

Անահիտ Փիլոսյան, «Հայք»
Միեւնույն հարցման վերաբերյալ բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն իրար հակասող տեղեկատվություն են տրամադրում: Փաստաթղթային այս հակասության պատճառը կամ անփությունն է, կամ, ավելի հավանական է, որ նախարարությունները թաքցնելու լուրջ բաներ ունեն:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի համարում «Ի՞նչ են ռուսները փնտրում Վայքի սարերում» վերտառությամբ հոդվածում գրել էինք Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի հանքավայրի մասին: Ինչպես նշված էր հոդվածում, իրավասու նախարարությունները հրաժարվեցին մանրամասն տեղեկություններ տրամադրել հանքավայրի եւ այնտեղ ընթացող աշխատանքների մասին եւ խոստացան ամբողջական տեղեկատվութնուն տրամադրել գրավոր հարցման դեպքում: Մեր ուղարկած գրավոր հարցումներին եւս, սակայն, լիարժեք պատասխաններ չտրվեցին:
Նշենք, որ երկու նախարարություններն էլ չպատասխանեցին հարցմանը հինգօրյա ժամկետում, որը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով եւ ոչ էլ գրավոր պատասխանեցին, որ անհրաժեշտ է երեսունօրյա ժամկետ, ինչը դարձյալ պահանջվում է օրենքով: Դա, այնուամենայնիվ, ամենահետաքրքիր չէ հարցման դեպքում: Երկու նախարարությունները տարբեր պատասխաններ են տվել հանքավայրի սեփականատիրոջ վերաբերյալ: Մենք հարցրել էինք, թե Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքին հարակից` Ազատեկ գյուղի վարչական տարածքում, ինչ հանքավայր կա եւ ով է սեփականատերը: Բնապահպանության նախարարությունը պատասխանել է, որ ոսկի-բազմամետաղ հանքավայրի շահագործման իրավունքը «Արմենիակ» ՍՊԸ-ին է տրված, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գրել էր, որ լիցենզիան տրված է «Ազատեկգոլգ. ՓԲԸ-ին 2005թ.՝ 25 տարի ժամկետով: Ընդ որում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել էր, որ հանքավայրը գտնվում է Վայք քաղաքի վարչական տարածքում, իսկ Վայքի փոխքաղաքապետ Բաբա Բաբայանը «Հայքին» այս հարցի առնչությամբ ասել էր, որ հանքավայրը Ազատեկ գյուղի վարչական տարածքում է: Բնապահպանության նախարարությունը եւս չի նշել, որ հանքավայրը Վայք քաղաքի վարչական տարածքում է:
Եթե անգամ մեր նշած հանքավայրը Վայքի վարչական տարածքում չէ, այլ Ազատեկի, դրանից նախարարությունների ստեղծած խառանշփոթը չի վերջանում, որովհետեւ, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` հունիսի 29-ի պատասխանի, Ազատեկ գյուղի վարչական տարածքում ուսումնաիրության լիցենզիաներ չեն տրամադրվել: Այնպես, որ բոլոր դեպքերում ստացվում է, որը խոսքը նույն հանքավայրի մասին է, հատկապես որ հարցման մեջ հանքավայրի դիրքը նկարագրված էր: Ի դեպ, նույն էներգետիայի նախարարությունից հունիսի 16-ին բանավոր պատասխանեցին, որ Ազատեկ գյուղի վարչական տարածքում կա երեք հանքավայր, հիմա էլ ստացվում է, որ Ազատեկում հանքավայր չկա, իսկ մինչ նամակի տեղը հասնելը նախարարությունում պատճառաբանեցին, թե իրենք չունեն տվյալներ, թե որ համայնքում ինչ հանքավայր կա, իրենք կարող են նշել միայն մարզը, իսկ ավելի մանրամասն տեղեկությունների համար պետք է դիմել անշարժ գույքի պետական կադաստր:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը խնդրել էինք տրամադրել նաեւ ընկերությանը տրված արտոնագրի պատճեները: Նախարարությունը պատասխանել էր, որ ընկերության համաձայնության դեպքում կտրամադրվի նաեւ հանքային իրավունքները հավաստող փաստաթղթերի օրինակները: Մնում է միայն ենթադրել, թե երբ եւ ինչ պայմաններում ընկերությունը կտա իր համաձայնությունը, եւ բացի այդ հասկանալի չէ, թե ընկերության տրված արտոնագիրը ինչու է համարվում գաղտնի փաստաթուղթ եւ առանց ընկերության թույլատվության հնարավոր չէ այն հրապարակայնացնել: Թե ներկայումս այնտեղ ինչ աշխատանքներ են կատարվում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւս հնարավոր չեղավ պարզել:
Բնապահպանության նախարարությունը նույնպես ոչ լիարժեք պատասխան էր ուղարկել, իսկ ավելի ճիշտ վեց հարցից պատասխանել էր մեկին, մյուսների համար խորհուրդ էին տվել դիմել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Եթե օրինակ «Երբ է ընկերությանը տրվել հանքի շահագործման արտոնագիր» հարցի դեպքում հասկանալի է բնապահպանության նախարարության պատասխանը, որովհետեւ բնական պաշարներն իրենը չեն այլեւս, թեեւ ինֆորմացիա ինքն էլ է ունենում, ապա անհասկանալի է, թե ինչու բնապահպանության նախարարությունը չի պատասխանում այն հարցին, թե տարեկան ինչքան բնօգտագործման վճար է մուծում ընկերությունը:
Բնապահպանության նախարարությունն ուղարկել էր հանքի բնապահպանական փորձաքննության եզրակացության պատճեն, սակայն մեր գլխավոր հուզող հարցին պատասխան չէր տրվել, իսկ հարցը սա էր. «Բնապահպանական դրական եզրակացություն տալիս արդյո՞ք հաշվի են առնվել բոլոր ռիսկերը, մասնավորապես ուրանի պաշարների առկայությունը»: Ի դեպ, որ Հայաստանում, կարելի է ասել, հնարավոր չէ գտնել անկախ մասնագետի, որը կխոսի ուրանի թեմայով: Համենայնդեպս, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտում եւ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում մեզ չի հաջողվել (ուրանի թեմային այլ անդրադարձների ժամանակ, օրինակ`երբ ստեղծվում էր հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը Սյունիքի մարզում որոնողական հետախուզական աշխատանքներով պիտի զբաղվեր) գտնել մեկին, ով կհամաձայնի խոսել: Բոլորի պատճառաբանությունն այն է, որ իրենք ուրանի մասնագետ չեն, որ խորհրդայիին տարիներին Գրոմովյան արշավախումբը ուսումնասիրություններ կատարեց, բայց քանի որ Հայաստանը ենթարկվում էր Մոսկվային, ուսումնասիրությունների արդյունքներն իրենց հետ տարան Ռուսաստան` հայ երկրաբաններին թողնելով անտեղյակության մեջ:
Միակ մասնագետն, ում մատնացույց են անում, Սերգեյ Գրիգորյանն է, նա էլ, ցավոք սրտի, օբյեկտիվորեն չի կարող անկախ մասնագետ լինել, քանի որ ներգրավված է «Հայ-ռուսական հանքային ընկերությունում» որպես մասնագետ: Ազատեկի հանքավայրը, ճիշտ է, անմիջանակորեն չի առնչվում վերոհիշյալ ընկերության, սակայն հասկանալի է, որ ուրանի մասին որեւէ խոսակցությունն այստեղ անիմաստ է:
Հուլիս 23, 2009
