ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԾԽՆԵԼՈՒՅԶԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՆ

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Հարցազրույց «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ

Ինչպե՞ս եք դիմակայում ճգնաժամին:


Ձեռնարկության գործունեությունը ընթանում է բնականոն հունով: Արտադրական ցուցանիշների առումով առանձնապես մեծ տարբերություն չունենք, աշխատում ենք մոտավորապես նույն ծավալներով, ինչ անցած տարիներին:

Հիմա մենք ամսեկան արտադրում ենք 550-600 տոննա պղինձ: Անցած տարի ձեռնարկությունը աշխատել է շահույթով: Աուդիտը դեռ չի ավարտվել, որպեսզի կարողանանք հաստատված շահույթի թիվը հրապարակել, բայց ընդհանուր առմամբ վնասաբեր չի եղել ընկերության գործունեությունը:
Ընկերությունում աշխատավարձի բարձրացումներ են կատարվել: Այսօր ընկերության 630 աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Ունենք նաեւ հոգսեր:

Ձուլման վառարանի կյանքի տեւողությունը մոտենում է իր ավարտին եւ դրա հետ կապված նախատեսում ենք նոր վառարանի կառուցում, որպեսզի ձուլարանը կարողանա շարունակել իր աշխատանքը:

Եվ, իհարկե, մեր հիմնական խնդիրը, որ հաստատ «Հետք»-ին կհուզի, բնապահպանական խնդիրն է: Այս պահին լեռնամետալուրգիայի ինստիտուտը մեր պատվերով մշակում է նախագիծ` գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սար տեղափոխելու հետ կապված:

Հաշվարկները ցույց են տալիս, որ դրա իրականացման արդյունքում քաղաքի վրա բնապահպանական ազդեցությունը տասնյակ անգամներ կնվազի:

Պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող գազերը միշտ էլ Ալավերդիում բնակչության դժգոհությունն են առաջացրել, բայց վերջին շրջանում արտանետումները բավականին շատացել են: Պատկերացրեք, որ Ալավերդու փողոցներում քայլելն ուղղակի անհնարին է դարձել, մարդիկ շնչահեղձ են լինում: Դա տեխնոլոգիական պրոցեսների խախտմա՞ն, թե՞ արտադրության ծավալների ավելացման հետեւանք է:

Մենք արտադրության ծավալների ավելացում չունենք: Արտադրության կառուցվածքում կա փոփոխություն, բայց դա բնապահպանական տեսանկյունից, ինչ-որ առումով, նույնիսկ նպաստավոր պետք է լիներ, որովհետեւ հումքի մատակարարման ծավալների կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված` ավելի շատ վերջին 2-3 ամիսների ընթացքում ձուլվում է Զանգեզուրից` Քաջարանից ստացվող խտանյութ, որտեղ ծծմբի պարունակությունն ավելի ցածր է, քան Դրմբոնից ստացվող խտանյութում ծծմբի պարունակությունը: Հավանաբար, այդ առումով էական նշանակություն ունեն եղանակային պայմանները:

Փաստորեն, առաջիկայում ընկերությունը, բացի ծխնելույզի տեղափոխումը, բնապահպանական այլ բարեփոխումներ չի նախատեսում:

Մյուս միջոցառումը կարող է լինել ծծմբաթթվի արտադրությունը: Այս պահին դեռեւս իրատեսական չէ այս ծրագրի իրականացումը:

Թեղուտի ծրագրի մեկնարկից հետո, երբ որ Թեղուտում կունենանք պղնձի արտադրություն, արդեն հնարավորություն կունենանք նաեւ գնահատել ծծմբաթթվի պահանջարկը ՀՀ-ում:

Այս պահին Ալավերդիում փորձարարական արտադրություն ենք կազմակերպել, այստեղ փորձարկումների միջոցով փորձում ենք հասկանալ, թե արդյոք Թեղուտում կարո՞ղ ենք օքսիդացված հանքաքարը ծծմբաթթվի միջոցով վերամշակել:

Եթե փորձարկումները հաջողվեն, ապա կունենանք նաեւ Ալավերդիում արտադրվող ծծմբաթթվի սպառման հուսալի շուկա:

Մեր հեռահար ծրագիրը մնում է, եթե Ալավերդիում պետք է լինի ձուլարան, ապա դա պետք է լինի կենսունակ, բնապահպանական տեսանկյունից անվտանգ ձուլարան:

Այն ձուլարանը, որն այսօր ունենք, կենսունակ չի: Բայց դրա գործարկումը պայմանավորող մի քանի գործոններ կան: Հնարավոր չէ 1 օրում կամ տարում ունենալ ամենաժամանակակից ձուլարան` առանց բնապահպանական որեւէ խնդրի:

Ի՞նչ իրավիճակ է այսօր Թեղուտում:

Թեղուտում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում` կրկին մեր ներքին ռեսուրսների հաշվին: Ցավոք, լիարժեք ֆինանսավորումը դեռ չի սկսվել: ժամանակացույցի համաձայն` արդեն հատվել է մոտ 40 հա անտառ, մեր կողմից անտառապատվել է 107 հա տարածք:

Այդ ամբողջ անտառները գտնվում են Լոռու մարզում: Այս տարի անտառապատման աշխատանքերը շարունակում ենք: Մի մասը` Շնողի եւ Թեղուտի տարածքում, մի մասը` Լեռնահովիտ գյուղի տարածքում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` ապրիլի 13-ին Ալավերդի կատարած այցի շրջանակներում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վ. Մեջլումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Թեղուտի ծրագրի ֆինանսավորման բանակցությունները «ՎՏԲ»-ի հետ ամփոփիչ փուլում են, եւ ֆինանսավորման պայմանագրերը արդեն կնքվում են: Կնքվեցի՞ն բանկի հետ ամփոփիչ պայմանագրերը:

ՎՏԲ-ի հետ չունենք ստորագրված վարկային նոր պայմանագիր: Ծրագիրը անցնում է բանկի ներքին ընթացակարգով սահմանված փուլերը, բայց հավատում ենք, որ առաջիկա ամիսներին կհասնենք ֆինանսավորման:

Ֆինանսավորման նման պայմաններում կարո՞ղ եք Թեղուտի ծրագիրը նախատեսած ժամկետներում սկսել:

Եթե ծրագիր ասելով ի նկատի ունեք մեր աշխատանքային նախագիծը, ապա, իհարկե, որոշակի ուշացումներ կլինեն, որովհետեւ «ՎՏԲ» բանկի հետ վարկային պայմանագիրը ստորագրվել է 2008 թ. մայիսին, անցել է 2 տարի, դեռեւս բանկի կողմից հաստատված ֆինանսավորում չունենք: Բնական է, որքան էլ մեր ներքին ռեսուրսների հաշվին նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, տեմպը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին կունենայինք լիարժեք ֆինանսավորման դեպքում: Հետեւաբար, եթե ոչ ամբողջ 2 տարով, ապա 1-1,5 տարով ուշացում կունենանք Թեղուտի աշխատանքների մեկնարկում:

Նախորդ տարի «Հետք»-ի հրապարակումից հետո «Էյ-Սի-Փի»-ն «Մանես»-ին գումարներ տրամադրեց` աշխատանքային խեղման նպաստների պարտքը մարելու համար: Սակայն նպաստառուները 2010 թ. անցած 5 ամիսներին եւ 2008-2009 թթ. առանձին ամիսների չեն ստացել իրենց նպաստները: Ալավերդիում շրջանառվում են լուրեր, որ «Մանես» ԲԲԸ-ում կատարվել են նպաստների յուրացումներ, որի համար աշխատանքից ազատվել է ընկերության տնօրեն Աղվան Հովհաննիսյանը, իսկ հաշվապահի նկատմամբ քրեական նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Ալավերդու բաժնում:

Աղվան Հովհաննիսյանին «Էյ-Սի-Փի»-ն չի ազատել աշխատանքից: Ոստիկանության հաղորդագրությունից մենք տեղյակ ենք, որ «Մանես» գունավոր մետաղների գործարանում չարաշահումներ են տեղի ունեցել: Այս պահին ընկերության հաշվապահը որոշ թոշակառուների իրենց նպաստները չի տվել, յուրացում է տեղի ունեցել, բայց եկեք չշտապենք:

Սպասենք քննության

Հունիս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր