

ԷկոԼուր
«Ամբողջ Ալավերդու լանջերն անտառազուրկ թփուտներ են, որոնք, իհարկե, առաջին հերթին լեռնահանքային արդյունաբերության գործարանից (Ալավերդու պղնձաձուլական գործարան) արտանետվող ծծմբի գազի` SO2-ի ազդեցության հետեւանքով է, որովհետեւ պղնձի հանքաքարը բովելու ժամանակ հիմնականում այդ գազն է առաջանում, իսկ SO2-ը մթնոլորտում անձրեւաջրի մեջ կամ մթնոլորտի խոնավության հետ լուծվում է, դառնում ծծմբական թթու, որը նստում է տերեւի վրա, փակում է տերեւի հերձանքը, որով տերեւը շնչում է, եւ եթե երեւույթը շարունակական է, ապա մեկ-երկու տարվա ընթացքում արդեն ծառը կամ թուփը շարքից դուրս է գալիս ֆիզիոլոգիապես, չորանում է եւ մահանում է»,- այս մասին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը:
Հիշեցնենք, որ Ալավերդու բնապահպանական ծանր վիճակը մեղմելու նպատակով մի քանի տարի առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը 780 մ բացարձակ բարձրությունից տեղափոխվեց 1078 մ բացարձակ բարձրության վրա` Կոշաբերդ սարի գագաթ, որտեղից ծուխը տարածվում է անտառի վրա:
ԷկոԼուրը հարցրեց, թե արդյոք ռիսկ կա, որ մենք այդ անտառը կորցնենք, քանի որ ծխատարը, փաստորեն անտառի մեջ է: Հովիկ Սայադյանը պատասխանեց. «Եթե ֆիլտրներ տեղադրվեն, իհարկե, նվազագույնի կհասցվի ռիսկը, բայց եթե ոչ, ապա վտանգը մնում է»:
Ապրիլ 17, 2013 at 14:46
