ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ. Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳ

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ. Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Թեղուտի պաշտպանության` SOS Թեղուտի ակտիվիստներին մարզային հասարակական կազմակերպությունները մեղադրում են ծայրահեղականության մեջ: Լոռու մարզի մի քանի կազմակերպություններ տարածել են հաղորդագրություն, որում իրենց զայրույթն են արտահայտում Թեղուտի պաշտպանների գործողությունների եւ մասնավորապես վերջին ստորագրահավաքի վերաբերյալ: Իրենց հերթին էլ Թեղուտի մայրաքաղաքային պաշտպանները մարզային պաշպաններին համարում են կաշառված Թեղուտի հանքի սեփականատեր ACP ընկերության կողմից:

Տարածած հաղորդագրության տակ ստորագրել էին «Ալավերդու երիտասարդական միությունը», «Շնողի և Թեղուտի երիտասարդական կազմակերպությունը», Վանաձորի «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» երիտասարդական հասարակական կազմակերպություն, Վանաձորի «Երիտասարդության ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Հանուն Լոռու մարզի երիտասարդության» կամավորականների միությունը: Չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական ուժ չուներ, այդուհանդերձ, մարզային հկ-ները որոշել էին դրան անդրադառնալ: «Այդ ակցիան որոշակի աղմուկ առաջացրեց` հարուցելով մեր` Լոռու մարզի երիտասարդներիս վրդովմունքը: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի հետ իր ապագա բարեկեցության հույսը կապում է մի ողջ մարզի ազգաբնակչություն: Իսկ ծրագրի իրականացման տնտեսական չափումների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տնտեսական հետեւանքներ ծրագրի իրականացումը կունենա ամբողջ Հայաստանի համար: Ծրագրի իրականացման անհրաժեշտությունն առավել ակնառու է դառնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ խիստ կարևեւր է նոր ստեղծվող յուրաքանչյուր աշխատատեղ:

Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված տարածաշրջանին տնտեսական վերակենդանացում խոստացող ծրագրի դադարեցման ձեր պահանջը մենք` Լոռու երիտասարդներս, ընկալում ենք որպես անողոք թշնամական ագրեսիա մեր եւ մեր երեխաների ապագայի նկատմամբ»,-հայտարարության մեջ դժգոհել էին վերոհիշյալ կազմակերպությունները: Նրանք պնդում են, որ Թեղուտի պաշտպանները իրականում չեն հետաքրքրվում Թեղուտով, իրենց կազմակերպած բնապահպանական միջոցառումներին, քննարկումներին էլ չեն մասնակցում: Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է համապատասպանում իրականությանը հայտարարությունը: Մարիամ Սուխուդյանն ասաց, որ իրենք նման կազմակերպությունների մասին առհասարակ չեն լսել, նույնիսկ կասկածում են, որ այդպիսի կազմակերպություններ գոյություն ունեն: «Եթե  չգիտենք մենք` ով են իրենք, ինչպե՞ս կարող ենք ստանալ քննարկումների հրավեր: Բնականաբար դա ACP-ի կողմից արված քայլ է: Երեք-չորս ամիս առաջ ես իմացա, որ Լոռվա մարզում ACP-ն մեծ գումարներ է ներդնում, որպեսզի ստեղծի հասարակական կազմակերպություններ կամ եղածն ակտիվացնի, կոնկրետ նաեւ բնապահպանական ոլորտը, որովհետեւ ավելի ծանրակշիռ կլինի, եթե մի բնապահպանական հկ ասի, որ դա թույլատրելի է, այսինքն` մեծ փողեր են դրա համար գնում: Այդ պատճառով,  երբ կարդացի այդ հայտարարությունը, չզարմացա,  ոչ էլ վրդովեցի, որովհետեւ գիտեի` ում ձեռագիրն է»,-երեկ «Հայքին» փոխանցեց Թեղուտի պաշտպանը: «Հանուն Լոռու մարզի երիտասարդության» կամավորականների միության անդամ Արտյոմ Նահապետյանը  մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց այդ տեղեկությունը եւ ասաց, որ իրենք պարզապես մտածում են իրենց մարզի մասին: «Չեք պատկերացնի, թե ես ինչքան ուրախ կլինեմ, որ մեր կազմակերպությանը թեկուզ մեկ օրով աջակցի ACP ընկերությունը, ես կբարձրաձայնեմ: Դուք կարող եք ուսումնասիրել եւ տեսնել` արդյո՞ք այդ կազմակերպությունները կապ ունեն ACP-ի հետ, թե` ոչ»,-վստահեցրեց Արտյոմ Նահապետյանը: Ի դեպ, հայտարարության մեջ անուղղակի կերպով հեղինակները մայրաքաղաքային բնապահպաններին մեղադրել են նաեւ դրամաշնորհների հաշվին լրտեսություն անելու մեջ եւ խորհուրդ տվել ծայրահեղությունների չհասնել. «Հարկ է գիտակցել, որ գիտական հիմնավորում չունեցող, զգացմունքային ծայրահեղական հայտարարություններով դուք կարող եք վարկաբեկել բնապահպանության վեհ գաղափարն ընդհանրապես, ինչից կարող են չարամտորեն օգտվել տարբեր ոչ բարեխիղճ տնտեսվարողներ»:

Թեղուտի պաշտպաններից Մարիամ Սուխուդյանն էլ մեկ այլ «խորհուրդ» մարզային հկ-ներին տվեց. «Եթե կան Լոռվա այդ երիտասարդները, կուզեի ասել` գործիք մի’ եղեք, գործիք լինելը վատ բան չի, եթե լավ նպատակի համար է ծառայում»: Արտյոմ Նահապետյանին հարցրինք, թե ո՞ր փաստարկներն են մարզային հկ-ներին անհիմն թվում: Արտյոմ Նահապետյանը թվեց`օրինակ այն, որ Թեղուտում արջեր կան,  Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ: Հարցին, թե ինչո՞վ է նա վստահ, որ Թեղուտում իսկապես վտանգված եւ էնդեմիկ ծառատեսակներ չկան, Արտյոմ Նահապետյանը պատասխանեց, որ ինքը հետաքրքրվել է մարզային կառույցներից, գյուղացիներից եւ այն կազմակերպությունից, որը ACP-ի պատվերով կատարել է Թեղուտի նախագծային հաշվարկները: Թե որքանով են վստահելի այդ աղբյուրները, հարցի մեկ այլ կողմն է: «Ես կրկնում եմ, որ այդ կազմակերպության հեղինակության վրա չեմ կասկածում, ինքը հաստատ ֆինանսական եկամուտից անկախ իր հեղինակության հետ չէր խաղա»,-վստահ է լոռեցի բնապահպանը:

Թեղուտի պաշպանության խմբի փաստարկները եւս պոչամբարի եւ հատումների վերաբերյալ, Արտյոմ Նահապետյանը համարում է անտեղի: Պոչամբարի հարցում մարզային հկ-ի ներկայացուցչին ընկերությունում վստահեցրել են, որ հնարավոր է այնպիսի պոչամբար կառուցել, որը ստորերկրյա ջրերին չեն վնասվի: «Իրենք նույնիսկ տեղեկացված չեն էն թվերից, որոնց հիման վրա  պայմանագիրը կնքվել է: Պետք է հատվի 357 հա անտառ 60 տարվա ընթացքում, բայց ինքը նաեւ կրկնակին պետք է վերականգի: Նրանք չեն էլ հետաքրքրվում»,- դժգոհեց Արտյոմ Նահապետյանը:

Լոռվա հկ-ները, բողոքելով հանդերձ, համագործակցության ձեռք են մեկնում մայրաքաղաքային բնապահպաններին եւ պնդում են, որ իրենց նպատակը ծայրահեղություններից զերծ մնալն է եւ եղած եռանդը ճիշտ օգտագործելը: «Առանց բնապահպանական խնդիր առաջացնելու նույնիսկ  էլիտար շենք չեն կառուցում, ուղղակի խնդիրն այն է, որ աղետային մասշտաբի չեն, յուրաքանչյուր նվաճում պահանջում է զոհողություններ: Բնապահպանական ինչ-որ վնասներ լինելու են, բայց աղետային չեն լինելու, եւ դրանք կոմպեսացվելու են ինչ-որ չափով»,-դարձյալ վստահեցրեց Արտյոմ Նահապետյանը: Մեր այն դիտարկմանն էլ, թե նույն ACP-ն խոստացավ Ալավերդու պղձնամոիլբդենային կոմբինատում ֆիլտր տեղադրել, սակայն խոստումը չկատարեց, նա պատասխանեց, թե ինքը զրուցել է ACP-ի ղեկավարության հետ, եւ իրեն ասել են, որ գործարանի այս եկամուտների պայմաններում չեն կարող ֆիլտր գնել, այ երբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործեն, հնարավորություն կունենան արտանետումները նվազեցնելու:

Հուլիս 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր