ԱրմԻնֆո
Ձկան որսագողությունը նորից հասել է մայրաքաղաքի շուկաներին:
Մասնավորապես, Նոր Նորքի առաջին զանգվածում տեղակայված շուկայում նորից սիգ է վաճառվում, որի որսը խիստ արգելված է: Ուշագրավ է, որ համեմատած անցյալ տարվա աշնան հետ, սիգի գինը որոշ չափով իջել է. հատը 500-ից 300 դրամի: Կիրակի օրը ձկան շարքով անցնելիս, ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաշվել է սիգով երեք արկղ: Ցավոք, ձկան որսագողության արդյունքի բաց վաճառքը, երբ վաճառողները չեն էլ մտածում վախենալ օրինապահ մարմինների աշխատակիցներից, Հայաստանի համար արդեն բարի ավանդույթ է դարձել:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին շարունակ Սևանա լճի սիգի պաշարները կրիտիկապես ցածր մակարդակի վրա են` ընդամենը 180 տոննա: Ինչ վերաբերում է լճում ընդհանուր ձկնապաշարին, ապա մեկ տարում այն 120 տոննայով նվազել է` 2009 թվականին կազմելով ընդամենը 240 տոննա: Ոչ պակաս կրիտիկական է նաև խեցգետնի արդյունաբերական պաշարների նվազման հետ կապված իրավիճակը. 2009 թվականին 1000 տոննա, ինչը 2008 թվականի ցուցանիշից 350 տոննայով քիչ է: Հաշվի առնելով կրիտիկական իրավիճակը` ՀՀ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտն արդեն առաջարկել է 4 տարով արգելել բոլոր տեսակի ձկների որսը, ընդ որում, ինչպես նշում են մասնագետները, այդ միջոցից առաջին հերթին կշահի սիգը: Ինչպես ավելի վաղ նշել է ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, այսօր որսված ձկան ծավալները մի քանի անգամ գերազանցում են մասնագետների խորհուրդը, ինչն էլ արդյունաբերական ձկների պաշարի խախտման հիմնական պատճառն է:
Փետրվար 16, 2010
