ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Սիրանույշ Գեւորգյան, ԷկոԼուր

Համաձայն «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տվյալների` Հայաստանում անտառահատումները շարունակվում են` հասնելով աղետալի ծավալների: Անտառների կորուստը առաջացնում է տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնց թվում են հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիան, սելավները և սողանքները, տեղանքի կլիմայի փոփոխությունը, հողերի բերրիության անկումը, բերքատվության նվազումը, կենասաբազմանության կորուստը, աղտոտված օդը և այլն:

Թեև Հայաստանում անտառահատումների մեծ ծավալները գրանցվել են 1992-1995թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ հատումները և անտառածածկ տարածքների կրճատումը շարունակվում է` հասնելով մտահոգիչ ծավալների: Այժմ անտառահատումները կատարվում են էժան վառելիքի մեծ պահանջարկի և անտառային անկատար օրենսդրության պատճառով: Նաև պետք է հաշվի առնել կոռուպցիան, ապօրինի հատումները և անհամապատասխան անտառային քաղաքականությունը: Համաշխարհային Բանկի հաշվարկների համաձայն, եթե հատումները շարունակվեն այս ծավալներով, ապա 20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան:

20-րդ դարի սկզբին Հայաստանի տարածքի 25 տոկոսը անտառածածկ էր: Այժմ այն հասելէ 8-9 տոկոսի:

Ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի տրամադրած տվյալների, որը նա ներկայացրեց հունիսի 21-22-ին տեղի ունեցած «Հայաստանի անտառային ոլորտը. Իրավիճակի վերլուծություն, խնդիրներ, լուծումներ» լրագրողական դասընթացի ընթացքում, Հայաստանում տարեկան օգտագործվում է 500 000 մ3 փայտ միայն որպես վառելիք, այսինքն միայն այս նպատակով ամեն տարի հատվում է 4 000 հա անտառ, չհաշված այլ նպատակներով փայտի օգտագործումը: Մեկ շնչին բաժին ընկնող անտառային տարածքը Հայաստանում ընդամենը 0,1 հա է, այն դեպքում, երբ ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը 27 անգամ ավելի է` 2,7 հա:

Մեկ այլ խնդիր էլ նաև այն է, որ փոքր է Հայաստանի անտառների խտությունը: 1993թ-ի հաշվառման տվյալներով մեկ հեկտարին բաժին ընկնող անտառային ծավալը 125 մա է, որը պահանջվող ծավալի կեսն է: Միևնույն ժամանակ, Հայաստանի անտառների միջին խտությունը 0,52 է: Սա այն սահմանն է, երբ անտառը կարող է կորցնել իր ինքնավերականգնման հատկությունը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, ստեղծված իրավիճակը շտկելու համար, առաջարկում է առաջին հերթին նվազեցնել բնակչության շրջանում փայտանյութի պահանջարկը` առաջարկելով մատչելի այլընտրանք, օրինակ բնական գազի մատակարարում, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացում:  Այս գործընթացը կհանգեցնի տարեկան հատվող փայտանյութի քանակի նվազեցման: Ի հավելումն վերջինիս, պետք է մշակել և կիրառել անտառների կայուն կառավարման ազգային ծրագիր, որը կօգնի ընդարձակել Հայաստանի անտառային տարածքը: 

ՀԿ-ն առաջարկում է նաև անհրաժեշտ այլ քայլեր, որոնց թվում են.
 
• Անտառվերականգնում, մեծածավալ ծառատունկերի իրականացում` երաշխավորելով դրանց հետագա գոյատևումը
• Կոճղաշիվային վերակագնման աշխատանքներ
• Օրենսդրական բարեփոխումներ` անտառների արդյունավետ  պահպանման համար
• Oրենսդրության կիրառման մեխանիզմների մշակում` արդյունավետ անտառկառավարման համար
• Ուսումնասիրություններ և մոնիտորինգ` արդյունավետ կառավարման և հասարակության մասնակցության ապահովման համար
• Հասարակական իրազեկության բարձրացմանն ու կրթությանն ուղղված աշխատանքներ
• Տեղական համայնքների իրավասությունների ուժեղացում` որպես տեղական անտառների պահապաններ:

Հուլիս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր