Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության վերականգնմանն ուղղված քաղաքական որոշումներն անընդունելի են

Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության վերականգնմանն ուղղված քաղաքական որոշումներն անընդունելի են

ԷկոԼուր

Չինական կողմի աջակցությամբ Հայաստանում հնարավոր է` կառուցվի ժամանակակից պղնձաձուլարան: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը և դրա հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական և սպառման շուկաների հարցեր։

Տիգրան Ավինյանն ընդգծել է ինչպես բնապահպանական ամենաբարձր չափանիշների պահպանման, այնպես էլ պարզապես հանքանյութի արտահանումից դեպի մետաղագործություն անցում կատարելու կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները պղնձաձուլարանի վերաբերյալ և անցնել առավել առարկայական քննարկումների փուլ։

Շարունակելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության վերականգնման թեման

Ինչպես հայտնի է, Ալավերդու պղնձաձուլական գործարանն անցել է ռուսական ՎՏԲ բանկին՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի չմարած պարտքի դիմաց, որի մեջ մտնում է գործարանը սեփականատեր «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությունը:

«Վալլեքս» խումբը 308 միլիոն դոլար վարկ էր վերցրել ՎՏԲ բանկից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համար, որն իրականացնում էր «Վալլեքս»-ի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Արդյունքում, ինչպես Թեղուտի հանքավայրն, այդպես էլ Ալավերդու պղնձաձուլական գործարանն անցան ՎՏԲ-ին:

«Թեղուտ»-ի ծրագիրը ղեկավարում է ռուսաստանցի գործարար Նորայր Պետրոսյանը: Ալավերդու գործարանը կանգնեցված է: Հայտնի է, որ ՎՏԲ-ն գործարանի վերաբերյալ բանակցություններ է վարում կառավարության հետ: Դատելով ելույթներից և հակիրճ տեղեկատվություններից՝ Ալավերդու գործարանի հարցում չի բացառվում քաղաքական որոշման կայացումը, ինչպես դա տեղի ունեցավ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերսկսման հարցի դեպքում:

Հիշեցնենք, որ Թեղուտի ծրագիրը վերսկսվեց 2019 թ-ին հուլիսին, առանց նոր թույլտվությունների, իսկ նախորդ թույլտվությունների փաթեթը ուժը կորցրել էր դեռ 2014 թ-ին: 2016 թ-ին ներկայացված նոր հայտը չէր ստացել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննական կենտրոնի դրական եզրակացությունը:

Հիմա Ալավերդու գործարանի մասին: 2017 թ-ին դանիական Pension Danmark կենսաթոշակային հիմնադրամը և Արտահանումների վարկավորման գործակալությունը (EKF) հանեցին 62 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկը՝ Թեղուտի հանքավայրում և կոմբինատում բնապահպանական և սոցիալական ստանդարտների անհամապատասխանության պատճառով: EKF-ի պաշտոնական կայքում մասնավորապես նշված է. «Գործարանում աշխատանքային պայմաններն ու անվտանգությունն ամբողջովին անընդունելի են... EKF-ն բազմիցս մատնանշել է հալեցման գործընթացում անհուսալի պայմանների մասին և հորդորել ընկերությանը բարելավել աշխատանքային պայմանները»:

Սակայն հարցը միայն աշխատանքային պայմանները չեն, այլ նաև Ալավերդու և նրա շրջակայքի աղտոտվածությունն արտանետումներով, որոնք պարունակում են ծծմբի, ազոտի օքսիդներ, թունավոր տարրերի և ծանր մետաղների խառնուրդներ:

Երկար տարիների ընթացքում «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը տրամադրվել են արտոնություններ արտանետումների նորմաների գերազանցման համար, որոնց շնորհիվ ընկերությունն ազատված է եղել խոշոր վճարներից:

Մեջբերենք փորձագետ Արամ Գաբրիելյանի կարծիքը, ով նախկինում ղեկավարել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը: Ըստ նրա՝ տարեկան 1170 տոննա արտանետումների նորմայի դեպքում ընկերությունն արտանետել է 25.000 տոննա, այսինքն, 17-20 անգամ ավելին: Արտոնությունները տրամադրվել են «ժամանակավոր արտանետումների քվոտայի» տեսքով: 2010 թ-ին ընկերությունն Ալավերդիից դուրս բերեց գործարանի խողովակը՝ տեղադրելով այն 298 մ բարձրության լեռան վրա՝ անտառային տարածքում:

«Տեղի ունեցավ հստակ մանիպուլյացիա, քանի որ ընկերությանը հաստատել էին 6000 տոննա արտանետման նորմա՝ խախտելով նորմավորման կանոններն՝ ավելացնելով խողովակի 20 մետր բարձրությանը նաև լեռան 298 մ բարձրությունը: Եթե արվեր արտանետումների ճիշտ հաշվարկ, ապա առավելագույն ծավալը պետք է կազմեր ոչ թե 6000 տոննա, այլ ընդամենը 50 տոննա:

Եթե հաշվի առնենք, որ արտանետումները կազմել են 25.000 տոննա, ապա իրականում սահմանային նորմայի գերազանցումը եղել է 500 անգամ: Ի լրացումն այս մանիպուլյացիոն հաշվարկների, ընկերությանը նորից տրամադրվեց գերարտանետումների ժամանակավոր քվոտա: Ժամանակավոր քվոտայի ժամկետն ավարտվեց  2017 թ-ին, և ընկերության նոր հայտը չհաստատվեց:

Աղտոտման արդյունքները հայտնի են: Չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության կազմակերպության վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ալավերդիում աղտոտումը ծայրահեղ բարձր է, չնայած գործարանը չի գործում ավելի քան մեկուկես տարի:

Ինչպես ներկայացրել են քիմիական անվտանգության «Արնիկա» չեխական ընկերության ծրագրով Լոռու մարզում աշխատած Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետները, ծանր մետաղներով աղտոտվածությունը մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, Ալավերդու տնային տնտեսությունների հավերի հավկիթներում:

Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչպիսի ներդրողի հետ են անցկացվում բանակցությունները, չի կարելի թույլ տալ շարունակել աղտոտել Ալավերդին: Անհրաժեշտ է անցկացնել տնտեսական, սոցիալական օգուտների և վնասների մանրակրկիտ վերլուծություն՝ հաշվի առնելով արդեն առկա աղտոտվածության ազդեցությունը մարդկանց առողջության վրա, և միայն դրա հիման կայացնել հիմնավորված որոշումներ:

13:50 Դեկտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news