

ԷկոԼուր
Զգուշանալով «Արգամիկ» ընկերության երկրաբանահետազոտական աշխատանքների հետեւանքով ջրից զրկվելուց` Ելփին գյուղի բնակիչները օգնության համար դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«Մեծարգո նախագահ
Ելփին գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի արեւմտյան սահմանագլխում, հանդիսանում է սահմանամերձ բնակավայր:
Ազգաբնակչության թիվը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ 1410 բնակիչ է` 265 բնակարանով:
Համայնքի հողերը ձգվում են ծովի մակերեւույթից 1540մ-ից մինչեւ 2900մ-ի սահմաններում, կլիման չոր կոնտինենտալ է, տեղումների տարեկան քանակը կազմում է 280-350մմ:
Համայնքը չունի ոռոգման եւ խմելու ջուր, բազմաթիվ անգամ տարիներ շարունակ ազգաբնակչությունը բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններ` գյուղի տարածքում ջրամբար կառուցելու համար, եւ ամեն անգամ էլ ստացել է մերժում, որի պատճառներից մեկն էլ տվյալ տարածքում քիմիական էլեմենտներով աղտոտված լինելն է: Խմելու ջրի խնդիրը բավարարելու համար դեռեւս անցյալ դարի 30-ական թթ. ազգաբնակչությունը կառուցել է արհեստական ջրամբար 40-50 հազար խմ տարողությամբ, որտեղ ջուրը լցվում է գետից վերցված խողովակների միջոցով: Ջրամբարից 50-100մ ներքեւ բնական ֆիլտրացիայի միջոցով դուրս են գալիս աղբյուրներ, որոնք օգտագործվում են` ազգաբնակչությանը խմելու ջուր մատակարարելու համար:
Գետը, որտեղից որ սկիզբ է առնում, ի սկզբանե աղտոտված է տարբեր տեսակի քիմիական էլեմենտներով, եւ այդ աղտոտված ջուրը բնական ֆիլտրացիայի միջոցով օգտագործվում է ազգաբնակչության կողմից խմելու եւ ոռոգման նպատակով: Բայց դա կարծես թե քիչ էր, վերջին ժամանակներում գետահովիտ են ներխուժում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տարբեր լիցենզիաներով օժտված անձիք, կազմակերպություններ (առանց որեւէ համաձայնագրերի, պայմանագրերի, հաշվի չառնելով սեփականատիրոջ իրավունքը, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի հոդված 70-ի 1-ին կետի 2-րդ, 5-րդ, 2-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ կետերի պահանջները) Ելփին համայնքի «Կեչուտ» հանդամասի տարածքում, որտեղից սկիզբ է առնում Ելփին գետը, տարբեր տեսակի հանքային էլեմենտների երեւակայական երկրաբանական հետազոտական աշխատանքներ կատարելու համար:
Լրացուցիչ հայտնում ենք, որ դեռեւս խորհրդային տարիներին այդ տարածքներում կատարվել են նմանատիպ հետազոտական աշխատանքներ, տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղների ինչ-որ պաշարներ` այդ թվում նաեւ ուրանի, ռադիումի, մոլիբդենի, սնդիկի, պղնձի եւ այլն:
Հարգարժան նախագահ, այս հանդամասում կատարվող ցանկացած հողային աշխատանքներ, էլ չասած հանքաշահագործում, արդեն իսկ մեծ վտանգ է գյուղի հետագա գոյատեւմանը եւ ոչ միայն, այլեւ Ելփինի գետահովտում գտնվող մնացած սահմանամերձ գյուղերի համար:
Ուզում ենք հիշեցնել նաեւ, որ «Կեչուտ» հանդամասի տարածքում է գտնվում ամբողջ Կովկասում եզակի կովկասյան կեչու ծառերի պուրակը եւ բազմաթիվ այլ բուսատեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:
«Կեչուտ» հանդամասում է 12-րդ դարի պատմական Կեչուտ գյուղի գերեզմանը, բազմաթիվ խաչքարեր, այստեղ են բնակվում Կարմիր գրքում գրանցված վայրի հնդկահավը (ուլար), մուֆլոնը, գորշ արջեր եւ շատ ու շատ այլ կենդանիներ:
Այստեղով են անցնում նաեւ վայրի կենդանիների միգրացիոն ուղիները:
Այս տարածքում են գտնվում ազգաբնակչության խոտհարքերը:
Տարածքից քիչ հեռու ավելի բարձր նիշերից վերցվել եւ գյուղ են տեղափոխվել նաեւ խմելու ջրեր, որոնք ցանկացած ցնցումի դեպքում կարող են անհետանալ:
Հարգարժան նախագահ, մենք դիմում ենք Ձեզ ոչ միայն որպես ՀՀ նախագահի, այլ նաեւ որպես մեծ հայրենասերի, որպես Հայոց երկրի Սիսական աշխարհի մարդու, որի մի մասն է կազմում Վայոց Ձորը:
Խնդրում ենք արգելափակել Ելփին գյուղի «Կեչուտ» հանդամասի տարածքում որեւիցե հանքարդյունաբերական հետազոտման աշխատանքները, հանձնարարել կառավարությանը ուղարկել հատուկ հանձնաժողով` ուսումնասիրելու տեղանքը, եւ մեր ամբողջական ազգաբնակչության խնդրանքով վերոհիշյալ տարածքը պետականորեն ճանաչել որպես արգելավայր կամ հատուկ պահպանվող տարածք:
«Կեչուտ» հանդամասը կարող է դառնալ ՀՀ լավագույն էկոտուրիզմի վայրերից մեկը:
Դիմումին կից ուղարկվում է համայնքի բնակիչների ստորագրությունները, «Կեչուտ» հանդամասի նկարները, ինչպես նաեւ Ելփին համայնքի ավագանու թիվ 07 արտահերթ նիստի որոշումը:
Հարգանքներով`
Ելփին համայնքի ազգաբնակչություն
28.08.2010»:
Սեպտեմբեր 03, 2010
