ՀՔԾ-ն մերժել է քննել Թեհմինե Ենոքյանի հաղորդումը՝ ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

ՀՔԾ-ն մերժել է քննել Թեհմինե Ենոքյանի հաղորդումը՝ ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

ԷկոԼուր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քննել լրագրող Թեհմինե Ենոքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի:

Հիշեցնենք, որ Թեհմինե Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության դեմ վերջինիս կողմից բացարձակ անգործություն ցուցաբերելու, պետության և քաղաքացու շահը չպաշտպանելու և տեսչության դեմ կորպորատիվ շահեր ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հայցի դատական նիստերին չմասնակցելու համար:

Թեհմինե Ենոքյանի հաղորդմանն ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը նամակով տեղեկացրել է, որ տվյալ հաղորդման քննությունը ՀՔԾ-ի լիազորությունների շրջանակում չէ:

«Քննարկման արդյունքներով հայտնվում է, որ հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, քանի որ այն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում:

Միաժամանակ պարզաբանման կարգով հայտնվում է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննություն է իրականացնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով:

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասով սահմանված են նույն օրենքի իմաստով օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողները, պետական ծառայություն իրականացնող անձինք:

Ձեր դիմումում հիշատակված բնապահպանության և ընդերքի պետական տեսչության աշխատակիցները, այդ թվում՝ պետը, վերոհիշյալ սուբյեկտների շարքին չեն դասվում, հետևաբար՝ վերջիններից կողմից ենթադրաբար կատարված հանցագործության դեպքի առթիվ նախաքննություն կատարելու լիազորություն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չունի», - նշված է ՀՔԾ-ի պետի տեղակալի պատասխան նամակում:

17:42 Հոկտեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news