

«ԷկոԼուր»
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ սկսված քրեական գործընթացը վրդովմունք է առաջացրել լայն հասարակայնության շրջանակներում:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` սուտ մատնություն:
Իրական մեղավորներին պաժելու և Մարիամին ուղղված մեղադրանքը հետ կանչելու կոչով հանդես են եկել տարբեր հասարակական կազմակերպություններ, արհեսակցական միավորումներ, մարդկանց առանձին խմբեր, որոնց միավորել է հասարակական դիրքից արտահայտվելու իրավունքը պաշտպանելու ցանկությունը` ի դեմս Մարիամ Սուխուդյանի:
Հասարակական ակտիվիստի պաշտպանության շարժումն ուժեղանում է հատկապես իրավապահ մարմինների պաշտոնական ռեակցիայից հետո, որոնք հրապարակայնորեն մեղադրեցին Մարիամ Սուխուդյանին դեռևս նախնական քննության փուլում: Ստորև ներկայացնում ենք տարբեր կազմակերպությունների հայտարարությունները, որոնք ուղղված են իրավական կամայականությունների դեմ:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԻ ԱՉԱԼՈՒՐՋ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ արվեստագետների նամակը` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՄԱԿ-ի իրավունքների պաշտպանին, Եվրոխորհրդի և Եվրոմիության ներկայացուցիչներին
Մենք` ՀՀ մի խումբ արվեստագետներս մեր խորին հիասթափությունն ենք հայտնում երկրում տիրող բարձիթողի ու անօրեն վիճակի մասին, որտեղ քրեական գործեր են հարուցվում անմեղ մարդկանց նկատմամբ:
Հերթական զոհը`ՀՀ քաղաքացի «S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյան է, որի նկատմաբ հարուցված մեղադրանքը, համարում ենք`անհիմն:
Մարիամ Սուխուդյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգքրի 333-րդ հոդվածի առաջին մասով, այն է` սուտ Ըստ Էրեբունու քննչական բաժնի, 2008 թվականի նոյեմբերին Մարիամ Սուխուդյանը «շահադիտական դրդումներով սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին, թե Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել», որի պատիժն է 3ից 5 տարի ազատազրկում։
Մենք մտահոգված ենք մեր երկրի քաղաքացիների ճակատագրով, և հայտարարում ենք, որ այսօր վտանգված է յուրքանչյուրիս անվտանգությունը: Անօգնական երեխաներին սատարելու եւ նրանց բողոքի ձայնը բարձրացնելու համար Մարիամ Սուխուդյանը այսօր հայտնվել մեղադրյալի աթոռին: Վաղը նույն աթոռին կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, ով կհամարձակվի բարձրաձայնել ճշմարտությունը:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև իրավապահ մարմինների ոչ արհեստավարժ, անտարբեր աշխատանքի մասին: Նման աղմկահարույց գործերը ընթանում են մի շարք կոպիտ սխալներով, որոնց մասին բազմիցս հայտարարել են Սուխուդյանի փաստաբանը:
Մենք` ներքո ստորագրողներս պահանջում ենք վերոհիշյալ գործի աչալուրջ հետաքննություն: Իրենց պատիժը պետք է ստանան իրական մեղավորները:
Նանոր Պետրոսյան
Հասմիկ Սիմոնյան
Անահիտ Հայրապետյան
Գագիկ Ղազարե
Վահրամ Ակիմյան
Լուսինե Միրզոյան
Տիգրան Խաչատրյան
Մարիաննա Վարդանյան
Միքայել Մկրտչյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:
Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:
Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ:
Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս,
-պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ
-կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին
-դիմում ենք միջազգային կազմակերպություններին` խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ:
Հելսինկյան Ասոցիացիա
Սոցիոսկոպ
«Ասպարեզ» լրագրողական ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Վերնատուն-քաղբանտարկյալների կանայք
Հանրային իրազեկման և գիտելիք կենտրոն
Ժողովրդավարությունն Այսօր
Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի օգոստասի 15-ին մեր խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու մեջ: Մենք` Մարիամ Սուխուդյանի ընկերները, կարծում ենք, որ գործով օբյեկտիվ և արդարացի քննություն չի կատարվում: Դրա համար ունենք հետևյալ հիմքերը:
1. 2008 թվականի նոյեմբերին Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով եթեր է հեռարձակվել երկու տեսանյութ, որոնց մեջ թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտուհիները հայտնել են նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցչի կողմից իրենց նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: Հետագայում, Էրեբունու ոստիկանությունում ցուցմունքներ տալու ժամանակ, աղջիկներից մեկը հրաժարվել է իր իսկ հաղորդած տեղեկություններից: Սակայն նախաքննության մարմինը որևէ գնահատական չի տվել երկրորդ աշակերտուհու հայտարարությանը, որը հաստատում էր սեռական ոտնձգության մասին տեղեկությունը:
2. Խախտվել են քրեական գործ հարուցելու համար օրենքով սահմանված ժամկետները (3 ամիս – 10 օրվա փոխարեն):
3. Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ տեսանյութերի հեղինակը` «Հայլուր»-ի լրագրող Սյուզան Սիմոնյանը, դրանք պատրաստել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե Մարիամ Սուխուդյանի առաջարկով:
4. Մարիամ Սուխուդյանը լրագրողի` Սյուզան Սիմոնյանի խնդրանքով և պնդմամբ է նրան տրամադրել առաջին աշակերտուհու հարցազրույցի տեսաձայնագրումը, որը կատարվել է ոչ միայն Մարիամի, այլև մեր խմբի մյուս անդամների, ինչպես նաև «Հետք» թերթի լրագրող Լենա Նազարյանի մասնակցությամբ:
5. Մեղադրանքի հիմքում դրված է Մարիամ Սուխուդյանի շահադիտական դրդումը, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մարիամ Սուխուդյանը հանդիսանում էր թիվ 11 հատուկ դպրոցում իրականացվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրի կատարման պատասխանատուն և որպես այդպիսին հաշվետու էր ֆինանսավորող կազմակերպությանը` ՄԱԿ-ին, վերջինիս հաստատված միջոցառումների իրականացման, այդ նպատակով գումարի ծախսման համար, ինչը և կատարել է ժամանակին և պատշաճ կերպով: Մինչդեռ դպրոցի տնօրենը խոչընդոտել է ծրագրի ընթացքին, հրաժարվել է ծրագրով նախատեսված գումարները նույնիսկ մաս-մաս տրամադրել կամավորներին:
Կարծում ենք, որ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն արհեստական է, և որ նրա դեմ իրականացվող քրեական հետապնդման բուն նպատակը մեր խմբի հասրակական ակտիվությունը ճնշելն է:
«Թեղուտի պաշտպանության խումբ»
www.mariamsukhudyan.info
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ հասրակական կազմակերպություններս,
դատապարտում ենք`
երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ կիրառվող իրավական կամայականությունը.
գնահատում ենք`
Մարիամի դեմ սանձազերծվածը որպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց լռեցնելու փորձ, որը վերջերս դրսևորվում է քրեական հետապնդումների ձևով: Այդ շարքում են ընտրակեղծիքների դեմ բողոքող դիտորդի և հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդի ձերբակալությունը, քաղաքական այլախոհություն պաշտպանել հանդգնող փաստաբաններին ներկայցվող մեղադրանքները և ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրռվող հետապնդումները.
համոզված ենք,
որ երկրում տիրող ապօրինությունների վերաբերյալ ահազանգ հնչեցնող, իրենց և այլոց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն իրականացնելուն և պաշտպանելուն պատրաստ անձանց նկատմամբ շինծու քրեական մեղադրանք հարուցելը բնորոշ է միմիայն բռնաիրական ռեժիմներին: Հայաստանի իշխանությունների գործելակերպը նպաստում է ոչ թե ժողովրդավար երկրի գիտակից և արժանապատիվ քաղաքացիների, այլ ստրուկի հոգեբանությամբ անդեմ արարածների ձևավորմանը,
պահանջում ենք`
• անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ծավալված հետապնդումները
• ապահովել քննության անկողմնակալություն և պատասխանատվության ենթարկել իրական հանցագործներին
• վերջ դնել մեր երկրում այլախոհների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներին:
1. «Զարթոնք-89» ՀԿ
2. «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
3. «Էկոդար» ՀԿ
4. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ
5. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
6. «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
7. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
8. «Հայ կամավորականների համախմբում» շարժում
9. «Համաշխարհային անկախ երիտասարդների միվորում» կազակերպություն
10.«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
11.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ
12.«Հույս» ՀԿ
13.«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ
14.«Միջնաբերդ» մշակութային ՀԿ
15.«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
16.«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ
Սեպտեմբեր 01, 2009
