

«ԷկոԼուր»
Տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու բնակիչների վրա: Արտանետումների մեջ ծծմբային անհիդրիդի հետ մեկտեղ առկա է նաև տարեկան 38,6 տոննա ծավալով մետաղների մի ամբողջ սպեկտր, ամենից շատ պղնձի և կապարի պարունակությամբ: Գործնականում ամբողջ քաղաքը գտնվում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների ազդեցության առաջին գոտում, որտեղ արտանետումների կոնցենտրացիան կարող է գերազանցել նորմայի թույլատրելի սահմանը մինչև 30 անգամ: Մնացած երեք գոտիներում արտանետումների ազդեցությունը կտրուկ նվազում է և չորրորդ գոտում մոտենում է նորմային:
«Գեո Ալավերդի` շրջակա միջավայր և քաղաքի զարգացում» զեկույցի քննարկման մասնակիցներն Ալավերդի քաղաքի վիճակը որպես էկոլոգիական աղետ բնորոշեցին: Աշխատությունը պատրաստվել էր փորձագիտական խմբի կողմից` Գևորգ Նազարյանի գլխավորությամբ, Ալավերդու քաղաքապետարանի մասնակցությամբ:
Զեկույցում վերլուծության է ենթարկվել Ալավերդի քաղաքի սոցիալ-տնտեսական և էկոլոգիական իրավիճակը և դրա հիմքի վրա մշակվել են քաղաքի ապագա զարգացման ուղիներ:
Զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկն այն է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը կտրուկ ազդում է Ալավերդի քաղաքի էկոլոգասոցիալական վիճակի վրա: 2004թ. սկսած` կոմբինատի արտադրական թափոնների քանակը տարեկան կազմում է ավելի քան 30 հազար տոննա:
Ձեռնարկությունից 3 կմ շառավղով տարածվող հողը (մոտ 30 քառակուսի կիլոմետր տարածքով) վարակված է ծանր մետաղներով, որոնց կոնցենտրացիան գերազանցում է նորմայի թույլատրելի սահմանը 20-ից 40 անգամ: Դրա հետ մեկտեղ պղնձի կոնցենտրացիան նորմայի թույլատրելի սահմանը գերազանցում է 32,3 անգամ, կապարինը` 16,0 անգամ: Բացի այդ հողն ախտահարված է այնպիսի տարրերով, ինչպիսիք են` սնդիկը, մկնդեղը, մոլիբդենը, նիկելը, կադմիումը, քրոմը և այլն: Հաշվի առնելով, որ 18-րդ դարից Ալավերդու տարածքում տեղի է ունենում պղնձի արդյունահանում, ապա ծանր մետաղները ներթափանցել են նույնիսկ հողի արգավանդ շերտերի մեջ: Արտանետումները քամիների բացակայության պատճառով նստում են Դեբեդ գետի ձորում: Անապատացման գործընթացներն ակտիվացել են ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև քաղաքի շրջակա տարածքներում:
Քաղաքը շրջապատող անտառները վնասված են գազային էրոզիայի պատճառով: Հիշեցնենք, որ Լոռու անտառները կատարում են պաշտպանական գործառույթ էրոզիայի և սողանքների դեմ: Անտառները նաև տեղի բնակիչների բարեկեցության էական գործոններից մեկն են:
Ալավերդի քաղաքի էկոլոգասոցիալական վիճակի նկարագրության շարունակությունը www.ecolur.org կայքի հաջորդ թողարկումներում:
Սեպտեմբեր 09, 2009
