

էկոԼուր
10 տարիների ընթացքում Սեւանա լճում ձկան արդյունաբերական պաշարները վերացան: Այդ ժամանակահատվածի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը տարբեր բացատրություններ է տվել դրան, օրինակ որ սիգը պահպանվող տեսակ չէ եւ հետեւաբար, չի գտնվում նախարարության պրոտեկտրոատի ներքո: Կամ, կարասը սիգին դուրս է մղում էկոլոգիական շղթայից: Դրա հետ մեկտեղ, հիմնական պատճառի` անսահմանափակ ձկնորսության կամ որսագողության մասին խոսում էին հպանցիկ, չէին առաջարկել ոչ մի արմատական միջոց: Ոչ ոք չպատասխանեց նրա համար, որ Սեւանը, հետեւաբար եւ ողջ Հայաստանը զրկվեց ձկից:
Ներկայումս այն փաստը, որ ձկների արդյունաբերական պաշարների վերանալը աղետ է, արդեն ոչ ոք չի վիճարկում: Փորձեր են ձեռնարկվում` Սեւանում ձկան պաշարները վերականգնելու համար, բայց այդ փորձերը ծայրաստիճան վեհերոտ են: Անմիջապես մի շարք հարցեր են առաջանում, օրինակ` որքան նպատակահարմար են ծախսվում բյուջետային փողերը «Սեւան» ազգային պարկը պահելու համար, որը միտված է պահպանություն իրականացնելու համար, ինչպես է աշխատում պետական բնապահպանական տեսչությունը, երբ ամեն անկյունում վաճառվում է արգելված եղանակով որսված սիգ, ինչու են ծախսեր արվում` բազմացնելու իշխանի էնդեմիկ տեսակները, եւ վերահսկողություն չի իրականացվում մանրաձկան պահպանման համար եւ այլն:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն ունի առաջարկություններ, որոնց դեռ միայն մամուլն է հաշվի առնում:
Ստորեւ ներկայացվում են ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի փետրվարի 2-ի մամուլի ասուլիսի ԶԼՄ-ներում հրատարակված նյութերը:
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՁԿՆԱՊԱՇԱՐԸ ՆՎԱԶԵԼ Է 120 ՏՈՆՆԱՅՈՎ
ԱրմԻնֆո
2009 թվականին Սևանա լճի ձկնապաշարը կազմել է 240-250 տոննա, ինչն ավելի քան 100 տոննայով քիչ է 2008 թվականի ցուցանիշից /մոտ 360 տոննա/: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նրա խոսքերով, ձկնապաշարի նվազման պատճառը ծածանների պոպուլյացիայի նվազումն է: Ինչ վերաբերում է սիգին, ապա դրա պաշարները համարյա չեն փոխվել և կազմել են 170-180 տոննա: Իշխանի մասին խոսելիս` Բ.Գաբրիելյանը նշել է, որ դրա քանակությունը լճում այնքան քիչ է, որ չի գերազանցում 0.1 տոկոսը:
Սևանում բնակվող իշխանի չորս տեսակներից երկուսն արդեն անհետացել են` ձմեռային բախտակը և բոջակը: Ինչպես տեղեկացրել է Բ.Գաբրիելյանը, 2010 թվականին հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտը ամառային և գեղարքունու բախտակների մոնիթորինգ կանցկացնի: Մասնագետների համար առավել մեծ հետքրքրություն է ներկայացնում ամառային բախտակը, որը անհետացման եզրին է գտնվում:
«ՀՀ Բնապահպանության նախարարությունն արդեն առաջին տարին չէ, որ իրականացում է Սևանում մանրաձկների բացթողումը: Այժմ մենք հույս ունենք լճում գտնել արդեն սեռահասուն ամառային բախտակներ, որոնք պատրաստ են բեղմնավորմանը»,- ասել է Գաբրիելյանը: Խոսելով Սևանա լճում ձկնապաշարի բարձրացմանն ուղղված միջոցների մասին` նա տեղեկացրել է, որ Ինստիտուտն արդեն առաջարկել է չորս տարով արգելել բոլոր տեսակի ձկների որսը: Նրա խոսքրեով այդ միջոցից առաջին հերթին կշահի սիգը: Օրինակի համար, իշխանի պոպուլյացիայի վերակագնման համար 7-8 տարի է անհրաժեշտ, կողակի վերականգնման` 15-16:
Ինչ վերաբերում է սիգին, ապա այս դեպքում դրական արդյունքների ավելի փոքր ժամանակահատվածում կարելի է հասնել: «Չորս տարով Սևանա լճում ձկան որսն արգելելու մասին մեր առաջարկը քննարկվել է Սևանի հիմնարար հարցերի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ՀՀ Բնապահպանության նախարարության հանդիպումների ընթացքում: Դեռ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը: Սակայն, եթե կատարվեին մեր բոլոր առաջարկները, և բռնվի ձկան այն քանակությունը, որը մենք ենք առաջարկում, Սևանում այդպիսի ճգնաժամային իրավիճակ չէր լինի: Ցավոք, այսօր որսի ծավալը մի քանի անգամ գերազանցում է մեր խորհուրդները, ինչն էլ արդյունաբերական ձկների պաշարի քչացման հիմնական պատճառն է»,- նշել է Բ.Գաբրիելյանը:
ՍԵՎԱՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է
Aysor.am
«Սևանա լճի ձկների արդյունագործական պաշարների վիճակը շարունակում է մնալ անմխիթար»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի (ՀՁԻ) տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նա տեղեկարցեց, որ անցած տարի ինստիտուտը հետազոտել և որոշել է պաշարները` սիգի պաշարները նույն ցածրագույն մակարդակի են` 170 տ, իսկ լճածածանի (կարաս) պաշարները 2008 թ-ի համեմատ 2009 թ-ին նույնպես նվազել են` որսի ուժեղացման և մակաբույծներով վարակվածության աճի պատճառով:
Բ. Գաբրիելյանը հայտնեց, որ ՀՁԻ-ն Բնապահպանության նախարարությանն առաջարկել է արգելել նաև այդ ձկան որսը:
«Այսինքն, 2010 թ-ին առաջարկում ենք ձկան որսն ամբողջությամբ արգելել և թույլատրել միայն խեցգետնի որս` խեցգետնորսիչներով»,- ասաց Բ. Գաբրիելյանը:
Նա նշեց, որ կարասը նախկինում համարվում էր մրցակից սիգի և մյուս ձկնատեսակների համար, սակայն ներկա փուլում այն հարկավոր է օրգանական նյութն ուտիլիզացնելու համար:
Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանն այն կարծիքը հայտնեց, որ 2009 թ-ի դեկտեմբերից մինչև 2010 թ. հունվարի 15-ը լճում ձկնորսության լրիվ արգելումը դրական ազդեցություն է ունեցել և 1 տարկեան սիգի աճի բավական մեծ միտումներ կան: Նա նշեց, որ Սևան ազգային պարկը բավականին աշխատանքներ է կատարել, շուրջ 400 ցանցեր են առգրավվել: ՀՁԻ-ի առաջարկները ներկայումս կառավարությունում քննարկվում են, սակայն Կ. Ճենտերեճյանը դժվարացավ պատասխանել, թե երբ որոշում կկայացվի:
Բ. Գաբրիելյանը «կոռեկտ» չհամարեց պաշարների ավելացման մասին խոսելը, միաժամանակ դրակա գնահատեց մանրաձկի բացթողումը լիճ, հատկապես ամառային իշխանինը, որը գրեթե վերացել էր Սևանից. «Հուսով ենք, դա արդյունք տվել է և այս տարի մենք ուսումնասիրություններ կկատարենք այդ ուղղությամբ»:
Կ. Ճենտերեճյանի խոսքով, ձկների համալրում միշտ կատարվել է, սակայան նախորդ տարիներին ծավալները փոքր էին, այդ շախատանքների համար հատկացվում էր 10 մլն դրամ: Այս տարի հատկացվել է 80 մլն դրամ: Նա նաև նշեց, որ ինտենսդիվ աշխատանքներ են տարվում ձկների բնադրավայրերը հայտնաբերելու, ուսումնասիրելու և վերականգնելու ուղղությամբ:
Հավելենք, որ ըստ մասնագետների, սիգի պոպուլյացիայի վերականգնման համար անհրաժեշտ է 4 տարի, իշխանի` 7-8, իսկ կողակի համար` մոտ 16 տարի:
ԱՌԱՋԱՐԿ. ԱՐԳԵԼԵԼ ՈՐԵՎԷ ՁԿՆԱՏԵՍԱԿԻ ՈՐՍԸ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ
Panorama.am
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն առաջարկել է բնապահպանության նախարարությանն այս տարի ընդհանրապես արգելել որևէ ձկնատեսակի որսը Սևանա լճում, և միայն թույլատրել խեցգետնի որսը խեցգետնաորսիչներով: Այս մասին ասուլիսում ասաց ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը:
Նա բացատրեց, որ իրենց այս առաջարկը երկու միտում ունի. առաջին` էկոլոգիական միտում լճածածանը (կառաս) համարվում է լճի համար ոչ ցանկալի ձկնատեսակ` կերային մրցակից մյուս ձկների հետ, այս էտապում մրցակցություն չի նկատվում ու կարող է լճի համար ավելցուկային օրգանական նյութերը օգտագործի որպես կեր:
Երկրորդ միտումը. արգելելով այս ձկնատեսակի որսը, բացառում են ընդհանրապես ցանցերի օտագործումը լճում, որը կհեշտացնի այլ ձկնատեսակների պահպանությունը: Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին Սևան ազգային պարկը թույլ է տվել միայն խեցգետնի ու կառասի որսը:
Ասուլիսին ներկա բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանն ասաց, որ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի այս առաջարկը քննարկվելու է ոչ միայն նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, այլ նաև Սևան ազգային պարկում:
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
Aysor.am
«2009 թ-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ խեցգետնի պաշարները Սևանա լճում դարձյալ կրճատվել են մոտ 370 տ-ով և կազմում են 1000 տ»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Էվելինա Ղուկասյան:
Ինստիտուտը Սևանա լճում խեցգետնի հետազոտությունները սկսել է 2004 թ-ից: Ըստ բանախոսի, ամեն տարի իրենք համոզվում են, որ խեցգետնի պաշարները նվազում են: Է. Ղուկասյանը դա պայմանավորեց նրանով, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները տնտեսական այլընտրանք չունեն և ծանրաբեռնվածությունն ընկել է խեցգետնի վրա:
«Ինստիտուտը հաշվարկել է խեցգետնի արդյունագործական պաշարները և 2010 թ. համար տվել որսի թույլատրելի սահման` 250 տ, որը նախորդ տարիների համեմատ պակաս է»,- ասաց Է. Ղուկասյանը:
ՁԿԱՆ ՕՐԻՆԱԿԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ
Անահիտ Փիլոսյան, Հայք
Դժվար է Հայաստանում կենդանական աշխարհի մի ներկայացուցիչ գտնել, որի համար մասնագետները չանհանգստանան: Կարմիր գրքում գրանցվածների մասին, պարզ է, ավելորդ է անգամ խոսելը: Բայց պարզվում է, պետք է անհանգստանալ նույնիսկ նրանց համար, որոնք կարծես թե խաղաղ ապրում են իրենց համար` ուշադրություն չգրավելով: Վառ օրինակ խեցգետինը. մի ժամանակ ասում էին, թե դեռ մի բան էլ ինքն է Սեւանի ձկներին վնասում, հիմա էլ` պաշտպանության կարիք ունի:
Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տվյալներով, վերջին վեց տարիների ընթացքում խեցգետնի պաշարները կրկնակի պակասել են: Եւ եթե նախկինում ինստիտուտը միայն Սեւանա լճի ձկնատեսակների համար էր անհանգստանում, ապա հիմա խեցգետինը նույնպես մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինստիտուտի 2009թ. տվյալներով, այժմ լճում մնացել է մոտ 1000 տոննա խեցգետին: Ի դեպ, գիտական այս կառույցը խեցգետնի պաշարների ուսումնասիրությամբ սկսել է զբաղվել 2004թ.: Խեցգետնի պաշարների կրճատումը ոչ մեկին պետք է, որ անակնկալի չբերեր: Մի կողմից թվում է, խեցգետինը նման ապագայի չպետք է արժանանար, քանի որ Հայաստանում դեռեւս խեցգետնասիրությունը բավական զիջում է ձկնասիրությանը, բայց բավական է հիշել այն հանգամանքը, թե որքան հնարամիտ եւ գործարար են հայերը, պարզ է դառնում, որ այդ սցենարը լիովին կանխատեսելի էր:
Քանի որ հիմա սիգի եւ իշխանի որսով թույլատրված չէ զբաղվել (իհարկե, չի նշանակում, որ այդ ձկնատեսակները չեն որսվում), խեցգետինը լճասերների համար դարձավ թիրախ: Ձկնաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուի գիտական քարտուղար, խեցգետնաբան Էվելինա Ղուկասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս իրավիճակը ստեղծվեց այն պատճառով, որ Սեւանա լճում ձկնորսության արգելքի պատճառով հարակից գյուղերի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը դարձավ խեցգետինը: Այդ հանգամանքը, իհարկե, դեր խաղում է, բայց ամբողջ մեղքը բարդել գյուղացիների վրա, ճիշտ չէր լինի: Խեցգետնի պաշարները պակասեցին, քանի որ մեծացավ արտահանումը, իսկ գյուղացիները սովորաբար մանրածախ առեւտրով են զբաղվում: Իսկ խեցգետնի պաշարների արտահանումը փոքր թիվ չի կազմում:
Միայն անցյալ տարի 290 տոննա խեցգետին է արտահանվել բնապահանության նախարարության թույլտվությամբ: Գյուղատնտեսության նախարարության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ալեքսանդր Ալեքսանյանն էլ 2009թ. հոկտեմբերին Panorama.am կայքին ասել է, որ ընթացիկ տարում 334 տոննա խեցգետին է արտահանվել: Եթե անգամ ամենափոքր թիվը վերցնենք` 290 տոննա, դարձյալ մտահոգվելու առիթ կլինի: Այլ կերպ ասած, եթե նույն տեմպերով շարունակվի, մի քանի տարի հետո Սեւանում խեցգետին էլ չի մնա: Եւ քանի դեռ, ինչպես ասում են, պահը չի հասունացել, մասնագետները ցանկություն ունեն խնդրի դեմն առնել: Ձկնաբանության եւ հինդրոէկոլոգիայի ինստիտուտն առաջարկել է բնապահպանության նախարարությանը, որ 2010թ. խեցգետնի` մինչեւ 250 տոննա որսի թույլատրելի ծավալը կրճատվի: Ինստիտուտն առաջարկել է նաեւ, որ ձկան որսը Սեւանա լճում առհասարակ արգելվի, իսկ խեցգետինն էլ խեցգետնաորսիչով միայն որսվի: Նախարարությունն առայժմ պատասխան չի տվել գիտնականներին. դեռ պետք է քննարկեն:
Եթե նախարարությունը ի վերջո որոշի խեցգետնի մասին էլ մտածել եւ փորձի ժամանակին փակել խեցգետնասերների ախորժակը, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել: Հակառակ դեպքում եւս մի քանի տարի, եւ կսկսեն հիմա էլ խեցգետին լցնել Սեւանա լիճ եւ անհայտ ժամանակով սպասել, թե երբ կվերադառնան այն բարի եւ հին ժամանակները, երբ խեցգետնի պաշարների մասին ոչ ոք չէր անհանգստանում: Ի դեպ, խեցգետինը գուցե շուտով «մենակ» չմնա: Նման տեմպերով շարունակելու դեպքում վստահաբար կարել է ասել, որ նույն բախտին կարժանան նաեւ Հայաստանի ոչխարները, որոնք արդեն քանի ամիս է բռնել են Իրանի եւ մյուս արաբական երկրների ճանապարհը: Բացառված չէ անգամ, որ մի քանի տարի հետո Հայաստանում գորտի կռկռոց լսելը եւս դառնա էկզոտիկ հաճույք. չէ՞ որ այս ոլորտում մեր գործարարները պարապ չեն, 2009թ. Հայաստանից մոտ 6 տոննա գորտ է արտահանվել:
Փետրվար 08, 2010
