ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԱՌՈՂՋ ԾԱՌԵՐ ՀԱՏՈՒՄ. ՀԱՐՑՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԱՌՈՂՋ ԾԱՌԵՐ ՀԱՏՈՒՄ. ՀԱՐՑՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

էկոԼուր

Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկից հնչեցրեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Այդ ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է անում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Սույն թվականի փետրվարի 20-ին եւ 21-ին՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ կատարած այցելության ժամանակ, կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը  լուսանկարել է մասշտաբային անտառահատումներ Շամախյան տեղամասում: Հատումները կատարվում էին երկու տարածքներում: Մի տարածքում հատված ավելի քան 30 առողջ ծառերը դարսված էին տարհանման համար, իսկ մյուս տարածքում շարունակվում էր ծառահատումը: Ինչպես վկայում է կանաչ շարժման ակտիվիստը, հատված ծառերի մեջ չկար ոչ մի չորացած կամ անառողջ ծառ, ընդհակառակը՝ հատված առողջ ծառերի կողքին շարունակում են կանգուն մնալ չորացած եւ հիվանդ ծառեր, որոնք պիտանի չեն արդյունաբերական նպատակներով օգտագործման համար: Նշենք, որ Մարիամ Սուխուդյանի լուսանկարներում արտացոլված են ոչ միայն հատված առողջ ծառեր, այլ նաեւ այդ առողջ ծառերի վառվող կոճղեր: (Տե՛ս լուսանկարները):
    
Մարիամ Սուխուդյանի հետ հանդիպման ընթացքում Տավուշի մարզի բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները չեն ժխտել, որ հատվել են առողջ ծառեր՝ բացատրելով դա ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած թույլտվությամբ՝ անտառահատման համար 6 տոմսով: Այդ տոմսի համաձայն՝  մինչեւ 2009թ. դեկտեմբերի 29-ը  «Դիլիջան» ազգային պարկն իրավունք ունի  սանիտարական նպատակներով հատել 25 ծառ, իսկ մինչեւ 2010թ. մայիսի 31-ը պետք է հատված ծառերը մթերվեն եւ արտահանվեն: Նույն փաստաթղթի մեջ նշված է, որ հատումներն իրականացնող կողմը պարտավոր է պահպանել հակահրդեհային ռեժիմ անտառում: 
Խնդրում ենք պարզաբանել՝

• ի՞նչ իրավունքով է «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿԸ, որը պետք է միայն արտահանի հատված ծառերը, դեռեւս շարունակում անտառահատումները

• ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել բնապահպանական պետական տեսչությունն այս դեպքի առնչությամբ

• 2009թ. ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի որքա՞ն տարածքում է սանիտարական հատում իրականացվել, որքա՞ն խախտում է արձանագրվել եւ ազգային պարկի որքա՞ն տարածքն է զրկվել անտառածածկույթից:

Փետրվար 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր