ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՃՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԻՑ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ, ԻՍԿ ԿՈՄԲԻՆԱՏՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆՎՏԱՆԳ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՃՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԻՑ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ, ԻՍԿ ԿՈՄԲԻՆԱՏՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆՎՏԱՆԳ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Վիկտորյա Բուռնազյան, ԷկոԼուր

Ճոճկանի պոչամբարը սպառնում է անդառնալի աղետի պատճառ դառնալ: Պոչամբարի պարունակությունը` 22 միլիոն խորանարդ մետր թույն, կարող է ամեն վայրկյան թափվել անդրսահմանային Դեբեդ գետը, ծածկել ճանապարհը եւ երկաթգիծը: (Տես լուսանկարները):

Այս ահազանգի հետ համակարծիք է նաեւ ՀՀ  բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը: Նրա բացատրությամբ` պոչամբարի դրենաժային համակարգը չի գործում, խողովակները, որով պոչամբար մտնող ջուրը պետք է շրջանառություն կատարի, փակված են, եւ ջուրը մնում է պոչամբարում` գոյացնելով հեղուկ մասսա: Հորդառատ տեղումների կամ երկրաշարժի ժամանակ այդ մասսան կարող է հոսել ներքեւ եւ թունավորել շրջակա միջավայրը: Պոչամբարի հարակից տարածքում, որտեղ գտնվում են պոչամբարի դրենաժային խողովակները, ռեստորան է կառուցվել, եւ բետոնապատվել է պոչամբարի դրենաժային համակարգը:

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչ վիճակում է պոչամբարի հատակը: Տարիներ շարունակ անտերության մատնված պոչամբարի թունավոր հեղուկը ներծծվում է գրունտային ջրերի մեջ եւ, տարածվելով, աղտոտում շրջակայքը: Նշենք, որ պոչամբարի հարեւանությամբ են գտնվում Ճոճկան համայնքի այգիները, դեպի որոնք հոսում են պոչամբարի ջրերը:

Ամռանը պոչամբարի պարունակությունը գոլորշիանում է եւ տարածվում մթնոլորտում: Պոչամբարի հարեւանությամբ գտնվող Ճոճկան համայնքի բնակիչներին անհանգստացնում է այն, որ պոչամբարում բարձր ռադիոակտիվություն կա: «Ճառագայթում կլինի, հնարավոր չի, որ չլինի,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Ճոճկանի համայքապետ Սամվել Գիգոլյանը եւ հավելեց, որ Ճոճկանում ճառագայթային ֆոնը որոշող սարք են տեղադրելու:

ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Ճոճկան համայնքից որոշակի տարածք տրամադրվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին` Ճոճկանի պոչամբարը կառուցելու համար: Պոչամբարը շահագործման է հանձնվել դեռեւս 1965 թվականից:  Այն այժմ պատկանում է «Metal Prince» Ltd կորպորացիայի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին:  1988-1989թթ. խորհրդային իշխանությունները ցանկանում էին պոչամբարը ռեկուլտիվացնել, քանի որ լցվել էր, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով այն մնաց բաց ու առանց խնամքի: «Էս վերջին տարիներին ոչ մի բան, բայց անցած տարի հին պարտքեր ունեին հողի, բերին մարեցին` մոտավորապես 670 հազար  դրամ»,- նշեց Սամվել Գիգոլյանը: Նրա խոսքերով` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է շահագործել Ճոճկանի պոչամբարը: Ընկերությունն աշխատանքներ է տանում պոչամբարի ջրահեռացման համակարգը նորոգելու ուղղությամբ, սակայն դեռեւս պոչամբարի անվտանգությունն ապահովված չէ:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն բնապահպանական տեսակետից իր գործունեությունն անվտանգ է համարում: Այս մասին տեղեկանում ենք «Metal Prince» Ltd կորպորացիայի պաշտոնական կայքի «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնից:

Նշենք, որ մինչեւ վերջերս «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում էր Ախթալայի պոչամբարը, որը գտնվում է ներքեւում` վանքի հարեւանությամբ: Այն այժմ լցված է, թափոնները դուրս են եկել պոչամբարի սահմաններից եւ անձրեւաջրերի հետ միասին լցվում են Ախթալա գետը: Մյուս կողմից, չոր եղանակին քամին պոչամբարի փոշին տարածում է շրջակա համայնքներում: Այժմ կոմբինատը շահագործում է երկրորդ պոչամբարը, որը երկար ժամանակ փակ էր: Ընկերությունն այստեղ որոշակի շինարարական աշխատանքներ է կատարել եւ սկսել շահագործումը: Կոմբինատը մտադիր է այն շահագործել ընդամենը 1 տարի, որից հետո 10 տարի ժամկետով շահագործման կհանձնվի երրորդ պոչամբարը: Ըստ ընկերության պաշտոնական կայքի` ներկայումս երրորդ պոչամբարը կառուցման փուլում է: Թեպետ երրորդ պոչամբարի անունը չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Ճոճկանի պոչամբարի մասին է, քանի որ Ճոճկանի պոչամբարի լուսանկարն է տեղադրված կայքի «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնում: Ընկերությունը նախատեսում է 2010թ. գարնանից գործարկել այդ պոչամբարը: Դրա կառուցման համար շուրջ 850 հազար ԱՄՆ դոլլարի ծախս է կատարվելու, կառուցվելու է 8 կմ երկարությամբ երեք խողովակաշար: Կայքի համաձայն` այս պոչամբարի միջոցով ընկերությունը լուծելու է բնապահպանական եւ տնտեսական հարցեր: Նշենք, որ սույն թվականի մարտի 19-ին «ԷկոԼուր»-ի` Ճոճկան կատարած այցի ընթացքում պոչամբարը դեռ նույն վիճակում էր:

Կայքում նաեւ նշվում է, որ «Metal Prince» Ltd կորպորացիան իրականացնում է նաեւ բարեգործական ծրագրեր եւ լուծում սոցիալական խնդիրներ: Ճոճկանի համայնքապետի խոսքերով` ընկերությունն իրենց համայնքում որեւէ բարեգործական, սոցիալական կամ բնապահպանական ծրագիր չի իրականացրել, թեպետ իրենք բազմիցս գրել են պոչամբարի վտանգավորության մասին:

Ապրիլ 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր