ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ . ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ՞ՒՆ, Թ՞Ե ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔ

Սամվել Ավագյան, News.am

Որսորդությունը մարդու առաջին զբաղմունքներից է, ուստի զարմանալ պետք չէ, որ միլիոնավոր «քաղաքակրթված» մարդիկ դեռեւս պահպանում են նախնադարյան մարդու բնազդը։ Սակայն, ի տարբերություն նախնադարյան մարդու, ով որսորդություն էր անում գոյատեւելու համար, ժամանակակից մարդը որսորդությունը դիտարկում է որպես հոբբի կամ ժամանց, այնպես, ինչպես՝ քաղաքից դուրս խորոված անելը կամ որեւէ լեռնագագաթ հաղթահարելը։ Մարդու այդ թուլության վրա էլ ժամանակակից աշխարհում զարգացավ բիզնեսի այնպիսի տեսակ, ինչպիսին որսորդական բիզնեսն է։ Այն սկիզբ առավ 20-րդ դարի 20-ական թթ., երբ Իտալիայում եւ Ֆրանսիայում հիմնվեցին առաջին որսորդական տնտեսությունները, ուր որոշակի վճարի դիմաց կարելի էր որս անել։ Սակայն որսորդական բիզնեսի բումն սկսվեց 60-ականներին, երբ աֆրիկյան երկրները որսորդական զբոսաշրջությունը սկսեցին դիտարկել որպես եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Ուգանդան, Քենիան, Բոտսվանան եւ մի շարք այլ աֆրիկյան երկրներ որսորդական զբոսաշրջությունից հսկայական եկամուտներ են ստանում, որն այնուհետեւ ներդրվում է տնտեսության մեջ։ Ուգանդայում եւ Քենիայում այդ եկամուտների շնորհիվ հիմնվեցին ազգային պարկեր, որոնք կենդանիների համար որպես ապաստան են ծառայում։ Քենիայի Ազգային պարկում տարեկան մոտ 500 հազ. զբոսաշրջիկ է այցելում, ու այդ ողջ ենթակառուցվածքը զարգացավ հենց որսորդական բիզնեսի շնորհիվ։

Հայաստանում որսորդությունը նույնպես օտար խաղ չէ, սակայն որսորդական բիզնեսի զարգացման փորձերն, ի սկզբանե, ուղղվեցին ստվերի եւ անօրինականության դաշտ, իսկ կենդանական աշխարհը հսկայական վնասներ կրեց, քանի որ, որսրոդական բիզնեսն ուղղված էր Կարմիր գրքում գրանցված կենդանինների ոչնչացմանը՝ մուֆլոն, կովկասյան գորշ արջ, բեզոարյան այծ։ Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ որսորդական բիզնեսը դիտարկվում է ոչ թե տնտեսական քաղաքականության ենթատեքստում, այլ տարիներ շարունակ ծառայել է բարձրաստիճան անձանց քմահաճույքների բավարարմանը։

Ամեն ինչ սկսվեց 2004 թ., երբ կառավարության որոշմամբ, իտալական International Safaris corp ընկերությանը անհատույց եւ մշտական օգտագործման իրավունքով Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում հատկացվեց 2895 հա տարածք`«Եղեգիսի կիրճ» հատվածից, ինչպես նաեւ` Սյունիքի մարզի Գեղի եւ Դարմանաձոր համայքների որոշ հատվածներ: Այդ նվերը International Safaris corp-ը ստացել է էկոտուրիզմի եւ որսորդական տուրիզմի զարգացման նպատակով, սակայն նաեւ թույլտվություն է ստացել կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս, այդ թվում` գիտահետազոտական նպատակներով 8 տարեկանից բարձր մուֆլոնի (մինչեւ 5 կենդանի), բեզոարյան այծի (մինչեւ 5 կենդանի) եւ գորշ արջի (մինչեւ 2 կենդանի):

Այս որոշումից հետո էլ International Safaris corp-ը սկսում է գովազդային լայն արշավ` ողջ աշխարհից որսորդներին հրավիրելով Հայաստան: www.huntingreport.com կայքում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, որտեղ այս կամ այն որսորդը նկարագրում է Հայաստանում որսի նրբությունները։ Ընդ որում՝ որսի բոլոր դեպքերը վերաբերում են Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին։

International Safaris corp-ի նախագահ Սերխիո Դիմիտրեւիչը պատմում է, թե ինչպես է 2005 թ. բացահայտել Հայաստանում որս անելու մեծ հեռանկարները: Նա ասում է, որ գյուղատնտեսության նախարարությունից մի տարածք է վարձակալել, որտեղ ստեղծել է համապատասխան ենթակառուցվածքներ ու պահպանություն որսագողերից: Այդ ջանքերը հանգեցրել են նրան, որ վայրի այծերն ու ոչխարներն այլ վայրերից տեղափոխվել են այնտեղ, որպեսզի կեր գտնեն ու որսագողերից թաքնվեն:

Ինչ վերաբերում է որսորդության թույլտվությանը, ապա Ս. Դիմիտրեւիչն ասում է, որ նա դրանք օրինական ստանում է գիտահետազոտական նպատակներով: Այսպիսով` Ս. Դիմիտրեւիչը գրավոր վկայություն է թողել այն մասին, որ Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին օգտագործում է որսորդական բիզնեսում:

