ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՉԻ՞ ԼԻՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՉԻ՞ ԼԻՆԻ

Tert.am

Մինչև տարեվերջ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը կպարզի՝ Հայաստանում ուրանի պաշարներ կան, թե ոչ։ Համապատասխան հետազոտությունն իրականացվում է Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների միջնամասում գտնվող Ողջի գետի ափերին։ Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ պատասխանելով Tert.am-ի՝ ուրանի հանքավայրերի շահագործման շուրջ առկա մտահոգությունների վերաբերյալ հարցին։ Նշենք, որ ՀՀ կառավարության՝ ուրանի հանքավայրերի շահագործման մտադրությունը մեծ դժգոհություններ է առաջացրել Սյունիքի մարզի ազգաբնակչության և բնապահպանների շրջանում։

«Մտահոգություն, բնական է, պետք է լինի, բայց նաև կկատարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի ուրանի հանքի արդյունահանումը լինի բացարձակ անվտանգ թե շրջակա միջավայրի, թե բնակչության համար։ Եթե լինեն շեղումներ, բնականաբար, աշխատանքները կդադարեցվեն»,- հավատացրեց կառավարության ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ առայժմ միայն հետազոտական աշխատանքներ են իրականացվում։ Դրանց ավարտից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե ուրանի ինչ պաշարներ ունենք, ինչ վտանգ կա այդ հանքաքարերի մեջ, ինչ խորության վրա են դրանք գտնվում։

«Եթե պարզվի, որ կան բավականաչափ արդյունաբերական պաշարներ, կկազմվի ծրագիր, որը կանցնի միջազգային փորձաքննություն։ Պարտադիր պայմաններից մեկը կլինի աշխատանքները միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան կատարելը։ Ծրագիրը կանցնի փորձաքննություն, հավանության կարժանանա միջազգային էքսպերտների կողմից, կդրվեն պայմաններ, թե այդ աշխատանքներն իրականացնելիս ինչ տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն, տեղում կգործի մշտական վերահսկող ծառայություն, ճառագայթային անվտանգության տեսանկյունից կիրականացվի լուրջ ավտոմատ մոնիտորինգ, որպեսզի ամեն ինչ լինի միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանում առկա ցանկացած միջուկային նյութ գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության և հաշվառման տակ։

Առայժմ չի քննարկվել, թե արդյունահանվելիք ուրանը միայն Հայաստանում կօգտագործվի, թե կարտահանվի, ինչ գներով և որ երկրներին կվաճառվի։ «Հարստացումը Հայաստանում չի կատարվի, սակայն դեռևս շուտ է խոսել տնտեսական շահույթի մասին»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ աշխարհում ուրանի արդյունահանման 4 մեթոդ կա, որոնցից միայն մեկն է անվնաս և բացասաբար չի ազդում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Ըստ այդմ՝ հատուկ հեղուկը ներծծվում է այն տարածքում, որտեղ կա ուրան և այն առանձնացնում մյուս նյութերից։ «Հավանաբար Հայաստանում կկիրառվի այդ մեթոդը»,- նշեց բանախոսը։

Նշենք, որ այդ մեթոդներից մեկը՝ ուրանի բաց եղանակով շահագործումը, «բնության թշնամի» է համարվում։

Հուլիս 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր