ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Հասմիկ Դիլանյան, «Ռադիոլուր»

Մոտ երկու ամիս առաջ հանրության ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը: Մայիսի վեցին մեր երկրի կառավարությունը 31 մլն դրամ է հատկացրել` խնդրի առաջին փուլի աշխատանքնները սկսելու համար: Հայաստանի վարչապետն եղել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ մինչեւ միջազգային փորձագետների վերջնական եզրակացությունները չստացվեն, բնականաբար որոշում չի կայացվի, իսկ որոշման կայացման գործընթացին անպայման մասնակից են դառնալու շահագրգիռ բոլոր հասարակական կազմակերպությունները:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը չունի հատակ, պատեր ու տանիք: 100 մետր երկարության, 20 մետր լայնության եւ հինգ մետրից էլ պակաս խորության մեջ մինչ այժմ անհայտ մարդկանց կողմից ու չպարզված հանգամանքներում թաղվել է 600 տոննա թունաքիմիկատ: Ոսկի՞, թե՞ թանկարժեք այլ մետաղ հայտնաբերելու ցանկությունն է պատճառը դարձել, դժվար է ասել, սակայն, 2008 թվականին ինչ որ մարդիկ քանդել են տարածքը: Թանկարժեք մետաղ չեն հայտնաբերել, փոխարենը հողում թաղված թունաքիմիկատները սկսել են տարածվել: Նույն գործընթացը կրկնվեց նաեւ վերջերս: Հայտնվել է ինչ- որ տեխնիկա, որը փորել է տարածքն ու Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կրկին վտանգավոր իրավիճակ ստեղծել: Վտանգավոր է նաեւ այն, որ նույն տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողն այստեղ սահում է` վտանագավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում:

«Ոստիկանությունը փնտրում, սակայն, դեռ չի գտնում, գլխավոր մեղավորներին»,- մայիսի յոթին հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը: Նույն միտքը նաեւ կրկնեց ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Հասարակական կազմակերպությունները աղմուկ բարձրացրեցին, հարցը հայտնվեց մեր երկրի նախագահի ու կառավարության ուշադրության կենտրնում:

Այժմ արդեն վտանգավոր տարածքն ունի պարիսպ, նախազգուշացնող ցուցանակ նույնպես փակցված է: Առաջին քայլերն էլ արված են, մայիսի վեցին կառավարության որոշմամբ, արտակարգ իրավիճակների նախարարությանը 31 մլն դրամ հատկացվեց, նախնական աշխաատնքները սկսելու համար:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պազաբանում է, թե ինչպես են ծախսվել պետական միջոցները.«Կատարվել է շուրջ 31 մլն դրամի շինարարական աշխատանքներ, եւ 700 հազար դրամ` նախագծային եւ մնացած այլ աշխատանքների համար: Անհրաժեշտություն կար, որ ցրված թունաքիմիկատները հավաքվեին, կենտրոնացվեին, առաջին հերթին այդ աշխատանքներն են իրականացվել, ապա իրականացվել են ինժեներական որոշակի աշխատանքներ»:

Փորձագետներն այժմ քննարկում են այն հարցը, թե որն է լինելու հաջորդ քայլը: Բնապահպանները թույնը այրելուն դեմ են, նրանք այդ մասին ասացին նաեւ վարչապետին:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ մինչեւ միջազգային փորձագետների վերջնական եզրակացությունները չստացվեն, բնականաբար որոշում չի կայացվի:

«Իսկ որոշման կայացման գործընթացին անպայման մասնակից ենք դարձնելու բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են եւ որոնք հետաքրքրվում են այս հարցով»,- ասել է վարչապետը:

«Շուրջ 30 տարի այս գերեզմանատանը թունաքիմիկատներ են կուտակվել, հասկանալի է, որ ծավալը բավականին մեծ է եւ մեկ ակնթարթում հնարավոր չէ ճշգրիտ լուծումների վրա դուրս գալ, բայց նաեւ ժամանակակից աշխարհը նոր տեխնոլոգիաներ է առաջադրում, որոնց օգտագործման միջոցով հնարավոր կլինի այս վտանգը չեզոքացնել»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, երեք նախարարություններ կորդինացված աշխատում են եւ պարբերաբար տեղյակ են կպահեն կատարվող աշխատանքների մասին:

Հուլիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր