

Արմեն Դավթյան, Հրապարակ
Կապանի ավագանու անդամ, ուրանի հանքերի դեմ առաջինը պայքար սկսած «Ազատամարտ» կոմիտեի անդամ Խորեն Հարությունյանի խոսքով, արդեն 10 օրից ավելի է, ինչ համայնքի ավագանու ուղերձը պաշտոնապես ուղարկված է կառավարություն, բայց պատասխան չկա: Հիշեցնենք, որ ավագանին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից խնդրել էր չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 2008թ. մարտի 6-ի թիվ 234-Ն որոշումը, որով նախատեսվում են ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում:
Ավագանու անդամը չի կարող ասել՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքո՞վ են շարժվում իշխանավորները, որ չեն պատասխանել ուղերձին, սակայն ինքն անձամբ երեկ եղել է Լեռնաձոր, Փիրմազա, Փուխրուտ գյուղերում, ու պարզվել է` որոնողական աշխատանքները վաղուց են սկսել: «Ճիշտ է, մեխանիզմներ դեռ չեն աշխատում, բայց փնտրում են եւ ոսկի, եւ պղինձ, եւ ուրան: Չնայած գյուղացիների պատմելով մեկ ամիս առաջ տրակտորներ էին աշխատում»,-ասում է Խ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ աշխատանքների մեծ մասը` 80 տոկոսը, արդեն ավարտվել է:
Հետաքրքիր է, որ անցած ամիս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասել էր, որ Լեռնաձորում թերեւս ուրանի պաշարները քիչ են: Եթե հիմա պարզվի, որ այլ մետաղներն են շատ, ապա «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն այդ պատրվակի տակ կսկսի ուրանի երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ: «Այդ դեպքում այլ ելք չկա, քան հավաքվել ու հետախուզողներին հանել տարածքից: Չպետք է թույլ տանք, որ մեզ աստիճանաբար դեպի մահ տանեն»,-ասում է Խ. Հարությունյանը:
Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությամբ անցած ազատամարտիկը հավատում է դեռ, որ իշխանությունները չեղյալ կանեն նախկինում ընդունված որոշումը ու հարկադրված չեն լինի հեռացնել հետախուզողներին Սյունիքից: Տարածքում աշխատող երկրաբանները պատմել են, որ եթե հաստատվի ուրանի պաշարների գոյությունը, ապա հորատանցքեր են փորվելու մինչեւ 50մ խորությամբ: Ամեն դեպքում, շարունակվում է նաեւ ստորագրահավաքը ուրանի հանքերի դեմ, ու արդեն 11 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել: “Ցանկացողները շատ են, հնարավորությունները՝ քիչ, կամավորների միջոցներով ենք իրականացնում, ֆինանսական միջոցները սուղ են, հազիվ ենք հասցնում ծերը ծերին”,-ասաց Խ. Հարությունյանը:
Օգոստոս 13, 2010
