

ԷկոԼուր
2010թ. մարտի 10-ի պաշտոնական նամակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանական տեսչության պետ Ա. Սահակյանը մասնակիորեն պատասխանեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցմանը` «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցող ծառահատումների վերաբերյալ: «Էկոլուր»-ի այն հարցին, թե ինչ իրավունքով է «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿԸ, որը պետք է միայն արտահանի հատված ծառերը, դեռեւս շարունակում անտառահատումները, նախարարությունը պատասխանեց. «2009թ. «Դիլիջան» Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան» տեղամասի 47-րդ քառակուսում հատկացվել է հատատեղ եւ, համաձայն թիվ 6 անտառհատման տոմսի, հատատեղի շահագործման ժամկետ է սահմանվել 29.12.2009թ.: Հատատեղում կնքված բոլոր ծառերը հատվել են շահագործողի կողմից, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հատատեղի փայտանյութը չի տեղափոխվել ներքին պահեստ:
«Դիլիջան» Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից 2010թ-ի հունվարի 22-ի թիվ 23 հրամանով, հատատեղի շահագործման եւ արտահանման ժամկետները երկարացվել են մինչեւ 31.05.2010թ., ինչը չի հակասում գործող իրավական ակտերով սահմանված կարգին»: «ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել բնապահպանական պետական տեսչությունն այս դեպքի առնչությամբ, ի պատասխան նամակում նշված է. «Ձեր կողմից նշված ծառերի հատումները կատարվել են «Դիլիջան» Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջան տեղամասի 6-րդ պահաբաժնում: Պահաբաժնում իրականացված ծառերի հատումները իրականացվել են ապօրինի, որի հետեւանքով կազմվել են թիվ 4, 5, 6 եւ 7 անտառխախտման արձանագրությունները: 7 ապօրինի հատված ծառերի հետեւանքով բնությանը հասցված վնասի գումարի չափը կազմել է 2801,25 հազար դրամ: Ազգային պարկի պահպանության բաժնի եւ Դիլիջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի ծառահատողները: Ապօրինի հատված ծառերի համար կազմվել են համապատասխան նյութերը եւ ուղարկվել իրավապահ մարմիններին հետագա ընթացք տալու համար»:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանական տեսչության պետ Ա. Սահակյանը չի պատասխանել այն հարցին, թե 2009թ. ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի որքան տարածքում է սանիտարական հատում իրականացվել, որքան խախտում է արձանագրվել եւ ազգային պարկի որքան տարածքն է զրկվել անտառածածկույթից:
Մարտ 16, 2010
