Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ

ԷկոԼուր

«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ֆեյսբուքյան իր էջում Արթուր Գրիգորյանը գրել էր.

«Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբա դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլտրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչու՞ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել...

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվողմարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանիոր նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝

- Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:

-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:

-Կառավարությունից...

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետքէ հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:

2. Որպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա ենեկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելուհամար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա:

Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այսկառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:

Իր հերթին Հայկ Մարտիրոսյանը գրել էր. «Ես՝ ինքս, լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:
Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից:

Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու խոսքեր ու խոստումներ միայն շաղ տվող շաղակրատ իշխանությանը:

Անհրաժեշտ է բոլոր կառուցողական քաղաքական և անհատ ուժերի միավորում` հանուն Ամուլսարում Հայաստանի փրկության:

Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն այս կոռումպացված, նախկին ռեժիմի շարունակություն դարձած իշխանության վրա` Հայաստանը փրկելու համար:

Ողջ հասարակությունը պետք է ոտքի կանգնի»:

Օգոստոս 20, 2019 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր