ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՎԵԼ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐԻՑ Է

ԱրմԻնֆո

Երևանում կայացել է Կենսաբազմազանության միջազգային տարվան նվիրված կլոր սեղանը:

Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում տեսակների անհետացման խնդիրն առավել արդի հարցերից մեկն է: Նա հիշեցրել է, որ հանրապետության տարածքում հանդիպում են մոտ 3600 տեսակ բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավորներ և 1700 տեսակի անողնաշարավորներ: «Այսօրվա դրությամբ Կարմիր Գրքի մեջ ընդգրկված է 542 տեսակի բույս, կամ ընդհանուր ֆլորայի 12.5 տոկոսը, և 308 տեսակի կենդանի, ինչը կազմում է ընդհանուր ֆաունայի մոտ 2 տոկոսը: Ինչպես ցույց են տալիս վերջին 2-3 տարիների ընթացքում մեր կատարած հետազոտությունները, անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների քանակությունը շարունակում է աճել»,- ասաց Ա. Հարությունյանը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է իրականացնել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը: Դրանցից կարևորագույնների թվում են Ազգային պարկերի և արգելոցների ստեղծման ծրագրերը:

Հիշեցնենք, որ 2010 թվականը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից դեռ 2006 թվականին հայտարարվել է Կենսաբազմազանության միջազգային տարի: Ինչպես նշում են մասնագետները, տեսակների անհետացման արագությունը 50-100 անգամ գերազանցում է բնական արագությունը: Հաշվի առնելով համաշխարհային միտումները` անհետացումը սպառնում է ֆլորայի գրեթե 34000 տեսակի և ֆաունայի 5200 տեսակի` ներառյալ թռչունների յուրաքանչյուր ութերորդի անհետացումը: Անտառները ցամաքային էկոհամակարգերի կենսաբազմազանության հայտնի տեսակներից մեծ մասի բնակավայրն են, սակայն Երկրի վրա մնացել է սկզբնական անտառածածկի մոտ 55 տոկոսը, ընդ որում այն հիմնականում ոչնչացվել է վերջին 100-ամյակի ընթացքում: Չնայած անտառավերականգնման ոլորտում ձեռնարկվող միջոցներին, համաշխարհային անտառածածկի մակերեսը շարունակում է արագորեն փոքրանալ` հատկապես տրոպիկական տարածաշրջաններում:

Փետրվար 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր