ՁԿՆԻԿՆ ԷՐ ԱՓՍՈՍ

ՁԿՆԻԿՆ ԷՐ ԱՓՍՈՍ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

Հայաստանի ձկնաշխարհը մի քանի օր առաջ հերթական վնասը  կրեց: Այս անգամ, ինչպես սովորաբար սպասվում է, խոսքը Սեւանա լճի ձկնատեսակներին չէր վերաբերում: Հրազդան գետում` Արզնի համայնքի հատվածում, հունվարի 23-ին գրանցվեց ձկների մասսայական սպանդ: Պատճառների եւ հետեւանքերի մասին երեկվա դրությամբ բնապահպանության նախարարությունը ոչինչ չէր հայտնում, իսկ ԳԱԱ ձկնաբանության ինստիտուտը նոր էր տեղեկանում իրավիճակի մասին:

Արզնիի բնակիչներին  այդ դեպքը խիստ անհանգստացել էր: «Ողջ կյանքիս ընթացքում ես նման բան  չեմ տեսել, որ էս ձեւի ոչնչանա»,- «Էկոլուր»-ի հետ զրույցում ասել էր Արզնի  գյուղի մի բնակիչ, որը Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման ականատեսն էր դարձել: «Էկոլուր»-ի փոխանցմամբ, գետի հատակը ծածկված է եղել սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով, իսկ Սեւանի որորները մի քանի օր սնվել են գետի մակերես բարձրացած սատկած ձկներով: Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում տեսչությունը վերջնական պատասխան կտա կատարվածի վերաբերյալ, իսկ նախնական տեղեկատվություն հավանաբար կտրամադրվի արդեն այսօր, երբ ավարտվեն ձկան եւ ջրի լաբորատոր փորձաքննությունները: Ձկների ոչնչացման փաստի վերաբերյալ նախնական մի քանի վարկածներ արդեն կան: Դրանից մեկը քլորի մեծ քանակության հայտնվելն է գետում:

Նախարարությունը չի բացառում նաեւ, որ ձկնագողերը կարող են օգտագործած լինել էլեկտրականություն: «Կարող է նաեւ ժամկետանց դեղորայք թափած լինեն գետ, բայց մինչեւ անալիզները չլինեն, ոչինչ հաստատ չենք կարող ասել: Մեր խնդիրն է հիմա պարզել բոլոր հնարավոր պատճառները»,- նշեց Կարեն Պապոյանը: Նա ասաց, որ աշխատանքներն իրականացնում են պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ: «Մենք գրություն ենք ուղարկել նաեւ Կոտայքի ռեգիոնալ կենտրոն, որ իրենք էլ առանձին զբաղվեն»,- ավելացրեց տեսչության պետի տեղակալը: Մեր հարցին, թե հնարավոր է, որ արտադրական ձեռնարկությունների աղտոտման հետեւանքով ձկները սատկած լինեն, Կարեն Պապոյանն ասաց, որ դեպքի հարակից հատվածում Արզնու թիվ 1 առողջարանն է միայն տեղակայված, այն էլ հիմա չի աշխատում: Թե որքան կլինի տուգանքը բնության եւ կենդանական աշխարհին նման վնաս հասցնելու համար, դեռ հստակ չէ: Կարեն Պապոյանի խոսքերով, երբ հստակեցվեն վնասի չափերը եւ հարուցվի քրեական գործ, այդ ժամանակ կարելի է կոնկրետ նշել պատժի եւ տուգանքի չափը: Հարցին, թե հնարավոր չէ արդո՞ք նախնական կանխատեսումներ անել ձկան ոչնչացված պաշարների վերաբերյալ, եթե հայտնի է, որ 500 մ տարածքի վրա սատկած ձկներ են հայտնաբերվել, Կարեն Պապոյանը պատասխանեց, որ գետերում հնարավոր չէ նման հաշվարկներ անել:

Նույն հարցի առնչությամբ ԳԱԱ ձկնաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը փոքր-ինչ այլ պատասխան տվեց: Ի դեպ, ձկնային սպանդի մասին պարոն Գաբրիելյանը տեղեկացավ մեր զանգից եւ շատ զարմացավ, որ նախարարությունը ուսումնասիրություն եւ փորձաքննություն է անում առանց իրենց մասնակցության: «Մեզ չեն էլ հայտնել այդ մասին»,- տարակուսեց ձկնաբանության ինստիտուտի տնօրենը` կասկած հայտնելով, թե ինչպես է նախարարությունը պարզելու դեպքի պատճառներն առանց ձկնաբանների անմիջական մասնակցության: Բարդուխ Գաբիելյանի կարծիքով, նման դեպքերում մասնագետների ներգրավումն ավելի արդյուանվետ կարող է լինել քննության համար, քան ջրի լաբորատոր անալիզը, որովհետեւ եթե ձկնաբաններն արագ դեպքի վայր հասնեին, ձուկն ուսումնասիրելով, որոշակի պատճառներ կարող էին ասել: Օրինակ, եթե քլորը լիներ պատճառը ձկան խռիկները սպիտակած կլինեին: «Ջուրը անալիզ անելը լրիվ անիմաստ է, որովհետեւ գետը հոսող ջուր է, աղտոտվածությունը կարճ ժամանակում կարող է անցնել»,- նշեց նա: Ձկան վնասի նախնական հաշվարկի վերաբերյալ հարցին նա նույնպես սկզբում պատասխանեց, որ գետերի, այսինքն` հոսող ջրի առկայության դեպքում հնարավոր չէ նախնական հաշվարկներ անել, սակայն հետո ավելացրեց, որ տեսականորեն դա հնարավոր է, եթե մի քանի տարի շարունակ ուսումնասիրություններ արվեն: Այսինքն` եթե վաղօրոք մասնագետներն իմանային, որ Հրազդան գետի այդ հատվածում ձկնային ինչ պաշար կա, հնարավոր էր եւ նախնական հաշվարկներն անել:

Ավաղ, Հայաստանի գետերում բնակվող ձկները բոլորովին էլ բախտավոր աստղի տակ չեն ծնվում: Նրանց ձկնաբանները չեն ուսումնասիրում, չեն հաշվում եւ առհասարկ որեւէ ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ պետությունը ձկնաբաններին դրա համար փող չի տալիս, ավելին` դրա անհրաժեշտությունը չի էլ տեսնում: Մի խոսքով , ստացվում է, որ մեր ձկները կրկնակի, անգամ եռակի անգամ դժբախտ են: Նախ նրանցով չեն հետաքրքրվում, երկրորդը` Հայաստանի աղտոտված գետերը բոլորովին էլ հարմար ապրելավայր չեն նրանց համար (օրինակ, Դեբեդը հատկապես Ալավերդու մոտ, կամ նույն Հրազդանը Երեւանի հատվածում եւ այլն) եւ երրորդ` այդպիսի դժբախտ պատահարներն էլ ժամանակ առ ժամանակ նոր պատուհաս են դառնում: Վերջին տարիներին նման դեպքեր հաճախակի են գրանցվում հատկապես Սյունիքի մարզում:

Հունվար 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր