարակումներ են լինում, բնապահպաններն են անընդհատ ահազանգում հատումների մասին, բայց պաշտոնական աղբյուրներն էլ, հաճախ չթաքցնելով, որ այդպիսի դեպքեր կան, հայտարարում են, որ դժգոհողները խնդիրը չափազանցնում են կամ պոպուլիզմով են զբաղվում:
  
«Հայանտառում» չեն ժխտում, որ ապօրինի հատումներ կատարվում են, բայց ասում են, որ դրանք խիստ պակասել են: «Ոչ մեկը չի կարող ասել, որ ապօրինի հատումներ չեն լինում, դրանք կլինեն նաեւ 10-20 տարի հետո, բայց տենդենցը նվազման է գնում»,-հավաստիացնում է «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Պաշտոնական վիճակագրությունը եւս ապօրինի հատումների նվազման մասին է խոսում: Ըստ «Հայանտառի» տվյալների, 2003թ. ապօրինի հատվել է 42236 ծառ, 2004թ.`32766-ը, 2005թ.` 21703, 2006թ.` 5784, 2007թ.` 4503. 2008թ.` 2080: Ապօրինի անտառահատումների նվազման փաստը չի ժխտում նաեւ Նազելի Վարդանյանը: «Հայաստանի անտառների» հկ-ի նախագահը եւս փաստում է, որ ապօրինի հատումները էականորեն նվազել են, բայց նկատում է նաեւ, որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ իրականությունը ավելի մեղմ թվերով է ներկայացնում: Օրինակ` 2003թ., հկ-ի ուսումնասիրություններով, որը հետագայում նաեւ անկախ փորձագետներն են հաստատել, հատվել է ոչ թե 300-400հազ խմ, ինչպես ներկայացվում էր պաշտոնապես, այլ 1մլն խմ: Նազելի Վարդանյանը հատումների նվազումը պայմանավորում է նաեւ նրանով, որ կտրելու առանձնապես բան չի մնացել, մատչելի տարածքները հատված են, իսկ այնտեղ, որտեղ ծառաշատ է, դժվար է հասնել: Հաճախ շահարկվում է այն փաստը, որ ապօրինի հատումները հենց կատարվում են սանիտարական, խնամքի, լուսավորության, նոսրացման կամ այլ հատումների անվան տակ, եւ եթե նախկինում` էներգետիկ ճգնաժամի տարիներին, բնակչությունը ծառը կտրում էր տաքանալու համար, հիմա դրանք արտադրական նպատակով են հատվում:
  
Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին առնվազն 10 տարիների ընթացքում այդ միտումը կա: ««Սանիտարական հատումներ իրականում գոյություն չունեն, իրականում հատվում են նորմալ, առողջ ծառեր: Ես նախկինում եղել եմ եւ տեսել, որ որոշ բնապահպաններ շատ հաճախ են աղմուկ բարձրացրել, բայց այսօրվա մեր իշխանությունների հետ խոսելը նույնն է, ինչ պատի: Հիմա ընդհանրապես սանիտարական հատում առհասարակ չարժե անել կամ կարելի է անել շատ քիչ»:
  
Այն, որ արտադրական նպատակով հատումներ շատ հաճախ արվում են նաեւ հենց օրինական հատումների անվան տակ, հաստատում է նաեւ Նազելի Վարդանյանը: «Այսօր մենք այնպիսի փաստի առաջ ենք կանգնել, որ մի մասը, ովքեր ունեն իշխանություն եւ հնարավորություն, վերցնում են հատատեղ սանիտարական հատում անելու, սակայն հատվում է ոչ այն ծառը, որը պիտի հատվի: Այսինքն` որակյալ ծառը հատվում է, իսկ չոր, հիվանդ ծառը մնում է եւ թույլտվության քողարկման տակ հատվում է ավելի մեծ քանակություն: Բոլոր դեպքերում անտառին մեծ վնաս է տրվում»,- նկատում է նա: Գլխավոր անտառապետը այս դեպքում եւս խիստ ժխտողական դիրքերից հանդես չի գալիս, ասում է` կարող են դեպքեր լինել, որ սխալ ծառեր կտրվեն, բայց ընդհանուր առմամբ հիմա վիճակը շատ ավելի լավ է, քան նախկինում, եւ բացի այդ, միայն թերացումներն է կարծես, որ դժգոհողները տեսնում են. «Ոմանց շահավետ չէ տեսնել, որ նաեւ լավ գործ է արվում»:
  
Նշենք, որ անտառտնկումները թվային տեսքով հետեւյալ դինամիկան են ունեցել` 2000թ. տնկվել է 217հա, 2001թ. 246հա, 2002թ եւ 2003թ.` 212հա, 2004թ.` 378 հա, 2005թ. 378հա եւ այլն:
  
Սանիտարական կամ այլ հատումների անսխալականության մասին չի խոսում նաեւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը եւ նշում, որ «Հայանտառի» անտառտնտեսությունները 3-4%-ով են ընդամենը մասնագետներով ապահովված: «Էն, որ անտառագիտական տեսանկյունից, հատումը հեռու է իդեալական լինելուց, դա որեւէ մեկը չի կարող թաքցնել, բայց դա համատարած երեւույթ չէ, դա օրինաչափություն չէ եւ չի խրախուսվում»,- վստահեցնում է Մարտուն Մաթեւոսյանը: Այս դեպքում կարծես թե բնապահպանական հկ-ի նախագահ Նազելի Վարդանյանի եւ պաշտոնական կողմի տեսակետները համընկնում են: Նազելի Վարդանյանն ընդունում է, որ «Հայանտառն» իսկապես ունի մասնագետների, տեխնիկայի, ֆինանսների, կառուցվածքային փոփոխության խնդիր: Նա, օրինակ, գտնում է, որ «Հայանտառը» ոչ թե պետք է գյուղատնտեսության նախարարության կազմում լինի, այլ անկախ կառույց: Իսկ ինչ վերաբերում է ապօրինի հատումներին, ապա հաճախ, տիկին Վարդանյանի խոսքով, «Հայանտառը» ցանկության դեպքում էլ չի կարող դրանց դեմն առնել: «Կարող է լինել նախարարի կամ ավելի բարձր` գեներալի պետք լինի հատում` ասենք բանակի անվան տակ:

Տարբեր դեպքեր կարող են լինել, որ նույնիսկ «Հայանտառն» էլ չի կարող դիմադրել: Մենք գիտենք այդ փաստերը»,- նշում է նա: Մի կողմ թողնելով ապօրինի հատումների խնդիրը, անդրադառնանք հենց օրինական հատումներին. որքանով են դրանք արդարացված: Ըստ «Հայանտառի» պաշտոնական տվյալների, 2000թ. թույլատրվել է հատել 68 .440 խմ, 2001թ.-58.185, 2002թ. 66.259. 2003թ. 71.458, 2004թ. 74.588 խմ: «Հայանտառը» պնդում է, որ հատումները հիմնավորված են, իրենք առաջնորդվում են կամ անտառկառավարման պլաններով կամ ուսումնասիրություններով:

«Հատումներ արտադրական նպատակով չեն արվում, այլ կատարվում են ի շահ անտառի, անտառի վիճակը բարելավելու, աճմանը նպաստելու, որակյալ ծառատեսակներ ունենալու համար: Անտառն առանց հատումների աբսուրդ է, չհասկացող մարդն է միայն էդպես ասում»,-գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի բացատրությունն է: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն էլ ավելացնում է, որ թե սանիտարական, խնամքի հատումներ չկատարեն, մի քանի տարի հետո անտառը խնդրի առջեւ է կանգնելու:

«Հայաստանի անտառների» ղեկավարը բոլորովին էլ համաձայն չէ այս տեսակետին եւ առաջարկում է այլ ճանապարհով գնալ` սկզբում պարզել ինչ ունենք, հետո որոշել ինչ անել: «Հատումները հիմնավորված չեն, որովհետեւ չունենք գույքագրում: Վերջին գույքագրումը եղել է 1991թ., դրանից հետո բազմաթիվ բաներ են փոխվել, քանի որ չունենք վերջին տվյալները, ինչ իմանանք, ինչ պիտի հատենք: Մենք էսօր անտառի ճակատագիր ենք որոշում` առանց իմանալու` ինչ ունենք»,-նշում է Նազելի Վարդանյանը: Նա ասում է, որ կառավարությանը բազմաթիվ անգամ առաջարկել է մի քանի տարով առհասարակ բոլոր տեսակի հատումները դադարեցնել՝ մինչեւ գույքագրումը կավարտվի, հատում չանելուց անտառը չի տուժի: Իսկ որ հիմա Հայաստանի անտառները վտանգված են, դրա մասին վկայում են փաստերը. «Կա այսպիսի ձեւակերպում, եթե անտառի լրիվությունը 3-ից ցածր է, անտառն ինքնավերականգման հատկանիշներ չունի, եթե ինքնավերականգման հատկանիշը անտառը կորցնում է, կորցնում ենք անտառը որպես էկոլոգիական համակարգ, էսօր մենք 3-ից ցածր լրիվություն ունենք»: Անտառի կորուստն էլ, մասնագետների կարծիքով, բերում է ոչ միան թթվածնի պակասի եւ օդի աղտոտվածության, այլ նաեւ անապատացման երեւույթների ակտիվացման:uptate fifa 2006

Ապրիլ 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր