ԴԱՍԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

«Ա1+»

Խոզերի դասական ժանտախտի նոր դեպքեր Տավուշի մարզում չեն բռնկվել եւ իրավիճակը կայուն է: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Սննդի անվտանգության եւ անասնաբուժության մարզային կենտրոնի պետ Վասիլ Աբրահամյանը:

Նրա խոսքերով` ժանտախտի տարածումը կանխելու նպատակով ոչնչացվում է ամբողջ խմբաքանակը եւ անարյուն եղանակով խոզին թաղում են, որ արյունն էլ չթափվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի ժանտախտ էր բռնկվել: Իսկ այնուհետեւ վարակը տարածվել էր Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում:

Տավուշի մարզպետի կողմից հայտարարվել է կարանտին: Նոյեմբերյան քաղաքում հսկիչ կետեր են տեղադրվել, որոնք ստուգում են դուրս եւ ներս մտնող մեքենաները:

«Ախտահանիչ գորգեր են փռված, իսկ ոստիկանները եւ անասնաբույժները հերթապահություն են իրականացնում, առանց տեղեկանքի, փաստաթղթի եւ առանց ճշտելու, միս- մսամթերք չի տեղափոխվում մարզի տարածքից` վարակները չտարածելու համար»,- «Ա1+»-ին ասաց նա:

Իսկ թե ինչի՞ց է առաջացել խոզի ժանտախտը, Վասիլ Աբրահամյանը չի կարող ասել, քանի որ. «Ենթադրություններ չեմ ուզում անել»:

Մարտ 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր