NEWS.am
ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշ տեղեկություններ է հրապարակել Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ՝ այդ էներգաբլոկի շրջակա միջավայրի վրա ազդեցության շրջանակներում։
ՀՀ կառավարությունն ընտրել է ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության կողմից առաջարկվող ԱԷԿ-92 նախագծի ռեակտորային տեղակայանքը` որպես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի համար ռեակտորային կղզյակ:
ԱԷԿ-92-ը ճնշումային ջրով աշխատող չորս ցիկլով ռեակտորային տեղակայանք է` 1060 ՄՎտ ընդհանուր եւ 995 ՄՎտ զուտ էլեկտրական հզորությամբ (կայանի օժանդակ սարքավորումների էլեկտրաէներգիայի ծախսը ընդհանուր արտադրանքի 6.5% է կազմում), ինչպես նաեւ 3000 ՄՎտ ջերմային հզորությամբ: ԱԷԿ-92-ի նախագիծը ՋՋԷՌ-1000 տիպի ռեակտորի բարելավված տեսակն է` համալրված լրացուցիչ պասիվ եւ ակտիվ անվտանգության համակարգերով, որոնք համատեղում են անվտանգ եւ բնականոն շահագործման ֆունկցիաները:
Ռեակտորի շահագործման ժամանակահատվածը վերալիցքավորումից հետո կազմում է 11.5 ամիս, իսկ վերալիցքավորումը տեւում է 16 օր:
Այս ռեակտորի նախագծով ներկայումս կառուցվում է Հնդկաստանի «Կունդանկուլամ» ԱԷԿ-ը եւ ակնկալվում է «Բելենե» ԱԷԿ-ի կառուցումը Բուլղարիայում:
Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի համար կպահանջվի մոտավորապես 74 հա հողատարածք, որն ամբողջությամբ ներառված է գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի հրապարակի մեջ: Դա այն տարածքն է, որ նախկինում պլանավորված էր 3-րդ եւ 4-րդ բլոկերի կառուցման համար:
ՀԱԷԿ-ի հրապարակը ծովի մակարդակից բարձր է մոտավորապես 930 մ, գտնվում է Երեւան քաղաքից 32 կմ դեպի արեւմուտք: Թուրքական սահմանը, որը հրապարակից հարավ է եւ անցնում է Արաքս գետին զուգահեռ, գտնվում է ՀԱԷԿ-ից մոտ 16 կմ հեռավորության վրա:
Կայանի հրապարակից 16 կմ շառավղով տարածքում բնակչության թիվը 2006թ. հաշվարկվել է մոտ 228000, որից 51 տոկոսից ավելին` բնակվում է գյուղական վայրերում: Հրապարակից 50 կմ շառավղով տարածքում բնակվում է մոտ 2 միլիոն մարդ, որից 57 տոկոսը` Երեւան քաղաքում: Թուրքիայի բնակչությունը նույն 50 կմ շառավղով տարածքում 2005թ. գնահատվել է մոտ 124000 մարդ, որի համարյա կեսը բնակվում է Իգդիր քաղաքում:
Ներկայումս գնահատված ժամանակացույցի համաձայն` շինարարության համար կպահանջվի 48.5 ամիս: Նոր միջուկային բլոկի համար կայանի աշխատակազմը գնահատվել է 900 մարդ, որոնցից 280 աշխատող ընգրկված կլինեն շահագործող, իսկ 366-ը` սպասարկող անձնակազմում:
Օգոստոս 06, 2010