Սակայն առավել արտառոց է 2010 թ. հունվարին այդ նույն կայքում զետեղված մեկ այլ հոդված, որտեղ հոդվածագիրը գրում է այն մասին, որ Հայաստանում որսի գործակալ է հանդիսանում ոմն ամերիկացի Բոբ Քերնը, որն էլ պատմում է, որ Հայաստանում վերջերս բացվել է թվով չորրորդ որսահանդակը, այս անգամ` Իրանի սահմանի մոտ, որտեղ կարելի է շատ լավ ավար ստանալ: Հիմնական որստեսակներն են մուֆլոնը, բեզոարյան այծը եւ կովկասյան գորշ արջը, սակայն կարելի է որսալ նաեւ այծյամ, բորենի եւ ասիական կատուներ: Սակայն նշվում է, որ Հայաստանը չի կարող սպանված արջի արտահանման թույլտվություն տալ, քանի որ հանդիսանում է СИТЕС կազմակերպության անդամ, իսկ ահա մյուս կենդանինները դուրս բերելու հարցում խնդիրներ չեն առաջանա: Ավելին` Բ. Քերնը բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ` արջի արտահանման թույլտվություն ստանալու նպատակով: Բ. Քերնը ԱՄՆ որսորդների կոնսորցիումի նախագահն է, ամբողջ աշխարհում հայտնի է որպես որսորդական խաղերի կազմակերպիչ: ԱՄՆ Հյուսթոն նահանգի ֆեդերալ օկրուգային դատարանը նրա դեմ 2008 թ. դատական գործ է լսել` Ռուսաստանում անօրինական որս կազմակերպելու եւ ավարը անօրինական ԱՄՆ արտահանելու համար: Մասնավորապես` Բ. Քերնը մեղադրվում էր ուղղաթիռից կենդանի սպանելու մեջ, ինչը Ռուսաստանում արգելված է: Հայաստանում նման արգելք բնապահպանության նախարարի հրամանով սահմանվել է միայն 2009 թ. հունվարին, իսկ 2010 թ. փետրվարին Ազգային Ժողովը դա արգելել է նաեւ օրենքով:

Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը NEWS.am-ին իսկապես, հավաստեց, որ 2004 թ. գիտահետազոտական նպատակներով, մուֆլոնի որսի մի քանի թույլտվություն է տրվել, սակայն դա կատարվել է կառավարության որոշման մակարդակով: Բացի այդ` բնապահպանության նախարարությունը 2005 թ. վարազների որսի մի քանի թույլտվություն է տվել` աֆրիկյան ժանտախտի դեպքերn ուսումնասիրելու նպատակով: Դրանից հետո, ըստ Կ. Պապոյանի, նման թույլտվություններ այլեւս չեն եղել: Փաստորեն International Safaris corp-ի գործունեությունը Հայաստանում եղել է անօրինական։ Կ. Պապոյանի տեղեկացմամբ՝ արտասահմանից Հայաստան ժամանող որսրոդներին միայն ջրլող թռչունների որսի թույլտվություններ են տրվել։

ՀՀ Ազգային Ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանի տեղեկացմամբ` միայն 2010 թ. փետրվարի 2-ին ընդունած օրենքով վերջնականապես արգելվեց Կարմիր գրքում գրանցված կենդանինների որսը Հայաստանում: «Նախկին օրենքում կար կետ , որով թույլատրվում էր անվանական թույլտվությունների հիման վրա Կարմիր Գրքում գրանցված կենդանինների որս իրականացնել, բայց այդ կետը հանվել է»,- ասում է Հ. Պողոսյանը: Այսպիսով` 2010 թ. փետրվարից հետո Կարմիր գրքում գրանցված որսի ցանկացած դեպք հանդիսանում է օրենքի խախտում, նույնիսկ անվանական թույլտվություններ այլեւս չեն կարող տրվել: Սակայն International Safaris corp-ը շարունակում է Հայաստանում մուֆլոնների, բեզոարյան այծերի ու գորշ արջերի որս կազմակերպել:
Փորձագետների շրջանում միանշանակ կարծիք չկա այն մասին, թե ինչպես պետք է զարգացնել որսորդական բիզնեսը։ Օրենքn, օրինակ, թույլ է տալիս որսորդական տնտեսությունների հիմնել, բայց ինչ իմաստ ունեն դրանք, եթե բուծվող կենդանինների որս չի կազմակերպվելու։ International Safaris corp-ի գործունեությունը նաեւ որոշ դրական հետեւանքներ է ունեցել։ Օրինակ՝ էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը փաստում է, որ International Safaris corp-ին հատկացված տարածքում բեզոարյան այծերի քանակը շատացել է, դա կարելի է նույնիսկ նկատել անզեն աչքով, քանի որ Շատին գյուղում կա դիտակետ: «Եթե որսորդական տնտեսությունը լավ է կազմակերպված, դրա հիման վրա կատարվող որսն այնքան էլ բացասական երեւույթ չէ»,- ասում է Ժ. Գալյանը։ Սակայն խնդիրն այն է, որ որսից ստացվող եկամուտները չեն ծառայեցվում բնաշխարհի վերականգնմանը, իսկ մուֆլոնի եւ գորշ արջի վերարտադրությունը շատ ավելի բարդ է, քան բեզոարյան այծինը, քանի որ այդ կենդանիները չեն բավարարվում սահմանափակ արեալով, նրանց վերարտադրության համար շատ ավելի մեծ տարածքներ են պետք։ Այնինչ հենց մուֆլոնն է Հայաստանում որսի հիմնական օբյեկտը։ Նշենք, որ հայկական մուֆլոնը Կարմիր գրքի CR (ծայրահեղ վիճակ) բաժնում է, իսկ բեզոարյան այծը` երկրորդ (EN`անհետացման ապառնալիքի ներքո) խմբում:

Այսպիսով՝ Հայաստանին, իսկապես, հարկավոր է որսորդական բիզնեսի զարգացման ռազմավարություն մշակել, այնպես, որ որսորդությունը չդառնա ինչ-որ մեկի առանձնաշնորհը, իսկ կենդանական աշխարհը չվտանգվի։

Սեպտեմբեր 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր