«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ 18-22 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ԱրմԻնֆո

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վերակառուցման նախագծի մոտավոր գինը, որը նախատեսվում է մոտակա 2-3 տարվա համար, կազմում է 18-20 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնեց նախագծի գլխավոր ինժեներ Սերգեյ Ռոպեյկոն: Նախագիծը մշակվում է ռուսական «Մեխանոբր Ինժենեերինգ» ընկերության կողմից:

Նրա խոսքերով, ԳեոՊրոՄայինինգ միջազգային ընկերությունը, որի մեջ մտնում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն անցյալ տարի պատվիրեց վերակառուցման տեխնիկա-տնտեսական գնահատումը: Մշակվել են համալիր միջոցառումներ, որոնք կհանգեցնեն արտադրվող արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը և կատարված ծախսերի փոխհատուցմանը: Նա նշեց, որ ներդրումները ուղղվելու են հարստացման ֆաբրիկայի վերակառուցմանը և ֆաբրիկայի գլխավոր շենքի կառուցմանը: Զրուցակիցը հայտնեց նաև, որ նախատեսվում է ամբողջությամբ փոխել ֆաբրիկայի ֆլոտացիոն սարքավորումները, որոնք շահագործվում են դեռ 60-ական թվականներից. «Մեքենաները հին են, չնայած մասնակիորեն նորացվել են, փոխվել են պահեստամասերը, սակայն ամբողջապես չեն փոխվել»,- ասաց Ռոպեյկոն: Նախատեսվում է փոխել ջարդող սարքավորումները, ֆլոտոպարկը, ֆլոտոմեքենաները:

Նախագծի գլխավոր ինժեներն ավելացրեց, որ ֆաբրիկայի գլխավոր շենքը նույնպես անմխիթար վրճակում է գտնվում, և պատվիրատուն որոշում ընդունեց նոր ֆլոտացիոն մասնաշենք կառուցել, որը հետագայում կնպաստի ձեռնարկության զարգացմանը: Նոր մասնաշենքում նախատեսվում է տեղակայել նոր, լրացուցիչ հզորություններ և ապահովել արտադրողականության աճը: Մասնագետը նշեց, որ վերակառուցումից հետո պղնձի և մոլիբդենի կորզումը կաճի 2 տոկոսով, ինչը մի կողմից կհանգեցնի արտադրողականության աճին, իսկ մյուս կողմից` արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը:

Զգալի հաջողություններ են նախատեսվում նաև էկոլոգիական հարցերում, ավելացրեց զրուցակիցը: Մասնավորապես, փոշու քանակի իջեցման նպատակով կփոխարինվեն ասպիրացիոն համակարգերը, կտեղադրվեն ռեագենտների ժամանակակից ինդոզատորներ, որոնք կբացառեն թունավոր նյութերի արտահոսքը: Բացի այդ, նոր ֆլոտացիոն սարքավորումների վրա տեղակայվում են առավել արդյունավետ օդափոխման համակարգեր, ինչը աշխատանքի առավել լավ պայմաններ կապահովի: Նա վստահեցրեց, որ ամբողջ ֆլոտացիոն սարքավորումների կեսը արդեն գտնվում են կոմբինատի պահեստում, և դրանք համապատասխանում են ֆլոտացիայի տեխնիկական պահանջներին:

Սերգեյ Ռոպեյկոն հայտնեց, որ այսօր «Մեխանոբր ինժենեերինգ»-ը այսօրվա դրությամբ իրականացնում է նախագծի մշակման սկզբնական փուլը, որը պատվիրատուին կհանձնվի 2010թ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Նախագծի իրականացման ժամկետը մոտավորապես նախատեսվում է 1-3 տարի: Տնտեսական տեսակետից, վերակառուցումը հնարավորություն կտա ավելացնել արդյունահանման և հանքաքարի վերամշակման նախագծային ծավալները ներկայիս տարեկան 3 միլիոն տոննայից մինչև 3,5 միլիոն տոննա: Սակայն երկարաժամկետ հեռանկարային պլաններում այս նախագծային հզորությունները կավելանան: Ֆաբրիկայի նոր գլխավոր շենքի կառուցումը հնարավորություն կտա նոր էներգահզորությունները տեղադրել նախկին ֆլոտացիոն մասնաշենքում: Ֆլոտացիոն սարքավորումների երկրորդ հերթի ներդրումը կհանգեցնի տարեկան 6 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանմանը և վերամշակմանը:

Նշենք, որ «Մեխանոբր ինժենեերինգ»-ը ստեղծվել է 1990թ, «Մեխանոբր» ինստիտուտի նախագծային և գիտական մասերի հիման վրա և ունի գործունեության 90-ամյա փորձ, որի ընթացքում իրականացրել է տեխնոլոգիաների մշակման և նախագծման աշխատանքներ Ռուսաստանի, ԱՊՀ երկների և այլ պետությունների մոտ 250 լեռնահարստացման ձեռնարկությունների համար:

«Մեխանոբր ինժենեերինգի» նախագծով ժամանակին Հայաստանում կառուցվել են Ագարակի և Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատները, ինչպես նաև Մադնեուլիի հանքարդյունահանման կոմբինատը Վրաստանում: Ներկայումս «Մեխանոբր» ՓԲԸ-ն աշխատանքներ է իրականացնում Նորիլսկի նիկել և Սեվերստալ հանքարդյունահանման ընկերությունների համար:

Մարտ 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր