«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ» 120 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ 70 ՄԼՆ-Ը ՉԻ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ

«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ» 120 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ 70 ՄԼՆ-Ը ՉԻ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ

Մարինե Խառատյան, www.zhamanak.com

Կառավարությունը վերջին նիստում որոշել է ընդլայնել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿԻ լիազորությունները եւ պետական սեփականություն հանդիսացող եւ անհատույց կարգով ազգային պարկին տրված հողերի օգտագործման ՀՀ ներկայացուցչի լիազորությունները տալ «Սեւան ազգային պարկին»:

Այդպիսով` հողօգտագործման համար նախատեսված գումարները պետք է փոխանցվեն «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին: Ազգային պարկն էլ իր հերթին հավաքագրած գումարների 30 տոկոսը պետք է փոխանցի համապատասխան համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են գտնվում այդ հողերը:

Կառավարության որոշումը բավական ռիսկային քայլ է` հաշվի առնելով այն, որ օրինակ, այս տարի, մեր ունեցած տեղեկություններով, «Սեւան ազգային պարկը» քիչ է հավաքագրել 70 մլն դրամ գումար` ազգային պարկի բյուջեի մեծ մասը: Դեկտեմբերի 1-ին ազգային պարկի տնօրեն` ոստիկանության ակադեմիայի նախկին պետ Աշոտ Ջնդոյանը 70 մլն դրամի չհավաքագրման համար կարգապահական տույժի է ենթարկել ազգային պարկի 7 աշխատակիցների, իսկ նրա օգնականը ազատվել է աշխատանքից: Վերոնշյալ գումարը չգանձվելու պատճառով խախտվել է «Սեւան ազգային պարկի» ֆինանսատնտեսական գործունեությունը: Սա կարող է նշանակել, որ Սեւանի ափերին գործունեություն իրականացնող մոտ 900 տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրված գումարները պարզապես չեն մուտքագրվել պետական բյուջե: «Ամեն ինչ բերելու եմ իրավական դաշտ: Ամեն ինչ, ինչքան բարձիթողի բան կա: Խոսք եմ տալիս ու կանեմ», - հուլիս ամսին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվելիս հայտարարել էր Աշոտ Ջնդոյանը: Այսօր, փաստորեն, Ջնդոյանը 70 մլն դրամի չհավաքագրման համար աշխատանքից հեռացրել է օգնականին, ով գումարների հավաքագրման գործընթացի հետ կապ չի ունեցել: Իսկ թե ինչպես է հավաքագրվելու 70 մլն դրամը` անհայտ է:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը, ում Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար դառնալուց հետո ազատել է աշխատանքից, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Սեւան ազգային պարկի» բնապահպանական վիճակն աղետալի է: Ըստ նրա` պատճառն այն է, որ բնապահպանությունից անտեղյակ մարդիկ են ղեկավարում բնապահպանությունը: «Ջրում արդեն ձկան պաշար չկա, կենդանական աշխարհ չկա: Բարձիթողի վիճակում է ձկնաբուծությունը, խեղցգետնագործությունը: Անտառների պահպանությունը, խնամքը վատ վիճակում է: Մոտ 1000 հեկտարը վարակված ծառեր են: Բնապահպանական միջոցառումներ չեն իրականացվում»: Հենրիկ Մարտիրոսյանի խոսքերով` Սեւանում մեկ խմ հողի միջին գինը 60-80 դրամ է, ու շուրջ 7 տարվա իր փորձը ցույց է տալիս, որ տնտեսվարող բոլոր սուբյեկտները պարտաճանաչ մուծել են հողօգտագործման գումարները. «Խոչընդոտներ եղել է միայն այն դեպքում, երբ ջուրը բարձրացել է, մարդկանց տարածքները կիսվել է, ասել են` կեսի համար ենք վճարելու»:

«Սեւան ազգային պարկը» 20 հազար հեկտարից ավելի հողեր ունի: Դրա մեջ կան համայնքային սեփականության հողեր: «Սեւան ազգային պարկում» 1 խմ հողը նույն արժեքն ունի, ինչ Երեւանի Կենտրոնի 1 խմ-ն: «Ենթադրենք Չկալովկա գյուղը «Սեւան ազգային պարկում» տարածքներ ունի: Եթե դա տալիս են պարկին ու եթե ամեն գյուղից 2-3 հեկտար տրվի «Սեւան ազգային պարկին», այդ համայնքների հողերը, որոնք չնչին գին ունեն, «Սեւան ազգային պարկը» կարող է Երեւանի Կենտրոնի գներով վաճառել»: Օրինակ, մեզ հասած տեղեկություններով, Սեւանի կղզուց մինչեւ «Լճաշեն» լողափ հատվածում, մեկ քառակուսի մետրը մոտ 1500-2000 դոլար գումար արժե: Ինչ վերաբերում է կառավարության որոշման մեջ առկա` վարձակալության պայմանագրերի վերանայման կետին, որով կառավարությունը հանձնարարել է պայմանագրերը համապատասխանեցնել օրենքի պահանջներին, ապա նախկին պաշտոնյայի խոսքերով` «10 տարի վերանայում են, ու ոչ մի բան էլ չի վերանայվում: Էդտեղ վերանայվելու ոչ մի բան չկա, բոլորի փողերն իրենք վերցրել են, ոչ մեկն էլ ոչ մի բան չի կարողանալու անել: Կվերանայվի, եթե կաշառակերները վերանայվեն էդտեղ: Մայրուղին բաժանում է «Սեւան ազգային պարկի» ու համայնքային հողերը, եթե վերեւից հողեր տան «Սեւան ազգային պարկին» ու այդ հողատարածություններն էլ վերցնեն ու իրացնեն, արդեն իսկ մարդ չի կարողանում մտնել լողալու համար: Յուրաքանչյուրն իր լողափն է դարձրել»:

Հայաստանի համարյա բոլոր բարձր պաշտոնյաները տարածքներ ունեն «Սեւան ազգային պարկում»` սկսած բնապահպանության նախարարից մինչեւ ոստիկանության ու դատախազության բարձրաստիճան աշխատակիցներ: Պաշտոնյաների մեծ մասը Սեւանի ափին սեփականություն ունի ոչ իր անունով:

Դեկտեմբեր 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր