

ԷկոԼուր
Մարտի 10-ին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ելույթ ունեցավ մամլո ասուլիսում, որտեղ բարձրացրեց մի շարք էկոլոգիական խնդիրներ, որոնք վերաբերվում էին մասնավորապես կենսաբազմազանության եւ անտառային ֆոնդի կրճատմանը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությանը: Ներկայացնում ենք այս մասին մամուլում տպագրված նյութերը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՀԻՄՔ ԵՆՔ ԴՆՈՒՄ ՎԱՂՎԱ ԷԿՈԼՈԳԻԱՅԻՆ»
Ինգա Մարտինյան, Հետք
Օրերս Ինդոնեզիայում կայացել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի «Յունետ» կառավարման խորհրդի տարեկան համաժողովը: Այդ համաժողովին երկրներին ներկայացնում են բնապահպանության նախարարությունների և հ/կ-ների ներկայացուցիչները: Եվրոպական տարածաշրջանը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:
«Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, անտառների կորուստ: Մոլորակում վիճակը գնալով սրվում է: Դա անդրադառնում է նաև առողջության վրա: Քննարկվեց, թե նանոտեխնոլոգիան ինչ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա: Այսօրվա էկոլոգիան վաղվա էկոնոմիկան է, և այսօր մենք հիմք ենք դնում վաղվա էկոլոգիային: Մեր տնտեսությունն այսօր գերսպառող է»,- այսօր կազմակերպված ասուլիսին, անդրադառնալով համաժողովին, ասաց Կարինե Դանիելյանը:
Ըստ բնապահպանի` Հայաստանում միջազգային և ազգային գործընթացները 2 տարբեր հարթություններում են, և մենք թեև ստորագրում ենք բոլոր ծրագրերը, ստանձնում պարտավորություններ, բայց գնում ենք հակառակ ուղղությամբ:
«Այս տարի «Ռիո + 20» գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանը ավելի ակտիվ լինել: Ես կարող եմ որպես օրինակ նշել «Ռիո + 10»-ը, որի շրջանակներում պետք է երկրները ներկայացնեին բնապաhպանության ոլորտում կատարած իրենց աշխատանքները: Մեկ տարի մեր իշխանական կառույցները բացարձակ չէին պատասխանում ՄԱԿ-ի հարցումներին»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ այդպիսով Հայաստանը հայտնվել էր ՄԱԿ-ի «սև ցուցակում»: «Ռիո + 10»-ի պատմությունը, նրա հավաստմամբ, վերջացել է նրանով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարուղարությունը նամակ է հղել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ին և խնդրել, որ վերջինը քարտուղարությանը տեղեկացնի ոլորտում զարգացումների մասին, մինչ կառավարության` գործընթացին միանալը:
Մայրաքաղաքը, բնապահպանի հավաստմամբ, էկոլոգիապես ծանր վիճակում է: Այդ պատճառով հ/կ-ն Երևանի քաղաքապետարանի հետ ստեղծելու է էկոլոգիական խորհուրդ` «Երևանում ինչ հնարավոր է փրկելու համար»:
ԸՍՏ Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐ ՎԻՃԱԿՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է «ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ»
Արմենպրես
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնագամը պատասխանն է մարդկությանը` բնության նկատմամբ բարբարոս վերաբերմունքի դիմաց: Ներկայիս բնակլիմայական փոփոխություններն ու օրեցօր ավելացող հիվանդությունները նույն անխնա վերաբերմունքի արդյունքներն են: Նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր հրավիրված ասուլիսում` նշելով, որ առհասարակ տնտեսությունը բնական ռեսուրսները գերսպառող օղակ է, սակայն բնությունը նույն արագությամբ չի կարողանում վերականգնել սպառված ռեսուրսները:
Այս եւ համաշխարհային բնապահպանական առկա վիճակի, խնդիրների եւ հետագա անելիքների մասին հարցերը փետրվարի վերջին օրերին լայն քննարկում են ունեցել նաեւ Ինդոնեզիայի Բալու կղզում կազմակերպված ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի կառավարման խորհրդի հերթական հաժողովում, որտեղ Կ.Դանիելյանը հանդես է եկել որպես եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչ: Նույն համաժողովում, բանախոսի փոխանցմամբ, արձանագրել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված աշխատանքները բավարար չեն գնահատվում. բնապահպանական խնդիրները գլոբալ մակարդակով շարունակում են արդիական մնալ:
Որպես առաջնային խնդիր էկոլոգիայի ոլորտում նշվում է գլոբալ բնապահպանական կառավարման հարցը, որը պետք է լինի յուրաքանչյուր պետության ուշադրության կենտրոնում: Բացի դրանից, հարկավոր է հստակեցնել այն մեխանիզմները, որոնք կկարգավորեն ոլորտը` սկսած ֆինանսատնտեսական հարցերից մինչեւ իրավական սպեկտորը:
«Այս ամենի մասով համապատասխան մշակումները կան, մնում է միայն երկրների, այդ թվում եւ Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի դրսեւորումը խնդիրների լուծման հարցում»,- ասաց բնապահպանը: Էկոլոգիական հարցերի բարձրաձայնման ու լուծման նպատակով աշխարհի մի խումբ պետություններ միացել են «Ռիո + 20» գործընթացին, որի արդյունքում ծրագրի մենկարկից սկսած 20 տարի անց պետք է զեկույցով ներկայացվեն անդամ երկրներում բնապահպանական ոլորտում իրականացված ծրագրերը:
«Այս գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանն ավելի ակտիվ լինել: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները եւս պետք է համագործակցեն իշխանության հետ` անաչառ համատեղ զեկույց պատրաստելու համար»,-նկատեց Հանրային խորհրդի անդամը: Համեմատության կարգով Կ.Դանիելյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում եւ առհասարակ աշխարհում բնապահպանական իր վիճակով գտնվում է «մոլորակային միջին մակարդակում», այսինքն` հայաստանյան իրավիճակն այս առումով համահունչ է մոլորակի բնապահպանական իրավիճակին:
Բանախոսը, սակայն, առանձնացրեց երկու բնագավառ, որոնց առումով երկրում իրավիճակը միջին աստիճանից ավելի ցածր է. դրանք վերաբերում են թափոնների կուտակման եւ անտառների կորստի հարցերին: Բնապահպանների բարձրացրած ահազանգերի շնորհիվ, Կ.Դանիելյանի խոսքով, լուծում են ստացել Սեւանա լճի եւ Սոթքի մասով հարցերը, սակայն օրակարգային է մնում Երեւան քաղաքի բնապահպանական վիճակի խնդիրը: Վերջինիս լուծման նպատակով քաղաքապետարանում նախատեսվում է ստեղծել էկոլոգիական խուրհուրդ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՄԲ
Արմենպրես
Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ծառերի էտումն այսուհետ կիրականացնի բնապահպանության ոլորտում գործող մասնագետների խորհրդատվությամբ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, նախորդ տարիներին իրականացրած ծառերի խորը էտումն այս տարի չի շարունակվի. քաղաքապետարանը խոստացել է` էտման, սանիտարական բուժման գործընթացները կկատարվեն միայն մասնագետների մասնակցությամբ:
«Խոստացել են, որ ծառերի խորը էտում չի լինի, միայն հիվանդ եւ չոր ճչուղերը կհեռացվեն»,- ասաց նա:
Կ.Դանիելյանն ավելացրեց, որ ծառերի կտրման դեպքերի ժամանակ շատ են դիմում իրենց գրասենյակ, վերջինս էլ դիմել է քաղաքապետարան էտման հարցը կարգավորելու նպատակով` ստանալով դրական պատասխան:
Հիվանդ ծառերը բուժելու համար, բնապահպանի խոսքով, հարկավոր են որոշ կենսաբանական նյութեր օգտագործել, սակայն քաղաքի էկոլոգիական վիճակից ելնելով նման նյութերով բուժում խորհուրդ չեն տալիս: Դրա փոխարեն նա առաջարկեց ծերացած ու հին ծառերը հետեւողականորեն փոխարինել նորերով, չնայած որ այդ գործընթացը բավականին ժամանակատար է եւ մեկ տարում իրականանալիք ծրագիր չէ:
Մարտ 11, 2010
