

ԷկոԼուր
Ամառային հանգստի շրջանն իսկական աղբավայրի է վերածում հայրենի բնությունը: Ավանդույթի համաձայն` մարդիկ բնության գիրկ են գնում սննդի պաշարներով, եւ հեռանալիս իրենց աղբը նվեր են թողնում բնությանը: Հանքավանի «Տաք ջրեր» տեղամասում ամենուր հյութի պլասմասե շշեր են, պոլիէթիլենային տոպրակներ, սննդի մնացորդներ, անգամ չհավաքված սեղաններ: Այս երեւույթը հայերիս համար այնքան բնական է, որ այդ աղբի կողքին հանգիստ նստում եւ ախորժակով վայելում ենք մեր բաժին խորովածը: Այս տեսարանին «Էկոլուր»-ն ականատես եղավ օգոստոսի 30-ին Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ (տես լուսանկարները): Մի կողմից հասկանալի է, որ շատերը սրտացավ չեն բնության նկատմամբ, չեն գիտակցում, որ պետք է բնությունը մաքուր պահել, մյուս կողմից էլ հանգստի վայրում խորոված անելու հարմարանքից բացի ոչինչ չկա` ոչ աղբաման, ոչ անգամ զուգարան: Իսկ նրանք, ովքեր իրենց աղբը հավաքում են, որ տունդարձին որեւէ աղբամաններում թափեն, ապա հաստատ աղբը հասցնում են մինչեւ Երեւան, որովհետեւ ճանապարհին ոչ մի տեղ աղբարկղ չկա: Ավելին, Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի բնակիչներն «ԷկոԼուր»-ին պատմեցին, որ իրենք իրենց աղբն այրում են, քանի որ աղբատարներ չկան:
Ցանկության դեպքում սակայն Կոտայքում կարելի է նաեւ մաքուր տարածքներ գտնել: Հանքավանի ճանապարհին` Մեղրաձորում, պիկնիկի եկածների համար հատուկ պայմաններ են ստեղծված` տաղավար, սեղան, նստարաններ, աղբյուր, խորովածի հարմարանք, սակայն այս «էլիտար» տարածքում հանգստանալու համար պետք է պարտադիր վճարես: Տաղավարն արժե 5000 դրամ: (Տես լուսանկարները): Նույնիսկ եթե սակարկես, միեւնույնն է, տարածքի տերը գնի մեջ չի զիջի. համոզված է` մեկ ուրիշն անպայման կվճարի:
Թե բնության աղտոտման, եւ թե հանգստիդ իրավունքը փողով քեզ վրա վաճառելու համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Վերահսկողություն չի իրականացվում, իսկ աղբն ու ապօրինի բիզնեսը ծաղկում են ու փթթում:
Օգոստոս 31, 2010
