ԳԵՏԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ

ԳԵՏԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ

«Ա1+»

Ողջի գետը շարունակում է մնալ բնապահպանների մտահգության առարկան: Ըստ բնապահպանների` գետը վերածվել է Կապանի կոյուղու կեղտաջրերի հոսքի:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, հատկապես ամռանը Կապանով քայլելն ուղղակի անհնար է: Գետը քաղաքի միջով հոսում է բաց, եւ արդյունքում կոյուղու կեղտաջրերի գարշահոտությունը տարածվում է ամբողջ շրջակայքով:

«Մենք աշխատանքներ ենք տանում, որ այդ հարցը արագ լուծվի. գետը համայնքի կողմից օգտագործվում է այգիների ոռոգման նպատակներով»,- ասաց Արթուր Ղազարյանը:

Ողջի գետի խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմի ժամանակ ամբողջովին շարքից դուրս է եկել մաքրման կայանը, իսկ կոյուղատարն էլ 20 տարուց ավելի է` քայքայվել է: Արդյունքում կոյուղու ջրերը ստիպված բաց են թողել գետի մեջ:

Արթուր Ղազարյանի ասելով` խնդիրներ կան կոյուղատարի, այլ ոչ թե մաքրման կայանի հետ: «Վերջինս գտնվում է գետի ստորին մասում, որը կապ չունի քաղաքի ընդհանուր երկայնքով հոսող Ողջի գետի հետ: Գոնե կոյուղատարի աշխատելու դեպքում քաղաքի կենտրոնական մասում գարշահոտ չէր լինի: Այս դեպքում մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, մենք այդպես ենք կարծում ու կարող ենք ապացուցել»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ իրենց ՀԿ-ն դիմել էՀՀ տարածքային կառավարման եւ բնապահպանության նախարարություններ: Սակայն ՀԿ-ի ահազանգերին ոչ մեկն ըստ պատշաճի չի արձագանքել:

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական բաժնից «Ա1+»-ին տեղեկացրին, որ Սյունիքի տարածքային բաժնի կողմից տարվում են վերահսկողական աշխատանքներ: Դրանց ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Իսկ նախարարության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Հովակիմյանը նշեց, որ իրենց կողմից վերջին անգամ գետի` Կապանի ներքեւի հատվածը հետազոտվել է 2009թ. նոյեմբերի 23-ին: Հայտնաբերվել է, որ գետի մեջ ամոնիումի չափաքանակը գերազանցում է 4,8 անգամ, նիտրիտը` 2,9 անգամ: Դեկտեմբերի 16-ն էլ հետազոտվել է գետի` Կապան քաղաքի կենտրոնական հատվածը եւ հայտնաբերվել, որ ամոնիումը նորմայից գերազանցում է 5,6, իսկ նիտրիտը` 3,3 անգամ: Հաջորդ անգամ դեռ հայտնի չէ` երբ կհետազոտվի գետը: Անդրանիկ Հովակիմյանի վստահեցմամբ` Կապանում առանձնակի վարելահողեր չկան, որ գետն օգտագործվի ոռոգման նպատակներով: Այդ նպատակներով օգտագործվում է քաղաքից միայն վերեւի հատվածով հոսող գետի ջուրը, որն աղտոտված չէ:

Ջրային պետական կոմիտեի մամուլի պատասխանատու Աննա Մուրադյանն էլ նշեց, որ այժմ իրականացնում են մաքրման կայանների կառուցման մի քանի ծրագիր Վարդենիսում, Գավառում, Մարտունիում: «Գոնե այդ հատվածներում բնապահպանական խնդիրներն առայժմ լուծենք: Մաքրման կայանների կառուցումը շատ թանկ է, պետությունը դեռ ի վիճակի չէ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Կապանին, ապա այն դեռեւս որեւիցե ծրագրում չի ընդգրկվել: Աննա Մուրադյանի վստահեցմամբ` փորձում են Կապանի խնդիրները ընդգրկել բոլոր այն ծրագրերում, որտեղ «հնարավոր է որեւիցե գումար գտնել դրա համար»:

Հունվար 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր