ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հանրապետությունում ապրիլից կիրականացվի «Բույսերի պաշտպանության միջոցառումների 2010 թվականի ծրագիրը», որի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացրել է 150 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունում, վերոհիշյալ ծրագրի շրջանակներում մոտ 39,9 մլն դրամ տրամադրվելու է 375 կգ թունանյութերի եւ մկնասպան պատրաստուկների (ցինկի ֆոսֆատ) ձեռք բերմանը` շուրջ 11 հազ. 374 հեկտարի վրա վնասակար միջատների ու կրծողների դեմ համայնքների միջոցով պայքարի աշխատանքների կազմակերպման համար: Շուրջ 3,1 մլն դրամի շրջանակներում կվարակազերծվեն Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերի` անցած տարիներին մորեխներով վտանգված շուրջ 3700 հա հողատարածքները: 28,3 մլն դրամ կհատկացվի ավիացիոն ճանապարհով մայիսից շուրջ 7 հազար հա անտառատարածքներում տարածված վնասակար միջատների վնասազերծմանը:
Մշակաբույսերի վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մասնագետները մարզերում ներկայումս անցկացնում են մոնիտորինգ, զուգահեռաբար նաեւ` սեմինարներ, որոնց ընթացքում գործնականորեն եւ տեսականորեն (բացի քիմիականից) ցուցադրվում են նաեւ պայքարի այլ կանխարգելիչ եղանակներ: Այս տարվա «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի» շրջանակներում կկարգավորվեն նաեւ թունաքիմիկատների ներկրման, պահպանության, վաճառքի գործընթացները: Մասնագիտական եւ խորհրդատվական աջակցությունից բացի կկիրառվեն նաեւ բույսերի պաշտպանության կենսաբանական ու էկոլոգիապես առավել անվտանգ միջոցներ:
Նշենք, որ «2009 թվականի բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրով» ՀՀ պետբյուջեից` առավել տարածված վնասատուներին եւ մկնանման կրծողներին ոչնչացնելու նպատակով հատկացվել էր 300 մլն դրամ: Գումարի շրջանակներում վնասազերծվել է ավելի քան 200 հազար հեկտար:
Մարտ 04, 2010
