

«ԷկոԼուր»
«Արդարությունը վերականգնված է»: Այս անվանմամբ ՀՀ կառավարության կայքում հայտնվեց տեղեկատվություն կառավարության՝ 2009թ. հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ է կատարելու մասին, որով ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառապարկից օտարվել էր 21,75 հա տարածքով սոճուտը: Տարածքը տրամադրվել էր Ողջաբերդ համայնքին:
Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի ընթացքում որոշում ընդունվեց «Ջրվեժ» անտառապարկին վերադարձնել տարածքը: «Այս որոշմամբ մենք, ըստ էության, վերականգնում ենք արդարությունը»,- նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Որպես կառավարության որոշման փոփոխության հիմք՝ վարչապտը նշեց հասարակական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, մամուլի ակտիվ դիրքորոշումը:
S.O.S. Ջրվեժ տեղեկատվական կամպանիան անցկացնող «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան անտառապարկի փրկման գործում՝ անտառապարկի աշխատակիցներ Վոլոդյա Ոսկանյանին եւ Անահիտ Հարությունյանին, ովքեր առաջինն ահազանգ հնչեցրին եւ հանդես եկան որպես տեղեկատվական կամպանիայի գլխավոր փորձագետներ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ խնդիրն արդար եւ առանց կոմպրոմիսների լուսաբանելու համար՝ լրագրողներ Անահիտ Փիլոսյանին («Հայք»), Ռուբեն Գրդձելյանին («Գոլոս Արմենիի»), Վալերիա Զախարյանին («Նովոյե Վրեմիա»), Նելլի Բաբայանին («Առավոտ»), Լիլիթ Գրիգորյանին («Իրավունք de Facto»), Լիլիթ Հարությունյանին («Ազատություն» ռադիոկայան), ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում կառուպցիայի հարցերին նվիրված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդմանը, Հանրային հեռուստաընկերությանը, «Hetq.am», “Panorama.am”, «ArmInfo», «A1plus.am» էլեկտրոնային ԶԼՄ-ների խմբագրություններին:
Ջրվեժի հարցի կապակցությամբ իրենց ակտիվ հասարակական դիրքորոշման համար շնորհավորում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, Հայկական բուսաբանական ընկերությանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին (WWF-Armenia), «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիային, Թռչնասերների կենտրոնին, «Տապան» էկո-ակումբին, Երեւանի Օրհուս կենտրոնին, Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնին, «Շողեր»-ին:
Շնորհավորում ենք երիտասարդական շարժմանը՝ ի դեմս «Էկոդար»-ի, «Հեծանիվ+»-ի եւ « S.O.S Թեղուտ»-ի, որոնք անցկացրեցին Ջրվեժի պահպանությանն ուղղված ակցիաներ:
Հոկտեմբեր 16, 2009
