ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ

Panarmenian.Net

Փետրվարի 12-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում էր Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման մասին: Ֆիլմը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից եւ ներկայացնում է Սյունիքի մարզի բնակիչների, ուրանի ծրագրի ղեկավարների, Էներգետիակայի եւ բնական պաշարների նախարարության տեսակետները:

Ֆիլմի ցուցադրումից հետո իրենց կարծիքները հայտնեցին հյուրերը: «Մենք դեռ անցկացնում ենք տեղանքի ուսումնասիրություններ, որպեսզի հստակեցնենք, թե որքան ուրան կա այնտեղ, եւ արժե արդյոք սկսել նրա հանքահանման աշխատանքները: Ֆիլմում ներկայացված թվերը` 30-60 հազար տոննա ուրան, դա միայն փորձագետների ենթադրությունն է, եւ հենց այդ տվյալներն են մեր կողմից հստակեցվում»,- ֆիլմի քննարկման ժամանակ ընդգծեց Էներգետիակայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքեով` հողի պրոբաները կուղարկվեն Մոսկվա, որտեղ փորձագետները կկարողանան հայտնաբերել նաեւ այլ մետաղների առկայությունը:  Արեգ Գալստյանն ընդգծեց, որ անցկացվելիք աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները եւ կոչ արեց բոլոր հասարակական կազմակերպություններին հետեւել աշխատանքների ընթացքին: «Մենք մաքսիմալ բաց կաշխատենք եւ կջանանք չվնասել էկոլոգիային, կամ որ այդ հասցված վնասը լինի թույլատրելի նորմերի սահմանում»,- ընդգծեց Արեգ Գալստյանը:

Նրա հետ համաձայնվեց նաեւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գիգորյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում ուրանային հանքաքարը գտնվում է մոտ 100-150մ խորության վրա, ինչը մի կողմից նրա հանաքահանումը դարձնում է ավելի թանկ, իսկ մյուս կողմից նվազագույն վնասն է հասցնում էկոլոգիային: Բացի այդ, նրա խոսքերով, այսօր բավականին կատարելագործվել են հանքահանման տեխնոլոգիաները:

Հակառակ կարծիք հայտնեց «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:  Նրա խոսքերով` Սյունիքի մարզի բնակիչները կտրականապես դեմ են իրականացվող ուրանի ծրագրին: «Ես առաջարկում եմ այդ վայրում այլընտրանքային էլեկտրակայաներ տեղադել, օրինակ` հողմային էլեկտրակայաններ, չէ որ այդ տարածքում միշտ ուղորդված քամիներ կան»,- ընդգծեց Վլադիկ Մատիրոսյանը:

«Մենք մեր ֆիլմը ուղարկել ենք  «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ղեկավարությանը», ինչպես նաեւ կազմակերպում ենք ֆիլմի ցուցադրությունը եւ քննարկումը Կապանում»,-  PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Փետրվար 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր