

Ա1+
Աէրացիայի մաքրման կայանում կոյուղաջրերի ֆիլտրացումը դեռեւս կատարվում է մեխանիկական եղանակով` այն էլ մասամբ, մինչդեռ անհրաժեշտ պայման է կենսաբանական եւ քիմիական ախտահանումը:
66 հա տարածք զբաղեցնող կայանից այսօր օգտագործվում է ընդամենը 30%-ը, իսկ տարածքի մեծ մասը` տարիներ շարունակ անգործության մատնված սարքերն են: Կայանում մաքրվում են Երեւան, Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճըն, Արզնի եւ Եղվարդ քաղաքների կոյուղաջրերը:
«Կեղտաջրերը ընդունման խուցով նախ անցնում են 16մմ հաստության ճաղավանդակներով, որտեղ ավելի խոշոր կեղտերը բռնվում են: Հաջորդում ավազորսիչներն են, ապա ջրի հոսքը սահմանափակող ցիկլն է, որից հետո միայն շուրջ 600 հազ. խմ ջուրը հոսում է Հրազդան գետ»,-ասում է Աէրացիայի կայանի տնօրեն Արմեն Նիազյանը:
Ֆիլտրացման ժամանակ առաջացած ավազե տիղմը էքսկավատորի միջոցով հանվում է, ապա Աէրացիայի տարածքում կուտակվում եւ չորացվում: Իսկ որքանո՞վ է գետ հոսող ջուրը «մաքուր» եւ անվտանգ. Արմեն Նիազյանն վստահեցրեց, որ ջրի փորձանմուշներն ամեն օր ստուգվում են լաբորատորիայում:
Ի դեպ, կոյուղատարը Աէրացիայի մաքրման կայան է բերում կենցաղային աղբ, անասնակեր, մորթված կենդանիներ մնացորդներ, սատկած շուն ու կատու: Նույնիսկ մարդու դիակ են հանել:
«Այդպիսի մեծ չափերով աղբը շարքից հանում են առանց այդ էլ մաշված սարքավորումները, որոնք դժվարությամբ ենք վերանորոգում»,-ասաց Աէրացիայի մաքրման կայանի ծառայության պետ Վալերի Գրիգորյանը:
Ըստ նրա` իրենք վերահսկողություն սահմանելու իրավական ուժ չունեն, քանի որ այդ պարտականությունը տրվել է Բնապահպանության նախարարությանը:
«Դառնում է այնպես, որ տանջանքը մենք ենք քաշում, օգուտներն իրենք են ստանում»,-ասաց նա:
Ի դեպ, Աէրացիայի կայանում հերքեցին այն լուրերը, թե այնտեղ սպիրտի արտադրություն է իրականացնում:
«Մենք երբեւէ որեւէ ապրանքատեսակ չենք արտադրել, քանի որ տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս»,-ասաց Աէրացիայի կայանի տնօրեն Արմեն Նիազյանը:
Բայց ավելացրեց, որ որոշ գործընթացներից հետո գուցե հնարավոր լինի տեխնիկական սպիրտ ստանալ, սակայն առ այսօր չի եղել: Կայանը շահագործման է հանձվել 47 տարի առաջ, մինչ օրս հիմնովին չի նորոգվել: Ըստ տնօրենի` 2011թ-ից նախատեսվում է կայանի վերկանգնման երկամյա եռափուլ ծրագիր, որը կիրականացվի Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացված 1.4 մլն եվրո արտոնյալ վարկով:
Մայիս 18, 2010
