

Նաիրուհի Նանյան, Ժամանակ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում մայիսի 15-ին բացվել է արտադրական վթարների հետեւանքով զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթող:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, ժամը 18.30-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունների եւ հրդեհի արդյունքում մահացան գործարանի 4 աշխատակիցներ` 1959թ. ծնված, քլորոպրենի ստացման տեղամասի հերթափոխի պետ Լեւոն Լեւոնյանը, 1958թ. ծնված, հիդրոքլորացման ապարատավար, բրիգադավար Հովհաննես Հովհաննիսյանը, 1959թ. ծնված, թորման ապարատավար Վահան Գրիգորյանը, 1970թ. ծնված, վերանորոգող փականագործ Արթուր Կարապետյանը: Հրդեհի պատճառով վնասվածքներ ստացան եւս 8 աշխատակիցներ: Փաստի առթիվ քրգործ հարուցվեց անվտանգության կանոնների խախտման հիմքով, բայց արդյո՞ք դա զուտ կանոնների խախտում էր, թե՞ ավելի մեծ հանցագործություն թաքցնելու քայլ...
Նշենք, որ դեպքի առիթով տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Լուրեր սպրդեցին, որ պայթյունին նախորդած ժամանակահատվածում իրավապահները գործարանում ինչ-որ չարաշահումների «հոտ են առել» եւ նույնիսկ աշխատակիցներից մատնահետքեր վերցրել, որից հետո աշխատավարձեր էին կրճատվել, որ սարքավորումների ինչ-ինչ դետալներ լրացնեին: Իսկ ի՞նչ դետալներ էին դրանք: Ըստ շրջանառվող խոսակցությունների` քլորոպրենի արտադրամասում տեղադրված են չափիչ սարքեր, որոնց միջոցով կազմակերպվում եւ կարգավորվում է քլորոպրենի ստացման գործընթացը: Այդ սարքերի վրա պետք է լինեին դետալներ, սլաքներ, որոնք պետք է ցույց տային` գազի կամ քլորոպրենի արտադրության համար անհրաժեշտ ինչ-որ նյութերի չափաքանակը, սակայն դրանք չեն եղել: Չեն եղել, քանի որ դետալները, սլաքները, որոնց մասին խոսքը գնում է, պալադիումից էին, որը ճշգրտող հատկություն ունի. այն շատ թանկարժեք մետաղ է, շատ ավելի թանկ, քան ոսկին: Եվ նույնիսկ դրա համաձուլվածքից, որի 40 տոկոսը պալադիում է, ասում են` հնարավոր է 58.5 հարգի «ոսկի» ձուլել եւ նույնիսկ ստուգելիս դժվար է պարզել` իսկակա՞ն ոսկի է, թե կեղծ, քանի որ պալադիումը խառնուրդն «անցկացնում է» «մաքուր ոսկու» տեղ: Եվ չի բացառվում, որ հենց դրանց անհետացման հոտն են առել ու սկսել մատնահետքեր վերցնել: Արդյունքում պայթյուն է եղել, հրդեհ, եւ վերացվել են բոլոր հետքերը:
Բայց կա նաեւ երկրորդ վարկածը. ըստ այդմ` նշյալ չափիչ սարքերի դետալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել` ճշգրիտ որոշել քլորոպրենի արտադրության համար անհրաժեշտ նյութերի չափաքանակը, ինչից պայթյուն է առաջացել: Դա, իսկապես, անվտանգության կանոնների խախտում է, եւ գուցե ճիշտ է, որ հենց այդ հիմքով է քրգործ հարուցվել: Այս դեպքում, սակայն, մի «բայց» մնում է` ինչո՞ւ են մատնահետքեր վերցրել... Սրանք ընդամենը վարկածներ են, որոնք հաստատվելու կամ հերքվելու հավանականություն ունեն:
Այդուհանդերձ, մի քանի մասնագիտական հարցերով այն ժամանակ դիմեցինք բնապահպաններ Կարինե Դանիելյանին եւ Հակոբ Սանասարյանին` մեր լսած վարկածի` թեկուզ որոշ մասի ճշմարտացիության կամ անհեթեթության մեջ համոզվելու համար: Նրանք հաստատեցին, որ պալադիումն ունի ճշգրտող հատկություն, իսկ Հակոբ Սանասարյանն ասաց, որ պալադիումն, իրոք, հրաշալի կատալիզատոր է, բավական թանկարժեք մետաղ եւ «Նաիրիտում» տարբեր տեսակի բազմաթիվ կատալիզատորներ են օգտագործվում: Բայց զրուցակիցներս դժվարացան պատասխանել, թե կոնկրետ «Նաիրիտում» ինչ ձեւով է քլորոպրեն ստացվում եւ արդյո՞ք չափիչ սարքերում օգտագործվել է պալադիում, թե՞ ոչ: Նրանց փոխանցմամբ` այդ հարցին կարող են պատասխանել միայն աշխատողները, մասնավորապես` քլորոպրենի ստացման պատասխանատու մասնագետները: Բայց արի ու տես, որ մահացել են քլորոպրենի ստացման տեղամասի հերթափոխի պետը, հիդրոքլորացման ապարատավար- բրիգադիրը, եւ թորման ապարատավարը. հնարավոր է, որ նրանք հենց «խնդրո առարկա» ապարատների հետ են աշխատել եւ կարող էին լավատեղյակ լինել «պալադիումական անցուդարձին...», իսկ փականագործի մահը գուցե պարզապես պատահականություն էր կամ` հնարավոր հետքից շեղելու տարբերակ:
Հետաքրքիր է` այս գործով քրեական պատասխանատվության ենթարկվողներ եղա՞ն, թե այս գործն էլ «ջրվեց-գնաց»: Հիշեցնենք, որ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Նաիրիտը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընտանիքին է պատկանում:
Մայիս 25, 2010
