

Սյուզան Սիմոնյան, Հրապարակ
Շուտով զենքի գները Երեւանում կիջնեն: Մոլի որսորդները, որոնց թվում մեր օլիգարխներն են, ԱԺ պատգամավորներ, ԱԺ նախագահից եւ նրա հարազատ եղբորից բռնած, վերջացրած որսի սիրահար մանրապճեղ զանգվածով, ստիպված են լինելու վաճառել զենքը կամ կախել խալուց՝ թոռներին ցույց տալու համար: Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որսը պետք է արգելվի՝ սա է բնության սիրահար Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի նոր՝ փոփոխված տարբերակի տրամաբանությունը: ԱԺ-ն ընդունեց այն առանց գոնե մեկ «դեմ» ելույթի:
Դահլիճում նստած բազմաթիվ մոլի որսորդները վախեցան պաշտպանել իրենց հոբբին մի պարզ պատճառով. որսի սիրահարը նախկին նախագահն է, ոչ ներկա: Որպես կենդանիների եւ բույսերի սիրահար, Վիկտոր Դալլաքյանը մանրակրկիտ եւ սադիստաբար մշակել է 19 կետից բաղկացած՝ որսորդի զինանոցն ու միջոցները սահմանափակող ցանկ: Օրինակ, արգելում է որս իրականացնել ուղղաթիռով, ինքնաթիռով, վերգետնյա, օդային, ջրային, մեխանիկական տրանսպորտով կենդանիներին հետապնդելով, մարտական զենքի եւ փամփուշտների, ազդանշանային հրթիռների, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, պայթուցիկ եւ քիմիական նյութերի, ձայնարձակիչների, լուսարձակների օգտագործմամբ, ծխի, բուսական ծածկի այրման միջոցով:
Այնպես որ, եթե այս օրենքն աշխատի, ապա որսորդները բռնելու են գլուխները: Հիմնական թիրախն իհարկե ժամանակին անձեռնմխելի սաֆարին է, երկրի գլխավոր որսորդ Ռոբերտ Քոչարյանի բիզնեսը: Մինչ այն սկսելը գլխավոր որսորդը իրավական հիմքն է ապահովել՝ 2007 թվականին իր, ավելի ճիշտ, իր կայֆերի համար գրել է տվել մի օրենք, որը թույլատրում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որսը, պայմանով, որ այն իրականացվում է «խիստ սահմանափակ քանակությամբ եւ միայն անհատական թույլտվությունների հիման վրա»: «Սա աբսուրդ է, որովհետեւ փոխանակ էդ կենդանիներին փայփայեն, բազմացնեն, ասում են՝ բացառիկ դեպքերում»,- ասում է Դալլաքյանը:
Նոր օրենքը որոշ դեպքերում բացառություն է անում գիտահետազոտական, առողջապահական, կենդանիների բազմացման եւ վերարտադրության նպատակով դրանց օգտագործողների համար, այն էլ՝ բացառիկ դեպքերում եւ միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, բայց հաստագլուխների զինված բանդաներին զրկում է ուղղաթիռով կենդանի սպանելու հնարավորությունից: 2004 թվականին, կառավարության հունիսի 10-ի 894 որոշմամբ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում «Սաֆարի» հայ-իտալական ձեռնարկությանը հատկացվեց 3 հազար հեկտար տարածք՝ վայրի կենդանիների բազմացման եւ պահպանման համար:
Երբ հայկական սաֆարի-կենտրոնը (սաֆարի՝ նշանակում է տուրիստական որս) նոր էր ստեղծվում, մամուլում դրա գովազդով զբաղվում էր ԱԺ պատգամավոր, այնուհետեւ Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Նա նաեւ որսի սիրահար էր, բայց այն ժամանակ այս մասին լռում էր իր հրապարակային ելույթներում: Չէր ասում նաեւ, որ երկու մարզերի՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի անծայրածիր անտառները սպանդանոց են դառնալու Կարմիր գրքում գրանցված ֆաունայի, ասենք, բեզոարյան այծերի համար: Չէր ասում, որ շուտով արգելելու է տեսախցիկներով մարդկանց, հեռուստաօպերատորների եւ ֆիլմ նկարահանողների մուտքը «Սաֆարի», ապօրինությունների եւ դաժան կրքերի բավարարման փակ գոտի դարձնելով այն: Հակառակը, նկարագրում էր, թե ինչ բարի նպատակներ ունի ինքը, որքան է ուզում բազմացնել Վայոց Ձորի եզակի կենդանիներին, փրկվածների եւ բազմացածների թվեր էր հրապարակում: Ասում են, որ նոր օրենքի նախապատրաստման փուլում նա, եւս մի քանի երեւելի որսորդներ նույն ազարտով փորձել են կասեցնել վերջինիս ընդունումը, եւ հանգստացել է միայն պարզելուց հետո, որ հանրապետության նախագահը որսորդության հետ սեր չունի եւ կողմ է խայտառակ զվարճավայրում դաժանության խրախճանքի վերացմանը:
ՀԳ - Գազանը մարտունակ է հողի վրա կանգնած: Ուղղաթիռներով որսի ժամանակ նա կորցնում է պաշտպանվելու ունակությունը: Թռչող մահաբեր ապարատի վտանգը բնազդական մեխանիզմում հաշվարկված չէ: Փորձառու որսորդները պատմում են, որ երբ վերեւից կրակ է թափվում, երբեմն կենդանին վախից կաթվածահար է լինում, սատկում է առանց դիմադրելու: Բայց հռհռացող հաստավզին, որը 4 հազար դոլար է վճարել հայկական սաֆարիում 1 ժամ որս անելու համար, հետաքրքիր է զենքի կիրառման կայֆը, այլ կերպ ասած, սպանության հաճույքը: Այս դեպքում էական չէ՝ փախչողը կենդանի է, թե մարդ: Աշխարհը նման մարդաորս էլ է տեսել, բայց սա արդեն քրեական վիճակագրության էջեր են, առանձնապես ծանր հանցագործություններին առնչվող:
Փետրվար 04, 2010
