ՄԵՆՔ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞ՆՔ

ՄԵՆՔ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞ՆՔ

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր

Սարերում փորված 1 (կամ 2) կմ երկարությամբ թունելը տանում է դեպի բունկեր: Բունկերը մտնում է 150մ-ից ոչ պակաս խորությամբ հողի մեջ: Ի՞նչ է դա: Դա ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների ապագա գերեզմանոց է, որի համար տարածք է փնտրում Երեւանի պետական համալսարանի «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ը: Կենտրոնը կապալառու է, որը կատարում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատվերը: Այստեղից էլ հենց հիմնական ինտրիգը՝ ի՞նչ պետք է թաղվի նման յուրահատուկ չափորոշիչներ ունեցող գերեզմանոցում:  

Որոշ բացատրություններ մենք ստացանք հունիսի 7-ին՝ Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած Էկոլոգիական հասարակական դաշինքի նախաձեռնող խմբի աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցեցին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի, «Հանուն կայուն մարդկային զարգացման » ասոցիացիայի, «Ջրի ազգային գործընկերություն» Հկ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ  «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Մարատ Գրիգորյանը (պատվերն իրականացնողը), Երեւանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Էդիկ Խորոզյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Նունե Հակոբյանը, լրագրողներ:

Հիշեցնենք, որ քննարկման թեման Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների (Արարատի մարզ) տարածքում ռադիոակտիվ, քիմիական վտանգավոր նյութերի եւ թափոնների նոր գերեզմանոցի տեղադրման վերաբերյալ S.O.S. ահազանգն էր: Սույն թվականի ապրիլին եւ մայիսին Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների բնակիչները դեմ էին հանդես եկել հետազոտական աշխատանքներին: Պարզելով, որ հետազոտությունները կապված են վտանգավոր օբյեկտի տեղադրման հետ, բնակիչները փակել էին ճանապարհները եւ վռնդել կապալառուներին: Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ բնակիչները ներկայացրել էին հետեւյալ հիմնավորումները՝

•  գերեզմանոցի  տեղադրման վայրը շատ մոտ է նրանց բնակավայրերին
•  ենթադրվող տարածքի մոտով են անցնում երեք համայնքների ոռոգման ջրի խողովակները
•  կարող է վատանալ էկոլոգիական իրավիճակը՝ կապված երկրաբանահետախուզական հորատման աշխատանքների հետ (բնակիչներն ասում են, որ իրենց մոտ դիտարկվում է բարձր ռադիացիոն ֆոն)  
• այդ տարածքում գտնվում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների տեսակներ:

Ու՞մ է պետք այդ գերեզմանոցը

«Կառավարությունը ճիշտ որոշում է ընդունել, որ թափոնների բոլոր տեսակները` ռադիոակտիվ եւ քիմիական, հավաքվեն մեկ վայրում: Մենք ընտրել ենք ամենից անվտանգ վայրը, սողանքային ռիսկերից, երկրաշարժերից ազատ, այնտեղ չկան ջրատար շերտեր: 150 մետր խորության վրա պետք է պատրաստել բունկերներ բոլոր այդ թափոնների համար, որպեսզի ստանանք մշտական տեղ նրանց տեղադրման համար, եւ փորել 1 կիլոմետրանոց  թունել»,- հայտարարեց կապալառու Մարատ Գրիգորյանը եւ հավելեց, որ դա կապ չունի ատոմային կայանի հետ: Նրա խոսքերով` ընտրված տարածքի հեռավորությունը մոտակա գյուղից 3 կմ է, եւ թե ինչու են բնակիչները բոյկոտում, նրան պարզ չէ: «Դա կառավարության որոշումն է եւ պետության առաջնահերթությունը»,- ասաց Գրիգորյանը:

Բժիշկ-հիգիենիստ Լիլիկ Սիմոնյանի հարցին ( «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի ՀԿ»)` «ու՞մ է պետք նոր գերեզմանոց, եթե կա գործողը Մեծամորում» բավարարող պատասխան չստացվեց:

Լիլիկ Սիմոնյանը հիշեցրեց, որ Մեծամորի գերեզմանոցը կառուցվել է հենց բժշկական եւ լաբորատոր թափոնների համար, եւ այնտեղ են տեղափոխվել Սովետաշենում թաղված ռադիոակտիվ թափոնները: «Հատուկ զորքերը զբաղվել են այդ հարցերով, բոլորը տեղափոխեցին Մեծամոր: Եւ հիմա բժշկական թափոններն այդտեղ են թափվում: Արդեն իսկ վտանգավոր օբյեկտ կա ՀԱԷԿ-ի չոր ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կողքին, եւ նոր վտանգավոր օբյեկտի անհրաժեշտություն չկա: Առավել եւս, որ այդ թափոնների մեծ ծավալներ չկան»,- ասաց Լիլիկ Սիմոնյանը:

Կարգավորող փաստաթղթերի մասին

ՄԱԳԱՏԷ-ի ուղեցույց N 111-G-4.1(Վիեննա, 1994 թ.)

Էկոլոգիական փորձաքննության առկայության մասին հարցին Մարատ Գրիգորյանը պատասխանեց, փորձաքննությունն անհրաժեշտ կլինի այն ժամանակ, երբ արդեն կլինի գերեզմանոցի նախագիծը, իսկ հիմա` հետազոտության փուլում փորձաքննություն չի պահանջվում: Նրան աջակցեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Նունե Հակոբյանը` ցույց տալով ՄԱԳԱՏԷ-ի N 111-G-4.1 ուղեցույցը (Վիեննա, 1994 թ.): Իսկապես, ուղեցույցում ոչինչ չի ասվում բնակավայրերից հեռավորության մասին: Սակայն ուղեցույցի 3.4. կետում նշված է, որ տարածքի ընտրման գործընթացը պետք է իրականանա ծրագրի համաձայն, որտեղ կետերից մեկը որոշակիացնում է թաղվելիք թափոնների տեսակն ու քանակը:

Կառավարության 2009թ. հուլիսի 23-ի թիվ 836 որոշում

Հենց այդ սահմանումը չկա երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման մասին կառավարության որոշման մեջ (2009թ. հուլիսի 23-ի թիվ 836 որոշում), որտեղ գերեզմանոցի հարցը դիտարկվում է որոշման հավելվածի 6-րդ կետում`այլ սովորական երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման կողքին:

Կառավարության 2007թ. փետրվարի 22-ի թիվ 228 որոշում

Իրականում կարգավորղ փաստաթուղթը, որին հղում է անում կառավարության 2009թ. որոշումը, կառավարության 2007թ. ապրիլի 22-ի թիվ 228 որոշումն է: Այն կոչվում է «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման եւ վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին»: Որոշման մեջ կետ կա վերոհիշյալ թափոնների թաղման մասին, բայց ոչինչ չի ասվում բժշկական եւ լաբորատոր թափոնների մասին: Դրանց մասին ոչինչ չի ասվում այդ փաստաթղթերից եւ ոչ մեկում:

Կառավարության 2008թ. մարտի 6-ի թիվ 234 որոշում

Թիվ 228 որոշման մեջ հղում կա նաեւ մարտի 6-ի թիվ 234 որոշման վրա «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ստեղծման վերաբերյալ, որը ներկայումս զբաղվում է ուրանային ծրագրով:

Հարցեր առանց պատասխանների

1. Ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի անցկացրել այն կառավարության որոշումների հանրային քննարկումները, որոնք ռադիոակտիվ անվտանգության առումով ուղղակիորեն առնչվում են շրջակա միջավայրին եւ առողջությանը:

2. Ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը  ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հարցում չի պահանջել պետական փորձաքննություն, չի պահանջել նախնական նախագիծ:

3. Ի՞նչ պետք է տեղադրվի գերեզմանոցում, որը նման չափեր ու պարամետրեր ունի (տե'ս վերեւում), եւ որը պետք է համապատասխանի ոչ թե էկոլոգիական փորձաքննության պահանջներին, այլ բացառապես ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին

4. Դա չի՞ նշանակում, որ ուրանի պաշարների հետազոտական աշխատանքները, կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի տարածք գտնելը նոր միջուկային քաղաքականության բաղադրիչն են, որն արդեն իր մեջ ներառում է ոչ միայն ատոմային կայանը:

5. Վերջապես, ի՞նչ կլինի մեզ հետ, եթե 29 հազար քառակուսի մետրից քիչ ավելի տարածքում իրականացվի այդ քաղաքականությունը:

Եթե որպես սկիզբ ընդունենք  2007 թվականը, ապա պատասխանին սպասելուն շատ չի մնացել:

Հունիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր