

Արմենպրես
Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն Արմավիրի մարզպետարանի հետ միասին մարզպետարանում օգոստոսի 24-ին անցկացրեցին հանրային լսումներ` Հայկական ատոմային էլեկտրակայանի հրապարակում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հարեւանությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծանուցման վերաբերյալ: Նոր միջուկային էներգաբլոկը փոխարինելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արտադրող հզորությունը, որը ներկայումս ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 40 տոկոսը:
«Ի տարբերություն գործող բլոկի` այս նոր սերնդի բլոկը շատ ավելի հուսալի է եւ կյանքի տեւողությունն էլ 60 տարի է»,- ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը` նշելով, որ կառուցման համար կօգտագործվի լավագույն տեխնիկան: Ա. Գալստյանի խոսքով` շրջակա միջավայրի վրա կառուցվող բլոկի ազդեցությունը կլինի նվազագույնը եւ բոլոր համակարգերը կլինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Նոր փոխարինող բլոկը, ըստ տեղակալի, անհրաժեշտություն է ատոմային էներգետիկան զարգացնելու համար: «Հայաստանի եւ’ անվտանգության, եւ’ էներգետիկ անվտանգության տեսանկյունից մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել ատոմային էներգետիկան»,- ասաց Ա. Գալստյանը` շեշտելով, որ նոր բլոկի ստեղծման ուղղությամբ եւ’ նախագծային եւ’ բանակցային մեծ աշխատանք է կատարվել: ՀՀ-ում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը կահավորվելու է Ռուսաստանի Դաշնության ջրային էներգետիկական` 1060 ՄՎտ բրուտո հզորության, ԱԷԿ-92 նախագծի ռեակտորով, որը համալրված է անվտանգության պասիվ համակարգերով: ԱԷԿ-92 նախագծի ռեակտորային տեղակայանքը մշակված է Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության ատոմային էլեկտրակայաններին ներկայացվող պահանջների (ԵԷՊ), ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) օրենսգրքերի եւ ստանդարտների հիման վրա, եւ այն ստացել է ԵԷՊ-ին համապատասխանության հավաստագիր: ԱԷԿ-92 նախագծի միջուկային էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 60 տարի է: Նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը սկսվելու է 2011թ-ին` կառուցման հրապարակի նախապատրաստական աշխատանքներով: Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը կզբաղեցնի էներգետիկ նշանակության մոտ 74 հա հողատարածք, որն ամբողջությամբ ներառված է ներկայիս ՀԱԷԿ-ի հրապարակում եւ պատկանում է Հայաստանի կառավարությանը: Լրացուցիչ հողահատկացում չի պահանջվում: Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի աշխատակազմը գնահատվել է 900 մարդ: Ենթադրվում է, որ մեծամասնությունը բնակվելու է Մեծամորում:
Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի համար կիրառվելու է ներկայումս ՀԱԷԿ-ում շահագործվող նմանատիպ բնական քարշով հովացման աշտարակ եւ հավանաբար հովացման ջուրը վերցվելու է հրապարակից մոտ 7կմ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա ջրհավաք ավազանից (Լճակ պարզարան) եւ Սեւջուր գետից: Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը էլեկտրաէներգիա է հաղորդելու այն նույն 110 կՎ եւ 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերով, որոնք ներկայումս շահագործվում են ՀԱԷԿ-ի Բլոկ 2-ի համար. նոր 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը կմիացնի միջուկային նոր էներգաբլոկը Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ենթակայանի հետ: Հնարավոր է կառուցվեն նաեւ միջպետական նոր էլեկտրահաղորդման օդային գծեր:
ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՒ 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
NEWS.am
Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի շինարարությունը կարժենա ոչ թե 5, այլ մոտ 4 մլրդ դոլար։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նշենք, որ մի քանի օր առաջ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ասել էր, թե նոր ատոմակայանի արժեքը կազմում է 5 մլրդ դոլար: Արժեքների այս տարբերությունը էներգետիկայի փոխնախարարը բացատրեց նրանով, որ տեխնիկատնտեսական փաստաթղթերը դեռ լիովին պատրաստ չեն, ուստի փորձագիտական գնահատականներում հնարավոր են նման շեղումներ։
Ըստ Ա. Գալստյանի՝ վերջնականապես հաստատվել է, որ ատոմակայանի միջուկային ռեակտորը լինելու է ռուսական արտադրության, որում էլ հենց կայանում է Ռուսաստանի մասնակցությունը։ Փոխնախարարը, սակայն, դժվարացավ ասել, թե գումարային առումով, այդ մասնակցությունը որքան է կազմելու։
Ինչ վերաբերում է ատոմակայանի տուրբիններին ու ավտոմատիկային, ապա, փոխնախարարի տեղեկացմամբ՝ դրանք լինելու են եվրոպական կամ ամերիկյան արտադրության։ NEWS.am-ի այն հարցին, թե օտարերկրյա ինչ այլ ներդրողներ են մասնակցելու ատոմակայանի շինարարությանը՝ փոխնախարարը դժվարացավ պատասխանել, ասելով միայն, որ տարվում են բանակցություններ։ Փոխնախարարը նաեւ չկարողացավ հստակ նշել, թե երբ է սկսվելու ատոմակայանի շինարարությունը։ «Հույս ունեմ, որ դա կլինի 2011-ին»,- ասաց Ա. Գալստյանը։
Պարզ չէ նաեւ, թե որքան է կազմելու ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Հայտնի է, օրինակ, որ ռուսական տեխնոլոգիաներով Թուրքիայում կառուցվող ատոմակայանը էլեկտրաէներգիան կվաճառի 12 ցենտով (մոտ 44 դրամ)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նախատեսում է 20 տարում փոխհատուցել ատոմակայանի ներդրումային արժեքը, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիայի վաճառքի գինը կլինի բավականին բարձր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՏՈՒԿ ԿԱՓԱՐԻՉ ԵՒ ԹԱՔՍՏՈՑ
NEWS.am
Հայաստանի նոր ատոմակայանը կունենա հատուկ պահպանիչ կափարիչ եւ թաքստոց, ուր կարող է «ընկղմվել» լուրջ վթարների վտանգի դեպքում։ Այդ մասին այսօր` օգոստոսի 24-ին, Արմավիրում կայացած հասարակական լսումների ընթացքում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նրա խոսքով՝ ատոմակայանի կափարիչը կարող է անվնաս պահել կայանը աշխարհի ամենախոշոր ինքնաթիռի՝ A-380-ի հարվածի դեպքում։
Բացի այդ՝ կայանը կունենա կառավարման պասիվ համակարգեր, որը վթարային իրավիճակներում կկարողանա պաշտպանել կարեւոր վթարային հանգույցները։ Այս ամենը թույլ է տալիս մասնագետներին հայտարարելու, որ նոր կայանը կունենա անվտանգության բարձրագույն համակարգ։ Եթե տեղի ունենա ռադիոակտիվ նյութերի հետ կապված ծանր (արտանախագծային) վթար, ապա դրա ազդեցության առավելագույն տարածքը կընդգրկի ռեակտորից 3000 մ սահմանագծով տարածքը։ Նշենք, որ Երեւանը գտնվելու է ռեակտորից 32 կմ, Արմավիրը՝ 9,2 կմ, Մեծամորը՝ 4,6 կմ հեռավորության վրա։ Թուրքիայի սահմանից հեռավորությունը կազմում է 16 կմ։
Ըստ Արեգ Գալստյանի՝ նոր ատոմակայանի շահագործման տեւողությունը 60 տարի է։ Գործող ատոմակայանի շահագործման տեւողությունը 30 տարի է, վերջնաժամկետը 2017-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:
Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:
ՓՈՐՁԱԳԵՏ. ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
NEWS.am
Ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ թույլ կտա ոչ միայն լրացնել շահագործումից դուրս եկող ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բացը, այլեւ ավելացնել էժան էլեկտրաէներգիայի առաջարկը: Այդ մասին հայտարարել է «Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտ» հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Կոնդրատեւը, հաղորդում է EnergyLand.info-ն:
Նրա խոսքով, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության հարցում որպես գործընկեր Ռուսաստանի ընտրությունը պատահական չէ, քանի որ ռուսական նախագծով կառուցված Հայկական ԱԷԿ-ը պահպանեց իր աշխատունակությունը Սպիտակի երկրաշարժից հետո:
Միեւնույն ժամանակ, Սերգեյ Կոնդրատեւի խոսքով, կողմնակի ներդրողների ներգրավումը (որոնք կարող են ֆինանսավորել նախագծի 60 տոկոսը) թույլ կտա դիվերսիֆիկացնել ռիսկերն ու այլ շահագրգիռ խաղացողներ ներգրավել: «Օրինակ, իրանական ընկերությունները: Արդեն այսօր Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը բաժին է հասնում Իրանին»,- ասել է նա:
Երեւանում օգոստոսի 20-ին ստորագրվել է Հայաստանի տարածքում նոր ատոմային բլոկի շինարարության համաձայնագիրը Մոսկվայի եւ Երեւանի միջեւ: Ինչպես ստորագրման նախաշեմին հայտարարել էր «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել 5 մլրդ արժողությամբ նախագծի 20 տոկոսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր: Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:
Օգոստոս 25, 2010
