Կլուծվի՞ արդյոք Ամուլսարի խնդիրը հանրաքվեի միջոցով

Կլուծվի՞ արդյոք Ամուլսարի խնդիրը հանրաքվեի միջոցով

ԷկոԼուր

«Ամուլսարի խնդիրը մնում է արդիական համապետական հարց, այն անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և ՀՀ քաղաքացին ունի սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները որոշելու՝ արդյո՞ք Ամուլսարի հանքը շահագործվելու է, թե Ամուլսարը մնալու է սար: Հետևաբար, պատրաստվո՞ւմ եք արդյոք դուք հանրաքվեի դնել Ամուլսարի հանքը շահագործելու հարցը: Եթե այո, ապա ինչ ժամկետներում, եթե ոչ՝ ինչու», - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մարտի 4-ին Ազգային ժողովում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե կգանք քննարկումների արդյունքում, որ կա այդպիսի անհրաժեշտություն, մենք  որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա մենք այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»:

Արձագանքելով վարչապետին՝ պատգամավորը նշեց. «Քաղաքացիներն այս խնդիրը բարձրացնում էին տարբեր հարթակներում, և ասում էին, եթե կառավարությունը չի կարողանում որոշում կայացնել և լուծել սարի ճակատագիրը, այդ որոշումը կկայացնենք մենք: Բազմիցս հնչել են առաջարկներ՝ դրեք այդ հարցը հանրաքվեի: Այն ժամանակ դեռ նույնքան ակտիվ չէր խոսվում ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիառելու մասին, վերջերս այդ գործիքը դարձել է շատ ակտուալ, և ես կարծում եմ, որ պահը հասունացել է, որպեսզի քաղաքացիները որոշեն՝ հանքը շահագործվելու է, թե՝ ոչ»:

«Եթե Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, օրինակ, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս հանրաքվե անել նաև քաղաքացիական նախաձեռնությամբ: Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա: Եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել: Դա զուտ իրավական հարց է, որին ես այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ 2018 թ-ի ամռանից Ամուլսար տանող բոլոր ճանապարհները փակ են տեղի բնակիչների և բնապահպանների կողմից, Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը՝ դադարեցված: Ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները պահանջում են ՀՀ կառավարությունից արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը իրագործել ծրագիրը:

Իր հերթին «Լիդիան»-ը, ապացուցակվելով Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով, հայտարարել է, որ շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց:

Վերջերս ընկերության համար «կանաչ» լույս վառեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ տրամադրելով Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց «Լիդիան Արմենիա»-ի հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտի 8 կետերը, որոնցից մեկով ընկերության դեմ հարուցված է քրեական գործ:

Զուգահեռ շարունակվում է դատական գործընթացը տեղի բնակիչների հայցի հիման վրա, որի պահանջն է չեղյալ ճանաչել Ամուլսարի ոսկու ծրագրի համար ընկերությանը տրված թույլտվություններն ու բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

15:13 Մարտ 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news