Լարիսա Փարեմուզյան, Հետք
Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի համար նախատեսված գերեզմանոցը կառուցվել է նույն կոմբինատի կողմից 1980-ական թթ.-ին:
Գերեզմանոցը ներկայումս ունի էկոլոգիական լուրջ վտանգներ, որոնց հետազոտական աշխատանքները ԵԱՀԿ դրամաշնորհային ծրագրով մրցութային կարգով շահել և իրականացնում է Ալավերդու «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն ՀԿ-ն:
Ծրագրի աշխատանքները ՀԿ-ի կողմից մեկնարկել են այս տարվա փետրվարի 25-ին և ավարտվելու են օգոստոսի վերջին: Գերեզմանոցի էկոլոգիական ռիսկերի հետազոտման աշխատանքներին աջակցելու համար «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն ՀԿ-ն Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունից խնդրել է ֆինանսական աջակցություն, որին ի պատասխան` այսօր «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԿ-ին տեղեկացրել են, որ ընկերությունը մկնդեղի գերեզմանոցում հետազոտական արդյունավետ աշխատանքներին աջակցելու համար հատկացրել է 1000 եվրո:
ԸՆկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը ծրագրի ղեկավարին հայտնել էր, որ ընկերությունը պատրաստակամ է մկնդեղի գերեզմանոցի հետազոտական աշխատանքների արդյունքները ստանալուց հետո անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` գերեզմանոցի անվտանգությունն ապահովելու համար:
Հունիս 17, 2010
