ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎՐԱ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց Աշխարհ»

Հետաձգվեց բնապահպանության նախարարության նախատեսված քննարկումը՝ կապված Սեւանա լիճ լցվող գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակահարմարության հետ։ Նախարարությունում որոշել էին նախ մի ներքին քննարկում կազմակերպել եւ հետո միայն, ինչպես ասում են, «բացել խաղաքարտերը» լրագրողների առջեւ։
  
Ամեն դեպքում հայտնի է արդեն, թե խոսքն ինչի մասին է։ Մասնավոր ընկերությունները բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացրել Վարդենիս գետի վրա երկու փոքր ՀԷԿ, Այրք, Ավազան, Գետիկ (Գեղարքունիքի մարզ) գետերի վրա մեկական ՀԷԿ, ինչպես նաեւ այլ մարզերում, Դեբեդ եւ Արփա գետերի վրա մեկական ՀԷԿ կառուցելու նախագիծ։
  
Բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ նախարարությանն արդեն բացասական կարծիք են ներկայացրել հիշյալ նախագծի վերաբերյալ։ Խորհրդակցելով փորձագետների հետ, նկատի ունենալով նաեւ այն, որ Սեւանա լիճ լցվող նշված գետերում ձվադրում են ձկների արժեքավոր տեսակներ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն նույնպես բացասական կարծիք է հայտնել՝ այն հիմնավորմամբ, որ նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաեւ խոչընդոտում ձկների անցմանը, որոնք ձվադրման համար բարձրանում են դեպի գետի ակունք։

Այսօր Սեւանա լճում ձկնային պաշար գրեթե չկա, սիգի ջարդը տրված է, իշխանի եւ կողակի արդյունագործական պաշարներ վաղուց չկան։ Այս վիճակը բնապահպանության նախարարությունը պարզապես իրավունք չունի անտեսելու։ Եթե հիշյալ նախագիծը հաստատվի նաեւ Սեւանա լիճ լցվող գետերի մասով, ապա Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակները՝ իշխանի մնացորդները, կողակը եւ բեղլուն, ոչնչացման սպառնալիքի տակ կհայտնվեն նաեւ որպես կենսաբանական տեսակ։

Որքան էլ նշված գետերի վրա ձկնապաշտպան միջոցառումներ իրականացվեն՝ կառուցվեն ինչ-որ ավազաններ, աստիճաններ, որպեսզի ձվադրման գնացող ձկները չկարողանան վերեւ բարձրանալ եւ ընկնել ՀԷԿ-երի տուրբինների թիակների տակ, միեւնույն է, սպառնալիքը դրանից չի վերանում։ Պարզ է, որ ՀԷԿ-երը գետերի ակունքների վրա չեն կառուցվելու, մինչդեռ ձվադրող ձկները ձգտում են դեպի ակունք, եւ դժվար է ասել, թե կես ճանապարհից արհեստական խոչընդոտի հանդիպելով, կկարողանա՞ն կատարել իրենց առաքելությունը։

Վերը նշվածը, սակայն միակ վտանգը չէ, որ սպառնում է Սեւանա լճին։ Մենք քանիցս անդրադարձել ենք Սոթքի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկա կառուցելու «Գեո ՊրոՄայնինգ Գոլդ» օտարերկրյա մասնավոր ընկերության վտանգավոր մտահղացմանը։ Դրա կենսագործումը պարզապես անթույլատրելի է։ Թեեւ պետական համապատասխան պաշտոնյաներից ոմանք փորձում են բնապահպանական ՀԿ-ներին եւ հասարակությանը հանգստացնել, թե այդ կապակցությամբ չկա կառավարության թույլատրող որոշում, եւ որ դա ընդամենը ընկերության ցանկությունն է, միեւնույն է, փաստերը հուշում են, որ սկսվել է մի վտանգավոր գործընթաց։

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանի տեղեկացմամբ, այժմ իրենց ինստիտուտի մասնագետները հիդրոքիմիական աշխատանքներ են կատարում՝ պարզելու, թե Սոթքի տարածքում, եթե պոչամբար կառուցվի, վթարի դեպքում թունավոր թափոնները ստորգետնյա ջրերով կարո՞ղ են հասնել Սեւանա լիճ։

Նկատի ունենալով, որ Սոթքի տարածքում ոսկու կորզման ձեռնարկության եւ պոչամբարի կառուցումը հակասում է ՙՍեւանա լճի մասին՚ օրենքին, ինստիտուտը թեկուզ հիշյալ ընկերության պատվերով ու ֆինանսավորմամբ դժվար թե նման ուսումնասիրություն հանձն առներ ու կատարեր։ Այս փաստը տեղիք է տալիս ենթադրելու, որ այդ ուսումնասիրությունը կատարելու համար եղել է գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց խնդրանքը կամ ցուցումը։
  
Շատերը հավանաբար կհիշեն, որ 1985-86թթ© սիգը զանգվածաբար սատկեց, ընդհանրապես Սեւանա լճում ձուկը փորով վերեւ էր բարձրանում, ձուկը փոխվել, նիհարել էր, համն էլ էր փոխվել։ Այդ կապակցությամբ «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն ԳԱԳԻԿ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ կատարեց մի կարեւոր բացահայտում.
  
-Գիտե՞ք ինչն էր դրա պատճառը, հիմա արդեն կարելի է ասել. Զոդի հանքավայրում հետախուզման ժամանակ ուղղահայաց եւ հորիզոնական հանքախորշերից հանված հողաշեղջի մի մեծ կտոր պոկվել, ընկել էր Սեւանա լիճ լցվող Մասրիկ գետի մեջ։ Ծանր մետաղներով թունավորումը մեծ Սեւանից սկսվեց, որովհետեւ այնտեղ ծանծաղ է, եւ փոքր Սեւանով ավարտվեց։ Երկու տարի տեւեց, հետո լիճը մի կերպ կարողացավ ինքնամաքրվել։ Այդ բանը ես տեսել եմ, այն ժամանակ այնտեղ էի աշխատում, եւ չեմ ուզում, որ նորից տեսնենք։

Նկատի ունենանք, որ լճի ինքնամաքրումը միայն կենսաքիմիական ճանապարհով չի եղել։ Գետերը լցվել են լիճ, Սեւանի ջուրը Հրազդանով գնացել է ոռոգման, այսինքն՝ այդ երկու տարվա ընթացքում ծանր մետաղների՝ այդ թունավոր նյութերի պարունակությունը լճում նոսրացել է։ Ձուկը վերագտել է իր կենսագոյության միջավայրը, սակայն ծանր մետաղներ պարունակող ջրով այս կամ այն չափով «սնուցվել» են Արարատյան դաշտի հողերը։
  
Եթե հանքամշակումից, փորվածքից հանված հողաշեղջի հայտնվելը գետում նման աղետալի հետեւանք է ունեցել, ապա թերեւս ավելորդ է բացատրել, թե ինչ հետեւանքներ կլինեն Սոթքի տարածքում անհամեմատ ավելի մեծաքանակ ու վտանգավոր թունավոր նյութեր պարունակող պոչամբարի չբացառված վթարի դեպքում։ Հետեւաբար նաեւ սա նկատի ունենալով, Սեւանա լճի ջրահավաք ավազանում, ինչպես նաեւ Հրազդան գետի մոտ չպետք է թույլատրել ոսկու արդյունահանման ձեռնարկության կառուցում։

Հուլիս 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր