

Մանե Հակոբյան` ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ, «էկոդաշինք»-ի անդամ, ՀՀ ՀԽ քաղաքների էկոլոգիական խմբի ղեկավար, Հայք
Օրերս ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն պրն. Ալվարո Անտոնյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով ՀՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը, խոսել է նաեւ Սեւանա լճի ջրի մակարդակի տատանումներից ՀՀ տարածքում սեյսմիկ իրավիճակի հնարավոր կախվածության մասին:
Նա նշել է. «Սեւանա լճի ջրի մակարդակը կարող է կապ ունենալ սեյսմիկ իրավիճակի հետ: Այդ հարցն այժմ ուսումնասիրվում է: Եթե երկրաշարժը պատրաստվել է, այսինքն կուտակվել է այնքան էներգիա, որ հասել է կրիտիկական սահմանին եւ եթե լրացուցիչ ճնշում, ուժ գործադրվի, կարող է երկրաշարժ սկսվել: Իսկ Սեւանա լիճն իր ծավալով շատ մեծ է եւ մակարդակը փոխվելիս փոխվում են նաեւ ճնշումները լճի հատակի, այսինքն երկրակեղեւի այդ տարածքի վրա»:
Որ մեծ տարողության արհեստական ջրամբարները կարող են անգամ բարձր բալային մարդածին (տեխնածին) երկրաշարժներ գեներացնել (կախված ջրամբարի տարողությունից, տեղանքի երկրաբանական կառուցվածքից, ջրամբարում ջրի մակարդակի տատանումների հաճախությունից եւ այլ պարամետրերից), վաղուց արդեն հայտնի է: Ներկայումս այս պրոբլեմը լուրջ խոչընդոտ է հանդիսանում խմելու, գյուղատնտեսական, էլեկտրաէներգիայի արտադրության եւ այլ նպատակներով սեյսմիկ իմաստով հնարավորինս անվտանգ կերպով մեծ քանակությամբ ջուր ամբարելուն: Լրիվ այլ հարց է Սեւանա լճի դեպքը: Սեւանա լիճը բնական ծագում ունի, գտնվում է Երզնկա-Կարս-Ամասիա-Սեւան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքի վրա, Սեւանա գոգավորությունում: Սեւանա լիճը գոյացել է ակտիվ տեկտոնական պրոցեսների հետեւանքով, էկոհամակարգում ուժային դինամիկ հավասարակշռության հաստատման արդյունքում: Արհեստական ջրամբարները լրացուցիչ, լոկալ ճնշում են գործադրում երկրակեղեւի տվյալ տարածքի վրա, նրանում առաջացնելով լրացուցիչ, լոկալ տեղաբաշխված դեֆորմացիաներ (մեծ տարողության ջրամբարները բավական մեծ, դեֆորմացիաներ), իսկ բնական լճերը երկրակեղեւի հետ գտնվում են ուժային դինամիկ հավասարակշռության վիճակում: Ներկայումս, ցավոք, Սեւանա լիճը մի «առանձնահատկություն» ունի: Անցյալ դարի կեսերին Սեւանա լճի ջրի բնական մակարդակը արհեստականորեն իջեցվեց 18 մետրով, Սեւանա լճի ջրային պաշարների մոտ կեսը դատարկվեց, այդ կերպ խախտելով Սեւանա լիճ-երկրակեղեւ էկոհամակարգում ուժային եւ ոչ միայն ուժային հավասարակշռությունը, ինչն ինքնին էկոլոգիական, այդ թվում նաեւ սեյսմիկ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ:
Իրոք, Սեւանա լճի մակարդակի արհեստական իջեցման արդյունքում, փաստորեն, կիսով չափ փոքրացել է Սեւանա լճի կողմից երկրակեղեւի վրա ճնշման ուժը` մոտ 30 մլրդ տոննայով: Սակայն երկրակեղեւի վրա մագմայի կողմից գործադրվող ճնշման ուժն անփոփոխ է մնացել, որի արդյունքում խախտվել է Սեւանա լճի ավազանի տարածքում երկրակեղեւի վրա ազդող ուժերի հավասարակշռությունը եւ երկրակեղեւի (տեկտոնիկ սալերի) վրա ներքեւից վեր ազդող ճնշման ուժը կրկնակի մեծ է վերեւից ներքեւ ազդող ուժից: Սա նշանակում է, որ Սեւանա լճի մակարդակի իջեցման արդյունքում լճի ավազանի երկրակեղեւի, ուստի եւ Երզնկա-Կարս-Ամասիա-Սեւան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքի, տեկտոնիկ սալերի վրա ներքեւից վերեւ ազդում է չհավասարակշռված ուժ, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում խիստ հնարավոր է Սեւանի ավազանի երկրակեղեւի տեկտոնիկ սալերի դանդաղ տեղաշարժ դեպի վեր ուղղությամբ, որի արդյունքում տեղի կունենա տեղանքի ռելիեֆի տարբեր կետերի հարաբերական բարձրության փոփոխություն (երկրակեղեւի «փքում»), իր կանխատեսելի ու անկանխատեսելի աղետալի հետեւանքներով:
Այդօրինակ աղետալի հետեւանքներից պարզագույնը սողանքներն են, ինչն արդեն իսկ դիտվում է մեր երկրում եւ տարեցտարի էլ ավելի վտանգավոր ու աղետալի չափերի է հասնում: Սակայն մեր երկրում սողանքները գիտական ուսումնասիրությունների չեն ենթարկվում, չի բացահայտվում դրանց առաջացման իրական պատճառները, այն դեպքում, երբ սողանքների առաջացման մեխանիզմներից կարեւորագույններից մեկն ու ամենավտանգավորը ռելիեֆի հարաբերական բարձրության փոփոխությունն է, ինչի պատճառը մեր դեպքում Սեւանի ջրի մակարդակի արհեստական իջեցումը կարող է լինել: Ավելին, Սեւանա լճի ջրի մակարդակի արհեստական իջեցման արդյունքում երկրակեղեւի տեկտոնիկ սալերի դեպի վեր տեղաշարժը (երկրակեղեւի «փքումը») ժամանակի ընթացքում կարող է բարձր բալային մեծ մագնիտուդի կործանարար տեխնածին երկրաշարժներ գեներացնել (առաջացնել), կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի արտահոսքի` երկրակեղեւի «փքման» արդյունքում «լայնացած» խորքային խզվածքով դեպի երկրակեղեւի ավելի խորը հատվածներ, ինչի արդյունքում կդիտվի լճի ջրի մակարդակի կտրուկ նվազում, ընդհուպ մինչեւ լճի չորացում, կարող է հանգեցնել հրաբխի ժայթքման, լավայի արտահոսքի եւ այլ պրոցեսների, բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի աղետալի հետեւանքներով:
Իր գոյության ընթացքում բնական տեկտոնիկ պրոցեսների արդյունքում Սեւանա լճի ջրի մակարդակը զգալի եւ կտրուկ տատանումներ արդեն իսկ ունեցել է, ընդհուպ մինչեւ լճի չորացում (միջին չորրորդական լիճ) եւ նրա չորացած հատակով հոսել է Հին Հրազդանը (Պալեոհրազդանը), որի հունի մնացորդները հայտնաբերվել են ներկայիս Սեւանա լճի հատակին: Սեւանա լճի ջրի մակարդակի կտրուկ իջեցում է դիտվել նաեւ մ.թ.ա. երրորդ հազարամյակում, որը տեւել է առնվազն մինչեւ մ.թ.ա. VI դարի վերջը: Ցավոք, այս կարեւորագույն փաստերը որեւէ լուրջ գիտական հետազոտության չեն ենթարկվել, չի հետազոտվել նաեւ Երզնկա-Կարս-Ամասիա-Սեւան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքը, նրա հետ տեղի ունեցող պրոցեսները, խզվածքի վարքը ժամանակի ընթացքում, տեկտոնական խորքային խզվածքով ջրի հնարավոր ներհոսքն ու արտահոսքը, դրանց զարգացումները եւ այլն, չի բացահայտվել դրանց առաջացման հնարավոր մեխանիզմները:
Օրինակ` ի՞նչ բնական պրոցեսների արդյունքում կարող էր Սեւանա լճում ջրի մակարդակը կտրուկ իջնել եւ կամ լիճն ամբողջությամբ ցամաքել, այդ պրոցեսներն արդյո՞ք պարբերական բնույթ ունեն, եթե այո, ապա ինչպիսի՞ն է դրանց պարբերականությունը եւ այլն: Այս եւ շատ այլ փաստեր խոսում են այն մասին, որ Երզնկա-Կարս-Ամասիա-Սեւան-Զանգեզուր տեկտոնական խորքային խզվածքը, որի վրա տեղաբաշխված է ներկայիս Սեւանա լիճը, խիստ ակտիվ է եւ այն լուրջ, բազմակողմանի գիտական ուսումնասիրության պահանջ ունի: Այդ հետազոտությունները շարունակական բնույթ պետք է ունենան նպատակ ունենալով բացահայտել Սեւանա լճում, Սեւանա գոգավորությունում, Երզնկա-Կարս-Ամասիա-Սեւան-Զանգեզուր խորքային խզվածքում տեղի ունեցող պրոցեսներն ու դրանց հնարավոր զարգացումները: Սակայն այս ուղղությամբ որեւէ հետազոտություն մեր երկրում չի իրականացվում:
Այսպիսով, խիստ ակտիվ սեյսմիկ գոտում տեղաբաշխված Սեւանա լճի ջրի բնական մակարդակի արհեստական կտրուկ իջեցումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ծանր հետեւանքներով մարդածին (տեխնածին) աղետների` բարձր բալային երկրաշարժների, սողանքների, հրաբուխների ժայթքման, տարածաշրջանի ջրային, այդ թվում ստորգետնյա ջրերի բնական բալանսի կտրուկ խաթարման եւ այլն: Ցավոք առ այսօր չեն կատարվում անգամ Սեւանա լճի ավազանի ռելիեֆի տարբեր կետերի հարաբերական բարձրության, ընդհանուր առմամբ, տեղանքի հարաբերական դիրքի չափման, ժամանակի ընթացքում այդ պարամետրերի փոփոխման, նշված տարածքի երկրակեղեւի հնարավոր «փքվածության» եւ դրա դինամիկայի բազմակողմանի հետազոտության ուղղությամբ:
Գիտական հետազոտությունների չի ենթարկվել նաեւ 4891 քառ. կմ ահռելի տարածք զբաղեցնող նեոգեն-չորրորդական դարաշրջանի տեկտոնիկ-հրաբխային ծագում ունեցող իջվածքը` Սեւանա գոգավորությունը, որի ամենացածրադիր մասը զբաղեցնում է Սեւանա լիճը եւ այլն: Վերջին տասը տարիների ընթացքում գեոֆիզիկոսների, սեյսմոլոգների, երկրաբանների լուրջ ուշադրությանն են արժանացել երկրագնդի այն վայրերը, որտեղ առկա են տեկտոնիկ-հրաբխային ծագում ունեցող մեծածավալ իջվածքներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք հանգած կամ գործող, այսպես կոչված, «սուպերհրաբուխներ» են, որոնք սովորական հրաբուխներից տարբերվում են ժայթքման բազմակի անգամ հզոր էներգիայով, հրաբխի ժայթքման բուն մեխանիզմով, ժայթքման կրկնման մեծ պարբերությամբ, ժայթքման կործանարարությամբ եւ այլն: Սեւանի գոգավորությունն առայժմ որեւէ լուրջ գիտական ուսումնասիրության չի ենթարկվել, չնայած պատմական ժամանակաշրջանի վերը նշված իրադարձությունները խոսում են այն մասին, որ այն կարող է ակտիվանալ: Ուստի, անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ իրականացնել Սեւանի գոգավորության ողջ տարածքում, իրականացնել Սեւանա լճի հատակի, խորքային խզվածքի մանրակրկիտ չափագրում եւ քարտեզագրում, իրականացնել խորքային խզվածքով ջրի արտահոսք-ներհոսքի ռեժիմի հետազոտում ժամանակից կախված, իրականացնել Սեւանի գոգավորության երկրակեղեւի եւ Սեւանա լճի ջրի ջերմաստիճանային եւ այլ ռեժիմների հետազոտություններ ներգրավելով այս բնագավառում լուրջ փորձ ունեցող միջազգային գիտական կենտրոնների, տարբեր բնագավառների անհատ գիտնականների: Այսպիսով`
• Ներկա իրավիճակում, երբ Սեւանա լճի ջրի մակարդակը մոտ 17 մետրով ցածր է նրա բնական մակարդակից, լճի ջրի մակարդակի տատանումները որեւէ կերպ չեն կարող ազդել ՀՀ տարածքում եւ ողջ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի վրա, քանի որ լճի տակ գտնվող երկրակեղեւը, փաստորեն կիսով չափ թերբեռնված է: Ավելին,
• Սեւանա լճի ներկա իրավիճակը ինքնին մեծ, հնարավոր աղետալի, սեյսմիկ եւ այլ վտանգներ է իր մեջ պարունակում, ինչի պատճառը ջրի մակարդակի տատանումները չեն, այլ Սեւանա լճի ավազանի երկրակեղեւի թերբեռնվածությունը: Այնինչ, ՀՀ իշխանությունների որոշման համաձայն, մինչեւ 2031թ. Սեւանա լճի ջրի մակարդակը հասցվելու է ընդամենը 1903 մետրի, ինչը կլինի լճի վերջնական մակարդակը` 13 մետրով պակաս լճի մակարդակի բնական բարձրությունից, այն էլ 21 տարիների ընթացքում:
Նշենք, որ
• այս կիսաքայլերը չեն փրկի Սեւանա լճի ողջ էկոհամակարգը, հատկապես կլիմայական փոփոխությունների արդյունքում հնարավոր գլոբալ տաքացման հեռանկարի պարագայում: Բացի այդ, երկրագնդի վրա քաղցրահամ ջրի պաշարներն արագ սպառվում են եւ, ըստ որոշ հաշվարկների քաղցրահամ ջրի պաշարները մարդկությանը կբավարարեն 20-30 տարի: Ինչպես պնդում են քաղաքագետները, 21-րդ դարի բոլոր պատերազմները քաղցրահամ ջրի պաշարներին տիրելու համար են լինելու: Քաղցրահամ ջուրը շատ թանկ է արժենալու, եւ բարբարոսություն է քաղցրահամ ջրի ունիկալ շտեմարան Սեւանա լիճն այս վիճակում թողնելը` բարբարոսություն է սեփական ժողովրդի եւ ողջ մարդկության առաջ: Բացի այդ`
• հասցնելով Սեւանա լճի մակարդակը ընդամենը 1903 մետրի, որը 13 մետրով ցածր է լճի մակարդակի բնական բարձրությունից, մենք չենք կարող խուսափել վերը նշված սեյսմիկ մեծ վտանգներից, քանի որ լճի տակ երկրակեղեւը դարձյալ թերբեռնված է մնալու: Այսպիսով, որեւէ իմաստ չունի ահռելի գումարներ ծախսելը Սեւանա լճի մակարդակը ընդամենը 4 մետրով բարձրացնելու համար, դա, փաստորեն, գումարների անիմաստ վատնում է: Սեւանա լիճը, նրա էկոհամակարգը փրկելու, մեր երկրի եւ տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարները մեծացնելու եւ, հատկապես, սեյսմիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացնել մինչեւ նրա բնական բարձրությունը` ծովի մակարդակից 1916 մետր: Ուստի խիստ անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ սեյսմիկ անվտանգության ապահովման» համապարփակ ծրագիր, որը հնարավորություն կտա նախ`
1. օր առաջ վերականգնել Սեւանա լճում ջրի մակարդակի բնական բարձրությունը` ծովի մակերեւույթից 1916 մետր, որի արդյունքում Սեւանա գոգավորության եւ լճի էկոհամակարգը դանդաղորեն կգա հավասարակշռության: Ինչպես նաեւ`
2. իրականացնել Սեւանա գոգավորության, Սեւանա լճի համապարփակ, բազմակողմանի, շարունակական գիտական հետազոտություններ, ներգրավելով այդ բնագավառում լուրջ փորձ ունեցող միջազգային գիտական կենտրոնների եւ առանձին գիտնականների:
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն պարոն Անտոնյանի հայտարարությունն այն մասին, թե Սեւանա լճի ջրի մակարդակը կարող է կապ ունենալ սեյսմիկ իրավիճակի հետ, առնվազն անհիմն ու ոչ գիտական է: Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե պարոն Անտոնյանն իր այդ ոչ գիտական հայտարարությամբ փորձում է կանխել լճի ջրի մակարդակի հետագա բարձրացումը` կատարելով շահագրգիռ ինչ-ինչ անձանց, ինչ-ինչ ուժերի պատվերը, ինչը մասնագետին, գիտնականին անհարիր պահվածք է:
Սեւանա լիճը ազգային եւ համամարդկային արժեք է, այն մեր մեծ հարստությունն է, որ դեռ շատ ու շատ օգտակար է լինելու մեզ, հատկապես գլոբալ կլիմայական փոփոխությունների դարաշրջանում: Ուստի Սեւանա լճի էկոհամակարգը վերականգնելն ու անաղարտ պահելը մեր բոլորիս պարտքն է:
Մարտ 01, 2010
