ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՐԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆԱ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՐԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆԱ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Panorama.am

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բնապահպանության նախարարության երկու աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրի հիման վրա 2009 թվականին ստուգել է «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երևան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի և բազալտների հանքավայր»-ում բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառի օրենսդրության պահանջների կատարման վիճակը: Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում չարձանագրելու և գանձման ենթակա տուգանքի չափը նվազեցնելու համար Ա. Պետրոսյանը «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել և դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում` ՀՀ կառավարության N 3 մասնաշենքի 5-րդ հարկի միջանցքում ստացել է 400.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Ա. Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարի` 2009թ. հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 16-ի հանձնարարագրերի հիման վրա ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնական ռեսուրսների օգտագործման և պահպանման պահանջների կատարման վիճակը: Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում հիշյալ ընկերության օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումներն ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու և այդկերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաև ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել և դեկտեմբերի 28-ին` ժամը 17:30-ի սահմաններում, իր աշխատասենյակում ստացել է 5 մլն ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին, Հ. Ավագյանի գնալուց հետո, Ա. Պետրոսյանն անմիջապես տեղեկացրել է տեսչության պետ Տ. Գրիգորյանին և իր աշխատասենյակում վերջինիս տվել գումարի` նրա մասնաբաժինը` 3 790 000 դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա. Պետրոսյանը պահել է իր մոտ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ մասի 2-րդ կետերով: Տ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մարտ 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր