Լարիսա Փարեմուզյան, «Հետք»
Oգոստոսի 28-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) GRID-Arendal կենտրոնը (Նորվեգիա) ԳԵՈ-քաղաքներ ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «ԳԵՈ Ալավերդի. Շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը» հետազոտության քննարկում, որին մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ԵՀԱԿ Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրի ծառայող Գոհար Ղազինյանը, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, լրագրող Ինգա Զառաֆյանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ACP) բնապահպան Սուրեն Երիցյանը, ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցներ, Ալավերդու բնապահպանական ՀԿ-ների ղեկավարներ:
Հետազոտությունը ներկայացրեց «ԳԵՈ Ալավերդի» ծրագրի կոորդինատոր Գևորգ Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ հետազոտությունը որպես գիրք կհրապարակվի ԵԱՀԿ-ի կողմից: «ԳԵՈ-Ալավերդի» ծրագիրը կապահովի հանրային իրազեկումը:
«Ծրագրով բարձրացված հիմնախնդիրները կուղարկվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի դառնան որոշումներ, բացի այդ ծրագիրը կօգնի հիմնավոր որոշումների կայացմանը»,- ասաց Գ.Նազարյանը:
Նա ներկայացրեց Ալավերդի քաղաքի ուրբանիզացիայի պատմական գնահատականը, տնտեսական նկարագիրը, ժողովրդագրությունը, հանրային և սոցիալական ծառայությունների նկարագիրը:
Տպավորիչ էր քաղաքի շրջակա միջավայրի ընդհանուր բնութագիրը, շրջակա միջավայրի ներգործությունը և ապագայի հեռանկարները ներկայացնող հետազոտության հատվածը, ըստ որի` 2007թ.-ին արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը հանրապետության մի շարք քաղաքների հետ համեմատած Ալավերդիում կազմել է ամենաբարձրը` 25176,2 տ, Երևանում՝ 2989,9տ., Արարատում՝ 1776,3տ, Հրազդանում՝ 1680,9տ, Վանաձորում՝ 53,4տ, Գյումրիում՝ 36,8տ:
Ալավերդիում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 99,4%-ը կազմում է ծծմբային անհիդրիդը (25021,4տ), 0,1%-ը ածխածնի օքսիդը (27,4տ): Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 38,6տ:
Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 196,8տ: Քաղաքում ներկայումս գործող արտադրական կազմակերպություններից մթնոլորտի վրա առավել ազդեցություն է թողնում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է զուտ պղնձի արտադրությամբ և ունի վտանգավորության առաջին դաս:
Գևորգ Նազարյանը ներկայացրեց նաեւ Ալավերդի քաղաքի ջրային ռեսուրսների վիճակի բնութագիրը:
«Ալավերդի քաղաքում գետի աղտոտումը հիմնականում պայմանավորված է կենցաղային կեղտաջրերի առանց մաքրման արտահոսքով, գետի մեջ կենցաղային կոշտ թափոնների և արդյունաբերական աղբի ուղղակի արտանետմամբ»,- ասաց բանախոսը:
«ԳԵՈ Ալավերդի» ծրագրի բնապահպանական հրապարակումներին անհնարին է ծանոթանալ առանց ծանր մտորումների:
«Ալավերդին հողասակավ համայնք է: Քաղաքի տարածքն ունի էրոզացվածության տարբեր աստիճան: Դեբեդի կիրճում անքամի եղանակներին տեղի է ունենում վնասակար (ծծմբային) միացությունների նստեցում և շրջակա հողերը ենթարկվում են գազային էրոզիայի: Պղնձաձուլարանի տարածքը 3կմ շառավիղով առավել մեծ չափով վարակված է ծանր մետաղներով, որոնց պարունակությունը 20-40 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը` 32,3 անգամ բարձր է պղնձի, 16 անգամ կապարի կոնցենտրացիաները»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավարը:
Ալավերդու էկոհամակարգում լուրջ վտանգներ է ներկայացնում խորհրդային տարիներից առ այսօր օգտագործվող մկնդեղի պահեստարանը, որը շարունակում է մնալ անվերահսկելի:
Գևորգ Նազարյանը հետաքրքիր հիմնավորումներ ներկայացրեց կյանքի որակի և բնակչության առողջության, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վրա էկոլոգիական ներգործությունների վերաբերյալ, որոնցից առանձնապես ուշագրավ էր վերջին տարիներին Ալավերդիում բնակչության մոտ արձանագրված չարորակ նորագոյացությունների դինամիկան:
«Ալավերդու առողջության կենտրոնում հետազոտված հիվանդների թիվը 2004-2008թ.թ. ընթացքում աճել է 1,5 անգամ: Աճի միտումները վերաբերում են վարակիչ հիվանդություններին, նորագոյացություններին, շնչառական օրգանների հիվանդություններին: Զգալիորեն աճել է նյարդային հիվանդների թիվը»,-փաստում է հետազոտությունը:
Ալավերդու բնակչության առողջության շրջակա միջավայրի ազդեցության տպավորիչ փաստ էր նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հանրապետական ուռուցքաբանական վիճակագրական խմբի ղեկավար Պ.Պողոսյանի կողմից կատարված, բնակչությամբ և տարածքով գրեթե նման, Ալավերդի և Գավառ քաղաքների համեմատական վերլուծությունը:
Գավառն երբևէ արդյունաբերական կենտրոն չի համարվել: Միայն 2008թ.-ի համեմատությամբ Ալավերդիում չարորակ ուռուցքով հիվանդ բնակիչների թիվը 100000 մարդուն ընկնող հիվանդացության դեպքերի հաշվով կազմել է 331,3, Գավառում` 139,5:
Ուսումնասիրության արդյունքներով քաղցկեղով հիվանդների քանակը Ալավերդիում տարեցտարի ավելանում է և զարգացման միտում ունի:
Գևորգ Նազարյանը, հիմնվելով շահագրգիռ կողմերի հետ նախկին քննարկումների վրա, ներկայացրեց նաև Ալավերդի քաղաքի զարգացման ապագայի հեռանկարները: Այս նպատակով դիտարկվում էր երեք սցենար` իներցիոն, վատատեսական և լավատեսական:
Իներցիոն սցենարով, որը ենթադրում է առկա վատագույն միտումների որոշակի մեղմացում` հաշվի առնելով պետական կառավարման մարմինների ու տեղական ինքնակառավարման համակարգի հակազդեցության ներկայիս մակարդակը, Ալավերդին աստիճանաբար վերածվում է էկոլոգիական աղետի գոտու, որի հետևանքով կանխատեսվում է, որ բնակչության թվաքանակը հաջորդ 20 տարիների ընթացքում կնվազի 40%-ով, Ալավերդու անտառապատ տարածքները կնվազեն 20%-ով, իսկ առկա բուսականությունը ամբողջությամբ թունավորված կլինի: Կմեծանա համաճարակների հաճախականությունը:
Վատագույն սցենարի կանխատեսումների համաձայն, երբ որևէ միջոցառումներ չեն ձեռնարկվում շրջակա միջավայրի վիճակի բարելավման ուղղությամբ, պղնձաձուլական գործարանը շարունակում է գործել և նույնիսկ մեծացնում է արտադրության ծավալները (քանի որ աճում են պղնձի համաշխարհային գները) ու թունավոր արտանետումները չեն կորզվում, այս պարագայում կանխատեսվում է քաղաքի լրիվ կործանում: Բնակչության շրջանում տեղի կունենան գենային մուտացիոն երևույթներ: Անդառնալի կորստի կմատնվի առկա կենսաբազմազանությունը: Փոփոխությունների կենթարկվեն քաղաքի կլիմայական և աշխարհագրական պայմանները:
Լավագույն սցենարի համար կանխատեսված է զարգացման երկու տարբերակ. առաջին, եթե պղնձաձուլական գործարանը գտնում է բնապահպանական նորմերն ապահովող տեխնոլոգիական լուծում և շարունակում է իր աշխատանքը:
Այդ դեպքում Ալավերդին կվերածվի արդյունաբերական զարգացած քաղաքի, կզարգանան գործարանը սպասարկող ենթակառուցվածքներ, կբացվեն նոր աշխատատեղեր:
Երկրորդ տարբերակով առաջարկվում է գործողություններ, եթե գործարանը փակվում է: Կառավարությունը պետք է մշակի ծրագիր, հնարավորինս նվազեցնի սոցիալական վիճակը 600-ից ավելի մարդ գործազուրկ դառնալու պատճառով:
Ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է, օրինակ, գործազուրկներին ներգրավել շրջակա միջավայրի աղտոտումից մաքրման աշխատանքներում:
«ԳԵՈ Ալավերդի» ծրագիրը Ալավերդու էկոլոգիական վիճակը ներկայացնելուն զուգահեռ նաև խնդիրների լուծման համալիր առաջարկություններ է ներկայացնում ՀՀ կառավարությանն ու Ալավերդու քաղաքապետարանին, որտեղ կարևորվում են կառուցապատված աղբավայրի և աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, Մադանի մկնդեղի գերեզմանոցի պատշաճ կառուցապատումն ու կոնսերվացումը և բնապահպանական այլ լուծումներ:
Հետազոտությունը քնարկելու ընթացքում «Օրհուս» կենտրոնի կոորդինատոր Ռ.Միրզոյանը ասաց. «Փաթեթը ծանր տպավորություն է թողնում, երբ ընթերցում ես, ուզում ես անմիջապես քաղաքից թողնես ու հեռանաս»:
Բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով «Հետազոտությունը օբյեկտիվ էր կազմված և շատ աշխատանք է կատարված»: Տկն. Զառաֆյանը նաև խոստացավ, որ հետազոտությունը կզետեղվի «Էկոլուր» ՀԿ պաշտոնական վեբ-կայքում և կօգտագործվի որպես փորձագիտական գնահատական:
Վերջում մասնակիցները միաձայն հաստատեցին հետազոտությունը և համաձայնեցին հրապարակման համար:
Սեպտեմբեր 10, 2009