ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՀՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ՋՐՎԵԺ ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՍՈՃՈՒ ԱՆՏԱՌԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՀՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ՋՐՎԵԺ ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՍՈՃՈՒ ԱՆՏԱՌԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ

ԷկոԼուր

ՀՀ կառավարության՝ Ջրվեժ անտառապարկից ղրիմյան սոճու յուրահատուկ տարածքի օտարման մասին որոշումը առաջացրեց գիտական հասարակության վրդովմունքը: Հայկական Բուսաբանական ընկերությունը, որը կանգնած է Ջրվեժ անտառապարկի հիմնադրման ակունքներում, նամակ է գրել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասվում է.

«Մենք, Հայկական Բուսաբանական ընկերության անդամներս, որը միավորում է Հայաստանի առաջատար բուսաբանների, որոնց թվում կան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, կենսաբանական գիտության թեկնածուներ, վրդովված ենք ՀՀ կառավարության կողմից 18.06.2009 թ-ին ընդունված ՀՀ 684 – Ն որոշումից, համաձայն որի Ջրվեժ անտառպուրակի ավելի քան  20 հա հրաշալի սոճուտը օտարվելու է և հանձնվելու Ողջաբերդի համայնքին: 

Իր ապշեցուցիչ գեղեցկությամբ ղրիմյան սոճու տնկարկը Հայաստանում հիմնադրվել է մոտ 30 տարի առաջ և իրենից ներկայացնում է մշտադալար ծառերի եզակի զանգված, որն ամբողջ տարվա ընթացքում մաքրում և թթվածնով հարստացնում է Երևանի մերձակա շրջանների օդը: Նման որոշումը շատ տարօրինակ է, քանի որ դեռևս 1977թ-ին հիմնադրված սոճու պուրակը ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապուրակային համալիր» հատուկ պահպանվող տարածքի մի մասն է, հետևաբար և ողջ հայ ժողովրդի սեփականությունը:

Ջրվեժ անտառպուրակը Երևանին հարող եզակի կանաչ զանգվածներից է, որին կարելի է քաղաքի «թոքեր» անվանել: Մայրաքաղաքի համար դրա դերը չի կարելի թերագնահատել հատկապես այժմ, երբ Երևանը ծառերի չհիմնավորված հատումների և դրանց տեղեփրում սրճարանների ու ռեստորանների կառուցման պատճառով գործնականորեն զրկվել է իր պուրակներից:

Մենք պարզ գիտակցում ենք, որ անտառպուրակից սոճուտի զանգվածի օտարումը զրկում է անտառապարկին պահպանվող տարածքի կարգավիճակից. այդ հատվածը ինչ-որ մեկի կողմից կսեփականաշնորհվի և կդադարի լինել ժողովրդի սեփականությունը:

Մեզ չափազանց զարմացնում է, թե ինչպես կարելի է գնալ նման քայլի, երբ վերը նշված տարածքը ներգրավված  է նախարարության ենթակայության տակ գտնվող «Արգելոցապուրակային համալիր» հատուկ պահպանվող տարածք մեջ: Նման որոշումը խախտում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և  Օրհուսի կոնվենցիաները:

Մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը, որ մի քանի սերունդների քրտնաջան աշխատանքի արդյունքը և ողջ հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող սոճու պուրակի արժեքավոր տեղամասը  հանձնվի Ողջաբերդի համայնքին, և համառորեն խնդրում ենք վերանայել այդ, մեր կարծիքով, անխոհեմ որոշումը»,- ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբեր 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր