ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Կանաչ Երեւան» ծրագրով Երեւանում այս տարի նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք: Աշխատանքները կիրականացվեն Էրեբունի, Աջափնյակ եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ծրագրի շրջանակներում տնկվելու է շուրջ 85 հազար ծառ: Ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար տնկի: Այս տարվա ընթացքում ծաղկապատ տարածքների մակերեսը կավելանա 1 հեկտարով` հասնելով 5-ի: Հոլանդիայից նախատեսվում է ներկրել 500 հազար տարբեր տեսակի բարձրորակ ծաղկածիլներ: Ըստ քաղաքապետի հանձնարարության` ի տարբերություն նախորդ տարիների` ծառատունկը, կանաչապատումն ու ծաղկապատումը կիրականացվի միայն ոռոգելի տարածքներում: Ծրագրավորված է նաեւ նոր ոռոգման ցանցի կառուցում 31 հազար 500 գծմ երկարությամբ, ջերմոցների կառուցում` 3 հազար քմ տարածքի վրա:
Մարտ 03, 2010
