Լարիսա Փարեմուզյան, Հետք
Ասում է ալավերդցի Լևոն Թամազյանը
Ալավերդցիները «Հետքին» դժգոհում են, որ տեղյակ չէին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի նախագծի» բնապահպանական մասի լսումներից, որը տեղի է ունեցել նախօրեին ՓԲԸ-ի վարչական շենքում:
Հիշեցնենք, որ ընկերությունը լսումների մասին հայտարարությունը տարածել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով:
«Ես «Հայաստանի Հանրապետություն» թերթը սկի չեմ էլ կարդում: Եթե տեղեկանայի, անպայման կմասնակցեի: Պղնձաձուլական գործարանի ծխնելույզի տեղափոխումըԿոշաբերդ սարի գագաթը, ինձ թվում է` մեր քաղաքի տարածքին և բնակչությանն առանձնապես բան չի տա` բնապահպանության առողջացման տեսանկյունից, որովհետև Ալավերդու ռելիեֆն այնպիսին է, որ մենք Դեբեդի կիրճում ենք և հիմնականում վտանգավոր արտանետումները գործարանի կոնվերտրային բաժանմունքից է նստում Ալավերդու վրա,- ասում է Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանը,- իհարկե, որոշ չափով արտանետումների սփռման տարածքը կմեծանա, և ազդեցությունը կթուլանա բնաշխարհի վրա: Ծխատարի բարձրացումն անպայման իր բացասական ազդեցությունը կունենա նաև Լալվարի անտառների վրա»:
Վ. Բեկթաշյանը մտահոգված է նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումից Ալավերդիում սպասվող բնապահպանական նոր խնդիրներով. «Բնականաբար, պղնձաձուլական գործարանում վերամշակվող հումքի ծավալը շատ կմեծանա, բայց բնապահպանական խնդիրները, կարծում եմ, էլ ավելի խիստ կսրվեն: Ալավերդիում բնապահպանական խնդիրների լուծման մեխանիզմներ, ակնհայտ է` «Վալլեքս»-ն այսօր չունի: Իրենք արտադրությունը կընդլայնեն, շահույթներ կունենան, կհարստանան, իսկ ալավերդցիներն ավելի շատ կտուժեն»:
Երիտասարդ ալավերդցի Լևոն Թամազյանը նույնպես տեղյակ չի եղել գործարանի ծխնելույզի տեղափոխման բնապահպանական մասի հասարակական լսումներից. «Որտեղի՞ց էի տեղյակ, ո՞վ ա մեզ շան տեղ դնում, իրանք ոնց ուզենան, էնենց էլ անում են: Եթե հրավիրեին, անպայման կգնայի, եթե մանավանդ աշխատանքից հետո լիներ կամ ընդմիջման ժամին: Ո՞նց կարող էր այդ լսումները մեզ չհետաքրքրեր, մենք ենք չէ՞ ապրում էս քաղաքում, էս օդը շնչում: Եթե ես չկարողանայի գալ, ապա մեր ընտանիքից մեկը կգար»:
Լևոն Թամազյանը նշում է, որ եթե լսումներին մասնակցեր, հանդես կգար առաջարկություններով, օրինակ` «ֆիլտրացիա դնեն, մի բան անեն, էդ կիսլատի դեմն առնեն: Թե չէ ոչ մի բան էլ չի փոխվելու. նույն գազը շնչելու ենք: Ուր ուզում ա բարձրացնեն, անձրևի հետ էլի գազն իջնելու ա: Պտի էդ ծխնելույզը հասցնեն Վրաստան, սարի էն կողմը, որ էդ գազը էլ դեսը չգա: Դա հաստատ իզուր ծախս ա: Արտանետումների տեսակետից քաղաքի վիճակը շատ վատ է, նորմալ չի: Օրվա ընթացքում շատ հաճախ թաշկինակով բերանս փակում եմ, նոր քայլում, որ կիսլատի համը չզգամ»:
Երիտասարդ ալավերդցին գտնում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո Ալավերտիում այլեւս հնարավոր չի լինի ապրել, ու քաղաքում կմնան միայն նրանք, ովքեր աշխատում են:
«Հայպետշին» թաղամասի երտասարդ բնակիչ Կարենն էլ նշում է, որ բնապահպանական տեսանկյունից Ալավերդիում ստեղծվել է «ցավալի» վիճակ. «Մեջլումյան Վալերիկն ալավերդցիների առաջ բնապահպանական առումով լուրջ մեղքեր ունի, ես նրան դատապարտում եմ»,- ասում է նա:
Ռաֆիկ Սարգսյանը նույպես շատ դժգոհ է քաղաքի բնապահպանական վիճակից: Նա նույնպես հասարակական լսումներից տեղյակ չէ, բայց լսել է խողովակի տեղափոխման հետ կապված պայթեցումների ձայները. «Ես գտնում եմ, որ ծխատար խողովակի տեղափոխումը նոր կատաստրոֆա է բերելու»,- նշում է նա:
