Լարիսա Փարեմուզյան, Հետք
Լոռու մարզի Թեղուտ համայնքի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» փոխանցեց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբական հողերի վերածելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի բյուջեին վճարվել է 117 մլն դրամ:
«Վերոնշյալ գումարից 15 մլն դրամը տրվել է 2008-ի ապրիլին, որով համայնքում տարբեր ծրագրեր ենք իրականացրել: Դա օգտագործել ենք գյուղի փողոցային լուսավորության, ջրատարների և գյուղապետարանի շենքի վերանորոգման նպատակով: Նաև գույք ենք ձեռք բերել մանկապարտեզի, մշակույթի տան և գյուղապետարանի համար: Այս ծախսերին գումարվել է նաև օտարված հողերից մի 6 մլն դրամը»,- պարզաբանում է գյուղապետը:
Աժ Վերահսկիչ պալատի անցյալ տարվա հունիս-հուլիս ամիսների ստուգումներից հետո պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքապետարանին գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբերության հողերի վերածելու հետ կապված պակաս է վճարել 86 մլն դրամ:
«Ընկերությունը 2010-ին վճարել է նաև այդ գումարը: Հիմա այս գումարներից ավագանու որոշմամբ 57 մլն դրամ ուղղել ենք համայնքում մանկապարտեզի նոր շենք կառուցելուն, որի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Վերջինիս նախահաշվային փաստաթղթերը պատրաստված են: Մանկապարտեզի շենքը 240 մ ընդհանուր մակերես ունի: Շենքը միահարկի է լինելու»,- տեղեկացնում է համայնքապետ Մելիքսեթյանը:
Թեղուտի մանկապարտեզը ներկայումս զբաղեցնում է գյուղի դպրոցի նախկին շենքը: Այն կառուցվել է անցյայ դարի 30-ական թվականներին: Գյուղապետի հավաստմամբ` միահարկ շենքը տեխնիկապես ամուր է, սակայն չի համապատասխանում մանկապարտեզային շենքի պահանջներին: Պարզվում է` դպրոցի հին շենքը կառուցվել է գյուղի Մանստև եկեղեցու սրբատաշ քարերով:
«Մանկապարտեզի նոր շենքի շահագործումից հետո հին շենքը չենք քանդի, թեև, եթե քանդեինք, լավ կլիներ. եկեղեցու քարերը կտեղափոխեինք եկեղեցի: Ավագանու հետ համաձայնության ենք եկել, որ շենքն օգտագործենք որպես հանդիսությունների տուն»,- ասում է Հարություն Մելիքսեթյանը:
Թեղուտի մանկապարտեզը շոգ եղանակի պատճառով ներկայումս չի գործում, բայց սեպտեմբերի 1-ից կաշխատի: Մանկապարտեզն այժմ ունի 15 երեխա: Գյուղապետի խոսքերով` հենց նրանց համար էլ կառուցվել է նոր շանքը, որովհետեւ գործողի ներքին հարմարությունները վատն են. «Բացի այդ, մենք մանկապարտեզի շենքը կառուցելիս մի քիչ հեռուն ենք նայում, քանի որ 2004-2005թթ.-ից սկսած` ամեն տարի գյուղի ծնունդների թիվը գերազանցում է 15-ը: Այսինքն, եթե մենք 2 տարիքային խումբ ենք բացում մանկապարտեզում, ռեալ ունենում ենք 35-40 երեխայի հաճախում»:
Թեղուտի համայնքապետն ասում է, որ կառուցվող մանկապարտեզի շենքի տարածքում կա 1900 քմ հողատարածք, ուր նախատեսվում է կառուցել երեխաների խաղահրապարակ: Մանկապարտեզի շինարարությունն իրականացնելու մրցույթը հաղթել է Վանաձորի «Պրիզմա-Վան» շինարարական կազմակերպությունը: Շինաշխատանքները պետք է սկսվեին մայիսին, սակայն մեկնարկել են մեկ ամիս ուշ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող տարվա փետրվարին:
Հ. Մելիքսեթյանը նաև նշում է, որ հողատարածքի նշանակության փոփոխության արդյունքում վճարված գումարներից մնացել է 40 մլն դրամ, որը կօգտագործեն գյուղի գազաֆիկացման համար. «Նախագծային աշխատանքներն արդեն կատարվում են: Նախահաշվային արժեքը շատ մեծ գումար է կազմում` շուրջ 450 մլն դրամ, քանի որ 18 կմ հեռավորությունից է կառուցվելու մեր գազատարը: Այդ գումարը, բնականաբար, մենք չունենք: Բայց այդ նույն գազատարից օգտվելու է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, և մենք նրանց հետ ակտիվ բանակցություններ ենք վարում: Գազատարի ֆինանսավորման դեպքում, բնականաբար, անհրաժեշտ գումարի առյուծի բաժինը կդնեն իրենք: Մեր հնարավորություններով էլ` մենք կմասնակցենք»:
Թեղուտի 400 հա վարելահողերից հանքավայրի շահագործման նպատակով 55,5 հեկտարն օտարվել է«Թեղուտ» ՓԲԸ-ին: Մնացածի վերաբերյալ գյուղապետ Մելիքսեթյանն ասում է. ««Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանք ունեցող մարդիկ գուղատնտեսությամբ գրեթե չեն զբաղվում: Ցավալի է, բայց շատ քչերն են զբաղվում: Նրանք մշակում են տնամերձ հողամասերը, իսկ վարելահողերը և խոտահարքները, կարելի է ասել` անուշադրության են մատնված»:
Գյուղում նվազել է նաև խոշոր եղջրավոր անասունների քանակը` հասնելով 180 գլխի: Ոչխարների թիվը մոտ 150 է: Ժանտախտի վերջին վարակից հետո գյուղում այլեւս խոզ չեն պահում: Թեղուտցիների մեծ մասը վաճառել են անասուները, եւ գյուղն աստիճանաբար փոխում է կարգավիճակը` վերածվելով արդյունաբերական ավանի:
Այս տարի համայնքի բյուջեն պլանավորվել է 14,3 մլն դրամ: «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի հաշվին 86 մլն դրամ փոխանցելուց հետո, բյուջեի մուտքերը կազմել են 97,1 մլն դրամ:
Գյուղապետ Մելիքսեթյանի ներկայացմամբ` գյուղատնտեսական նշանակության հողահարկի հավաքագրման խնդիրներ չեն ունենում. աշխատանք ունեցող թեղուտցիները բարեխղճորեն վճարում են հողի հարկերը:
Սակայն իրականում գյուղատնտեսական նշանակության հողերի հարկերի հավաքագրումը, հակառակ գյուղապետի հավաստիացումների, վատ է կատարվել: Պլանավորված 1,7 մլն դրամի փոխարեն հավաքագրումն օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 521 հազար դրամ, ինչը նախատեսված եկամուտների 30 տոկոսն է: Իսկ գույքահարկի հավաքագրումը 1 մլն դրամի փոխարեն կազմել է 178 հազար դրամ:
Այս թվերը, ըստ էության, բավական խոսուն է: Սակայն գյուղապետ Մելիքսեթյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ 90%-ով կկատարեն սեփական հարկերի հավաքագրումը:
Օգոստոս 30, 2010
