Պետրոս Սարուխանյան, Հայաստանի Հանրապետություն
Կանաչապատումը խոշոր բնակավայրի կենսագործունեության կարեւոր տարրերից մեկն է։ Կանաչ զանգվածները ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը հաճելի դարձնելու առումով են գնահատելի, այլեւ միկրոկլիմայի պահպանման եւ բարելավման գործիքներ են։ Պատահական չէ, որ ժամանակակից զարգացած քաղաքներում կանաչ շինարարությունը համարվում է թիվ մեկ անելիքը։ Առավել եւս կիսաանապատային կլիմա ունեցող Երեւանի համար առողջ «կանաչ թոքեր» ունենալը գերխնդիր է։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ, եւ ի՞նչ հեռանկարներ կան։ Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի հետ։
«Կանաչ Երեւան» ծրագրով այս տարի քաղաքում նախորդ տարվա համեմատ մեծացել է կանաչապատ տարածքների մակերեսը։ Զուգահեռաբար 25 կմ երկարությամբ նոր ոռոգման ցանց է կառուցվում՝ 400 մլն դրամ արժողությամբ։ Ծրագրով կանաչապատման նպաստավոր պայմաններ կստեղծվեն մի շարք փողոցներում։ Արդեն կատարված է աշխատանքների 30 տոկոսը։ Մինչեւ տարեվերջ ծրագիրն ամբողջությամբ կկատարվի։
Այս տարվա սկզբին շարք մտավ 0,3 հա մակերեսով նոր ջերմատունը (նախկինում եղածը 0,1 հա էր), որի շնորհիվ կտրուկ մեծացավ ծաղկասածիլների արտադրությունը։ Աճեցվել է շուրջ 600 հազար ծաղկասածիլ՝ տարբեր տեսակի։ Այս սածիլներով եւ սերմացանության եղանակով ծաղկապատվել է 5,2 հա ծաղկային տարածք։ Դա նախորդ տարվա համեմատ շատ է 1,2 հա–ով։ Իսկ արդյունքը, կարծում ենք, տեսանելի է. քաղաքի փողոցներում ավելի շատ են ծաղկամարգերը, մեծացել են խնամվող տարածքները։ «Նախատեսվում է եկող տարի եւս 0,7 հա–ով մեծացնել ջերմատան տարածքը։ Իսկ 1,1 հա ջերմատունն ի վիճակի կլինի բավարարել ոչ միայն մայրաքաղաքի պահանջները, այլեւ մարզային քաղաքներին աջակցել»,–ասում է Սուրեն Մաքսապետյանը։
Այս տարվա առաջին կիսամյակում Երեւանը ձեռք է բերել կանաչապատման ոլորտում անհրաժեշտ 103 միավոր տեխնիկա՝ 80 մլն դրամ արժողությամբ։ Գնվել են խոտհնձիչներ, բենզասղոցներ, զոդող ագրեգատներ եւ այլն։ Տեխնիկական պարկի նորացումը կնպաստի, որ վարչական շրջանների կանաչապատման տեղամասերն արդյունավետ կազմակերպեն իրենց աշխատանքները։ «Պատկերացնո՞ւմ եք, մինչեւ անցյալ տարի քաղաքում սիզամարգերը եւ այգիների տարածքների խոտը հնձում էինք... գերանդիներով։ Պարզապես ամոթ էր։ Այս նոր տեխնիկական հնարավորությունները ոչ միայն կհեշտացնեն գործը, այլեւ կբարձրացնեն աշխատանքի որակը, ինչը շատ կարեւոր է»,–նկատում է զրուցակիցս։
Ներկայումս Երեւան է ներկրվում բուսահող, որով նախատեսվում է բարելավել սիզամարգերի հողային ստրուկտուրան։ Գլխավոր դենդրոլոգի գնահատմամբ՝ եղած սիզամարգերի հողը հոգնած է եւ կարիք ունի թարմացման։ Մինչեւ տարեվերջ կներկրվի 8900 խմ բուսահող։ Աշնանը ցանքս կկատարվի բարելավված հողային ստրուկտուրայով սիզամարգերի վրա։ Այդպիսի աշխատանք գարնանը մասամբ կատարվել է։
Սիզամարգեր կստեղծվեն Շերամի–Բաբաջանյան փողոցներում, Երեւան–Զովունի ճանապարհի եզրերին, ինչպես նաեւ Իսակովի պողոտայի ձախ թեւում։ Աջ թեւի վրա արդեն կատարված է։ Ճիմապատման աշխատանքներ կատարված են նաեւ Սեւանի խճուղու վրա։ Այստեղ մոտ 1 հա տարածք է բարենորոգվել։ Կատարված է նախատեսված աշխատանքների 40 տոկոսը։ Իսկ մինչեւ տարեվերջ կկատարվի մնացածը։
Կանաչապատման անքակտելի մաս է ծառերի ձեւավորումը։ Չենք կարող ասել, թե Երեւանն այդ առումով բավարար աշխատանք կատարում է։ Այդուհանդերձ, ըստ Սուրեն Մաքսապետյանի, այս տարի ձեւավորվել է 15000 ծառ։ Ձեւավորման ընթացքում վերանում են վթարային, հիվանդ (չորացած) ճյուղերը, եւ ծառը վերագտնում է իր գեղեցիկ տեսքը։ Իսկ այն փաստը, որ ներկայումս քաղաքում շատ են դեռեւս վթարային ճյուղերից եւ չորուկներից չազատված ծառերը, զրուցակիցս մասամբ պատճառաբանում է անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունների պակասով, ապա հույս հայտնում, որ աստիճանաբար տեխնիկապես վերազինվող կանաչապատման տեղամասերն առաջիկայում կկարողանան լիովին կարգի բերել կանաչ տնտեսությունը։
Այսօր Երեւանն ունի 127 հա գազոնային տարածք, որի 60 տոկոսն է կանաչապատ։ Այս ցուցանիշը ե՞րբ կհասնի բավարար մակարդակի. «Նախորդ տարիներին ավելի ցածր էր ցուցանիշը, եղածը ապահովվել է 2009—2010թթ.։ Նոր բուսահողով գազոնները հարստացնելու ծրագրով նախատեսվում է ցուցանիշը բարձրացնել եւս 20 տոկոսով։ Իսկ մնացած 20 տոկոսը պետք է կրի ծրագրային բնույթ, այսինքն՝ կապիտալ աշխատանք պետք է կատարվի։ 2012—2013 թթ. պետք է քաղաքի գազոնային տարածքները կանաչ զանգվածով ապահովված լինեն»,–ասում է գլխավոր դենդրոլոգը։
Հասկանալի է, որ ավելի մեծ տարածքներ կանաչապատ դարձնելու համար ավելի մեծ ծավալի ոռոգման ջուր է հարկավոր։ Այստեղ խնդիրներ չե՞ն առաջանա։ Սուրեն Մաքսապետյանի գնահատմամբ՝ դա մեծապես պայմանավորված է եղած ջուրը խնայողաբար օգտագործելու գործոնով. «Այժմ ոռոգման ջրի 1 խմ–ն արժե 11 դրամ, հսկայական ֆինանսական միջոցներ են ծախսվում։ Այստեղ մեզ կարելի է քննադատել. առանձին դեպքերում տեղամասերում այնքան էլ ուշադիր չենք, եւ ջուրը հաճախ կանաչ տարածքը ջրելու փոխարեն ասֆալտն է «ջրում»։ Եթե քաղաքապետարանն աջակցում է, որ տեղամասերը ապահովվեն ջրով, նոր ոռոգման ցանցեր է կառուցում, ապա հարկ է խնայել ամեն մի լիտրը եւ այն ուղղել իր նպատակին։ Վերջին հաշվով այդ ջուրը Սեւանից է վերցվում։ Հոգատար վերաբերմունքի պարագայում, կարծում եմ, ջրի պակաս չի լինի»։
Այս տարի քաղաքային բյուջեից կանաչապատման ծրագրերի իրականացմանն է ուղղվել մոտ 1 մլրդ դրամ։ Գլխավոր դենդրոլոգը հույս ունի, որ եկող տարի ֆինանսական միջոցներն ավելի կմեծանան, քանի որ քաղաքապետարանը կարեւորում է ոլորտը։
Օգոստոս 27, 2010