«ՎԱԼԼԵՔՍ»-Ի ՇԱՀԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Լարիսա Փարեմուզյան, Հետք
Նախօրեին Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի» նախագծի բնապահպանական մասի հասարակական լսումներ, որին «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարները, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ու քաղաքապետարանի պատասխանատուները չէին մասնակցում:
Ավագանուց մասնակցում էր ընդամենը մեկ անձ: Չկար նաեւ Լոռու մարզպետը: Մասնակիցները մոտ 25 հոգի էին: Ընկերության պատասխանատուները քննարկումների մասին հայտարարություն են տարածել միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով, մինչդեռ բնակչության համար այն ավելի հասանելի կլիներ, եթե դա արվեր, օրինակ, տեղական «Անկյուն + 3» հեռուստաընկերության միջոցով:
Հայաստանում կարծես ընդունված չէ, որ բնապահպանական թեմայով նման կարեւոր քննարկումներին մասնակցեն Կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: ԱԺ պատգամավորներին Ալավերդիում բնակչությունը տեսնում է միայն ընտրությունների ժամանակ: Մինչդեռ լսումներին քննարկվելու էր ողջ Թումանյանի տարածաշրջանի բնապահպանական ստրատեգիական նշանակության խնդիր, որի վերահսկումը կառավարական մակարդակով մինչ օրս չի ապահովվում:
Ալավերդի քաղաքը մթնոլորտի աղտոտվածության համալիր ցուցանիշով` խիստ աղտոտված գոտի է, եւ էկոլոգիական վիճակը շատ մոտ է արտակարգ համարվելուն: Արտադրական պրոցեսներից առաջացող վնասակար նյութերի և դրանց համընդհանուր արտանետումների մեջ ամենամեծ ծավալը` 99,4%-ը, կազմում է ծծբի երկօքսիդը: Կան նաև քաղցկեղածին մասնիկներ. կապար, պղինձ, արսենիում, ցինկ, մագնեզիում:
Այս տարի Ալավերդու առողջապահական կենտրոնում արդեն գրանցվել են 439 չարորակ ուռուցք ունեցողներ, մինչդեռ նախորդ տարի նմանատիպ հիվանդները 380-ն էին: Ալավերդցիների համար կարեւորագույն խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի հարցը: Այսօր պղնձաձուլական գործարանում աշխատում է մոտ 600 մարդ:
Հանքահումքային արտադրության մեջ ամենաէժան աշխատուժն Ալավերդիում է: Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարների` գործարանում միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է: Սակայն իրականում վարչական ապարատի աշխատողների աշխատավարձն առանձնացնելու դեպքում, ամսվա կտրվածքով, բանվորական աշխատուժի աշխատավարձը կկազմի մոտ 70-80 հազար դրամ:
Ալավերդիում, ըստ էության, մանր ու միջին ձեռներեցությունը խթանելու համար համալիր միջոցառումներ չեն իրականացնում, ինչը կարող է ապահովել նոր աշխատատեղեր և քաղաքի աշխատանքային շուկայում սասանել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության միահեծան դիրքերը: Այդուհանդերձ, «Վալլեքս» -ում հասկանում են, որ ստեղծված բնապահպանական վիճակն Ալավերդիում երկար չի հանդուրժվի:
Թեղուտի ծրագրի հետեւանքով ֆինանսական դժվարություններ կրող ընկերությունն առաջարկվող նախագծով` Ալավերդիում բնապահպանական խնդրիրների լուծման պատրանք է ստեղծում, որն իրականում «Լալվարի» անտառների ու տարածաշրջանի առանձին բնակավայրերի համար 2,5 կմ շառավիղով դառնալու է բնապահպանական նոր սպառնալիքների պատճառ:
«Ձեռնարկությունը փորձում է թեթևացնել այն ազդեցությունը, որ ունի պղնձաձուլական գործարանն այսօր Ալավերդու վրա: Դրա համար որպես միջոցառում ընտրվել է գործարանի ծխատար խողովակի տեղափոխումը գործարանի տարածքից դեպի մոտակա սարի` Կոշաբերդի գագաթը: Նոր նախածխանցք է կառուցվելու, որը լինելու է 918 մ, և որի հիմնականում մի մասը` 100 մետրն անցնելու է վերգետնյա»,- հավաստիացրեց լսումների հիմնական բանախոսը` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանը:
Ի՞նչ կտա ծրագիրն Ալավերդի քաղաքին: Հռետորական իր այս հարցին Հ. Նիկողոսյանը կոնկրետ չպատասխանեց, այլ մեկնաբանեց, թե ինչու է ընկերությունը ընտրել հատկապես խողովակը տեղափոխելու ճանապարհը: Նա ներկայացրեց ծծմբի երկօքսիդի մաքրման այն հնարավոր եղանակները, որով որոշ չափով կարելի էր նվազեցնել արտանետումների քանակը Ալավերդիում:
Ալավերդու բնապահպանական վիճակը մեղմելու տարբերակներից մեկն արտանետվող գազերից ծծմբական թթվի ստացումն է, որի համար անհրաժեշտ է ունենալ ծծմբի երկօքսիդով հագեցված գազեր:
«Ծծմբական թթվի ստացման ընթացքում գազերը ենթարկվում են լվացման: Ծանր մետաղներով, մկնդեղով և այլ աղտոտող նյութերով հագեցած ջրերն ուղղվում են մաքրման: Արտադրական ջրերի մաքրումից ստացված նստվածքը, որը պարունակում է նաև մկնդեղ, արգելվում է կուտակել պոչամբարներում կամ շլամի կուտակիչներում և ենթակա է թաղման բետոնյա խուցերում` այդ նպատակով հատկացված հատուկ պոլիգոններում: Իսկ մաքրման կայանի պարզվածքն արտանետվելու է Լալվար կամ Դեբեդ գետը»,- մանրամասնում է Հ. Նիկողոսյանը:
Փաստորեն, գազերից մկնդեղը կորզելուց հետո ընկերության համար խնդիր է դառնալու նստվացքների տեղավորումը: «Այսինքն` նորից մկնդեղի գերեզմանոցի հարցն է բարձրանում: Բացի այդ` ՀՀ շուկան չունի ծծմբային թթվի անհրաժեշտ քանակի պահանջ և սպառման համար անհրաժեշտ կլինի փնտրել շուկաներ հանրապետությունից դուրս»,- շարունակում է Նիկողոսյանը: Նա նաև նշում է, որ գազերի մաքրման ընդունված հաջորդ եղանակը գազերի չեզոքացումն է հիմնային լուծույթներով (կրակաթ, նատրիումի հիդրօքսիդ), գազային ամոնիակով և այլն:
Այս երկու եղանակներից ցանկացածի ներդրումը պահանջում է մի շարք խնդիրների լուծում, այդ թվում` չզտված պղնձի ստացման նոր տեխնոլոգիայի ներդնում, հատուկ «պոլիգոնի» ստեղծման համար տարածքի հատկացում և թույլտվություն տվյալ վայրում մկնդեղի նոր գերեզմանոց տեղակայելու համար: Անհրաժեշտ է նաեւ գազերի չեզոքացման համար արդիական տեխնոլոգիաների ներդնում, այսինքն` «Վալլեքս»-ից պահանջվում են մեծ ֆինանսներ:
Ուստի ընկերությունն ավելի նպատակահարմար է գտել, որպես ժամանակավոր միջոցառում, իրականացնել ծխատար խողովակի բարձրացումը սար, ինչը, ըստ Նիկողոսյանի, հնարավորություն կտա Ալավերդիում մոտ 10 անգամ նվազեցնել գազի արտանետումները:
ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանի հարցադրումից պարզվեց, որ տարեկան 12 000 տոննա չզտված պղինձ արտադրող գործարանի ծխատարից նույն ընթացքում 8,7 տոննա մկնդեղ է արտանետվում Ալավերդու մթնոլորտ:
Ռաֆիկ Ղազինյանը հաշվարկում էր, թե 5 տարի անց` Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո, երբ Ալավերդու պղնձաձուլական գործարանում տարեկան կվերամշակվի մոտ 30 հազար տոննա խտանյութ, որքան մկնդեղ և քաղցկեղածին այլ նյութեր կարտանետվեն Ալավերդու մթնոլորտ, և այդ դեպքում ինչո՞վ կօգնի Կոշաբերդ սարի ծխատարը:
Լսումների ընթացքում Ալավերդի քաղաքում բնապահպանական խնդիրների արմատական լուծման պահանջ չդրվեց: Բանավեճեր, բնականաբար, չծավալվեցին. Թելադրողը շարունակում են մնալ «Վալլեքս»-ի շահերը:
Սեպտեմբեր 02, 2010