ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԿՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՄԱԳԱՏԷ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Aysor.am

Սյունիքում ուրանի հետախուզուման աշխատանքներում, որոնք կշարունակվեն 3-5 տարի, ներգրավված են նաև ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ, ինչպես նաև ռուս մասնագետներ` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի ղեկավարությամբ: Ուսումնասիրման աշխատանքներն այս տարի կվերսկսվեն մայիսին: Նույն ժամանակ էլ պատրաստ կլինի 2009 թ-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը:

«Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսից հետո ծավալված քննարկումների ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտնեց, որ փորձանմուշների լաբորատոր ուսումնասիրությունները կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլև` Մոսկվայում: Ընդ որում, որոշվում են նաև բոլոր այն մետաղները, որոնք կարող են այնտեղ լինել:

«3-5 տարվա ծրագիր է, որի ընթացքում պարզ կլինի` ունենք, թե չունենք, կամ ինչքան ունենք: Միայն դրանից հետո տնտեսական հաշվարկներ կարվեն և կորոշվի` կարող ենք արդյունահանել, թե ոչ»,- ասաց Ա. Գալստյանը` հավելելով, որ Սյունիքում ուրանի պաշարների վերաբերյալ տարբեր թվեր են նշվել` 30 հզ. տոննա, 60 հզ. տոննա, բայց ոչ-ոք չի կարող ասել, թե ստույգ ինչ պաշարների մասին է խոսք գնում:

Փոխնախարար Ա. Գալստյանը, ով նաև ուրանի հետախուզումն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, չհամաձայնեց, որ առկա է շահերի բախում և նշեց. «Որպեսզի պետությունը գործընթացը վերահսկելի դարձնի, որոշել է, որ ընկերության գործունեությունն անմիջապես պետական լիազոր մարմնի հսկողության տակ լինի»:

«Առաջին հերթին շահագրգռված եմ, որ էկոլոգիայի տեսակետից նախագիծը լինի անխոցելի: Պատրաստ եմ ձեզ հետ միասին աշխատել»,- ասաց Ա. Գալստյանը` հավաստելով, որ իր նախաձեռնությամբ կկազմակերպվեն հանրային քննարկումներ խնդրի շուրջ:

Ակադեմիկոս Ս. Գրիգորյանը վստահեցնում էր, որ եթե որոշվի ուրանը արդյունահանել, ապա դա կատարվի «ժամանակակից ամենանվտանգ տեխնոլոգիաներով»` արդյունահանման փակ եղանակով:

Էկոլոգների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին արդյունահանման դեպքում հանքի զբաղեցնելիք տարածքին, շահագործման զանազան խնդիրների, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Հայտնի չէ: Շահագործման նախագիծ չկա, կա միայն ուսումնասիրության նախագիծ»:

Փետրվար 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր